կարևոր
1378 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-28 16:47
Աշխարհ

Ադրբեջանն սպասում է հարմար պահի՝ Սյունիքը բռնակցելու և Իրանում անջատողականություն հրահրելու համար. Արամ Շահնազարյան

Ադրբեջանն սպասում է հարմար պահի՝ Սյունիքը բռնակցելու և Իրանում անջատողականություն հրահրելու համար. Արամ Շահնազարյան

Իրանում փորձագիտական շրջանակներն անընդհատ շեշտում են, որ անհրաժեշտ է խիստ զգուշավոր լինել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ վերջինս, ըստ նրանց, տարիներ շարունակ անուղղակի համագործակցության մեջ է եղել Իսրայելի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։

«Խոսքը միայն պատերազմից առաջվա տարիների մասին չէ. համագործակցությունը շարունակվել է նաև վերջին պատերազմների ընթացքում։ Իրանական փորձագետները նախազգուշացնում են, որ Ադրբեջանը հարմար պահի է սպասում՝ երկու նպատակ իրականացնելու համար՝ առաջինը՝ հայկական Սյունիքի բռնակցումը, երկրորդը՝ Իրանի թրքախոս նահանգներում քաղաքացիական ալիք ու անջատողական շարժումներ հրահրելը», — նշեց նա։

Շահնազարյանի փոխանցմամբ՝ Իրանի փորձագիտական շրջանակները միակարծիք են, որ այս իրավիճակին անհրաժեշտ է համարժեք արձագանք, սակայն նշում են, որ այդ արձագանքը պետք է տրվի ժամանակին. «Հիմա ժամանակը չէ․ առաջնահերթ է զգոնության պահպանումը և իրավիճակի վերահսկումը»։

Վերլուծաբանը նաև անդրադարձավ Իրանի հնարավոր գործողություններին, եթե Ադրբեջանը ագրեսիա իրականացնի Սյունիքի ուղղությամբ։ «Պետական շրջանակները, բնականաբար, հետևում են իրավիճակին։ Իրանը այժմ չի ցանկանում հավելյալ լարվածություն, բայց եթե Ադրբեջանը հատի սահմանագիծը, արձագանք անպայման կլինի։ Իրանը նախկինում էլ հայտարարել է, որ ցանկացած պետություն, որն ուղղակի կամ անուղղակի կմիանա տարածաշրջանային ագրեսիային, համապատասխան արձագանք կստանա։ Բայց ներկա պահին Իրանը նախընտրում է ավելորդ լարվածությունից խուսափելու քաղաքականություն», - ասաց նա։

Ինչ վերաբերում է այն սցենարին, երբ Ադրբեջանը շտապի և լայնածավալ հարձակում սկսի Սյունիքի ուղղությամբ՝ Շահնազարյանը նշեց․ «Դա արդեն կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար լրջագույն մարտահրավեր։ Այս դեպքում տրամաբանորեն Իրանը պետք է արձագանքի, քանի որ վտանգը նաև իր երկրի համար կլինի անդառնալի։ Արցախի օրինակը ցույց է տալիս, որ ադրբեջանական ներկայությունը սահմանակից տարածքներում հետագայում օգտագործվում է հենց Իրանի դեմ գործողությունների համար»։

Նրա խոսքով՝ Իրանի փորձագիտական շրջանակները նաև պնդում են, որ Ադրբեջանը օդային տարածք է տրամադրել Իսրայելին՝ Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար։ «Ինքս նյութական ապացույցներ չեմ տեսել, գուցե դրանք դեռ չեն հրապարակվում, բայց փորձագետները դրա վրա հատուկ ուշադրություն են դարձնում», - ընդգծեց Շահնազարյանը։