Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոնդոնի ոստիկանությունն ավարտել է այն երեկույթների հետաքննությունը, որոնք տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի Դաունիգ սթրիթի նստավայրում կորոնավիրուսային խիստ սահմանափակումների ժամանակ, եւ ներկայացրել է ընդհանուր առմամբ 126 տուգանք։ Այս մասին ասվել է հինգշաբթի մայրաքաղաքի ոստիկանական վարչության տարածած հաղորդագրությունում։
Ինչպես նշվել է հաղորդագրությունում, խոսքն այն ութ խախտումների մասին է, որոնք տեղի են ունեցել 2020թ. մայիսին, հունիսին, նոյեմբերին եւ դեկտեմբերին եւ 2021թ. հունվարին ու ապրիլին։
Ապրիլի սկզբին Սքոթլանդ Յարդում գրվել է ավելի քան 50 տուգանք վարչապետի նստավայրում եւ գրասենյակում երեկույթներին մասնակցածների համար։ Այլոց թվում այդ տուգանքները ներկայացվել են կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնին, նրա կնոջը՝ Քերիին եւ ֆինանսների նախարար Ռիշի Սունակին։ Ավելի ուշ The Guardian թերթը տեղեկացրել էր, որ վարչապետը կարող է եւս երեք տուգանք ստանալ, բայց այդ տեղեկությունը չի հաստատվել։ Ինչպես հինգշաբթի տեղեկացրել է Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչը, կառավարության ղեկավարին նոր տուգանք չի ներկայացվել։
Ջոնսոնը սկզբում հերքում էր ինչպես գործող կանոնների խախտումը, այնպես էլ իր մասնակցությունը երեկույթներին, բայց հետագայում հրապարակայնորեն ներողություն խնդրեց կատարվածի համար։ Ընդ որում՝ չանսալով ընդդիմության եւ սեփական կուսակցության որոշ անդամների կոչերին՝ նա հրաժարվեց հրաժարական տալ՝ ի թիվս այլ հարցերի վկայակոչելով նաեւ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը եւ դրա հետեւանքները Բրիտանիայի տնտեսության վրա, որոնք երկրի ղեկավարության մշտական ուշադրությունն են պահանջում։
Սքոթլանդ Յարդի տեղեկացմամբ՝ հետաքննությունը, որը մշտական հիմքով վարել են գերատեսչության 12 աշխատակիցներ, երկրի գանձարանի վրա 460 հազար եվրո է նստել։