կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 10:40
Քաղաքական

Ինչո՞ւ չենք կարող հաշտվել թուրքերի հետ. Զարևանդ

Ինչո՞ւ չենք կարող հաշտվել թուրքերի հետ. Զարևանդ

Հայ-թուրքական հարաբերությունների և, այսպես կոչված, «թուրքերի հետ հաշտեցման» քաղաքականության ուսումնասիրության վերաբերյալ, թերևս, հայոց նորագույն պատմության մեջ իր անգնահատելի տեղն ունի հայ հասարակական-քաղաքական գործիչ, գիտնական, ՀՅԴ անդամ Զարևանդը, որի անունը մնացել է Ռուբենի (Տեր-Մինասյան) և Շահան Նաթալիի ստվերում (նրանք նույնպես հայտնի են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց աշխատություններով)։

Այսպես, Զարևանդը իր «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ» աշխատության մեջ յուրովի է մեկնաբանում հանրության շրջանում պարբերաբար ի հայտ եկող «թուրքերի հետ հաշտեցման» քաղաքականությունը։

Ըստ նրա՝ երբ հայ հասարակությունն ու քաղաքական միտքը հիասթափվում են ռուսներից, անգլիացիներից ու ամերիկացիներից, որոնք հայերին մեծ խոստումներ էին տվել, բայց «Լոզանում ի հայտ դարձավ «արևմտյան քաղաքակիրթ ազգերու» դիմագծությունը, իսկ հայի արյունը ևս մեկ անգամ դարձավ սակարկության առարկա», հայ քաղաքական միտքը տարօրինակ կերպով իր պրպտումներում հանգում է հաշտության ձգտմանը՝ թուրքի հետ. «Թշնամիին, «ամենէն վտանգաւոր թշնամիին» հետ: Կարծես գոյութիւն ունեցած չըլլա՞ր երէկի թարմ-արիւնոտ անցեալը։ Կարծես գոյութիւն ունեցած չըլլա՜ր Հայ Յեղափոխութիւնը – անոր ծնունդ տուող ըմբոստ ոգին։ Կարծես հայ ժողովուրդը, չարաչար պարտուած իր բոլոր նպատակներուն մէջ, գլխիկոր կը վերադառնայ իր հայրերու ստրուկի իտէալին…»։

Զարևանդը նշում է, որ մենք միայն կիսով չափ ենք ըմբռնել Լոզանի դասը, հասկացել ենք, որ աչքներս Արևմուտքից պետք է թեքենք Արևելք՝ մեր ավելի մոտիկ շրջապատ, վերջապես ձեռք ենք բերել աշխարհագրական հասկացողություն։ Սակայն անգամ այդ դեպքում մենք նորից մեր փրկությունը փնտրում ենք ուրիշի մեջ, այս անգամ՝ դարավոր թշնամու։

«Խայտաբղետ է մեր հաշտասէրներու բանակը։ Ուղղահայեաց հատուած մը հայ ժողովուրդի վերին խաւերէն մինչեւ անոր լայնանիստ խարիսխը ցոյց պիտի տար, որ ամէն մէկ շերտէն նմոյշ մը կայ այդ բանակին մէջ. եթէ բանակ կարելի է անուանել զէնքերը նետած, ճերմակ դրօշը պարզած, դէպի անձնատուութիւն դիմող մարդոց բազմութիւն մը։

Օտարներ ալ կան այդ բանակին մէջ — վարձկան կամ կամաւոր, շահախնդիր կամ անկեղծ Ու ամէնը կ'աղաղակեն «Մոռնանք անցեալը. յիշելը մեղք է, անօգուտ, վնասակար…»: 

«Ներե՛նք»,- կը քարոզէ միսիոնարը, որուն համար առեւանգուած հայ կոյսն ու կինը քրիստոնէութեան անուղղակի առաքելուհիներ են Տիրոջ անիմանալի կամքով հարեմներ ուղարկուած Միսիոնարը, որուն համար հայ միլիոնաւոր նահատակներու արիւնը այն բարեբեր աստուածառաք անձրեւն էր, որով ոռոգուեցաւ հեթանոսներու սրտին կարծր հողը ու հերկելի դարձաւ Յիսուսի սերմնացաններուն համար։

«Ներենք»,- կը փութայ արձագանքել պատուելին, որուն աչքին մեր պատմութեան վերջին յիսնամեակի շարժումները յատկանշող նոր հաւատամքը՝ «միայն զէնքով կայ հայոց փրկութիւն», այն աններելի եւ մահացու մեղքն է, որուն համար Աստուածաշունչի յիշաչար ու վրէժ խնդիր Տէրը պատժեց ո՛չ միայն մեղանչողները, այլ ըստ իր բարի սովորութեան, անոնց եօթը պորտը – եւ ամբողջ անմեղ ժողովուրդ մը անոնց հետ։

Ըստ նրա՝ թուրքասերների կարծիքով, «հայերը եղի-մեղրի պես կապրեին թուրքերի հետ թուրքական հողի վրա» ու միայն «հայ ժողովրդի անսահման հիմարության պատճառով հայերը դարձան իմպերիալիստների գործիքը»։ Թուրքասերների կարծիքով «մեկ միլիոն զոհերի արյունոտ ուրվականը պետք է դուրս գան գերեզմաններից և ներողություն խնդրեն թուրքերից», «մենք պետք է անիծենք մեր անցյալը», «ամեն դժբախտություն բարդենք հայ ազգայնականների վրա»։ 

«Բայց կը զարմանայ բաց-աչքով տեսնող եւ պաղ-արիւնով խոր հող մարդը. հենց Զինովիեւի նախագահութեան տակ, Բագուի մէջ գումարուած արեւելեան ժողովուրդներու Միջազգայնականին մասնակ ցող թուրքը չէ՞ր, որ խլեց հայ գիւղացիութեան սեփական հողերը եւ սարքեց Ալեքսանդրապոլի ջարդը։ Այն ընկեր թուրքը, որուն Ալեքսանդրապոլի հայ բնակչութիւնը, անամօթ հայուհիի մը առաջնորդու թեամբ, դրօշակներով ընդառաջ գնաց»։

Երբ է պատահել, որ թուրք ժողովուրդը, մեկ մարդու պես, սիրով ու ուրախությամբ չի մասնակցել ջարդին ու ավարին։ Թրքասեր հայը, ըստ Զարևանդի, ուրանում է այս փաստը։ Մտահոգիչ է, որ պատվողականությունն ու հաշտամուրացությունը սողոսկել են հայ մտավորականության մեջ՝ սպիտակ դրոշի ներքո։

Հաշտասերների բանակն առկա է հայ հասարակության բոլոր խավերում, նրանց թիվը փոքրաթիվ է, ներկայացնում է «խոսելու և գրիչ բռնելու ունակ» փոքրամասնությունը։

Զարևանդը հայ ժողովրդի մեծ հատվածին անվանում է «Մեծ համր». «հայ ժողովրդի հսկա զանգված, որն ունակ չէ իր զգացմունքներն արտահայտել և գաղափարներ հոդավորել, չի զգում և չի խորհում»։

«Կա՞յ հայ մը, որու սրտին մէջ խոր վերք մը բացուած չըլլայ թուրքին եաթաղանը: Ո՞ր հայն է, որ հայր, մայր, քոյր, եղբայր, կին կամ նշանած, ընկեր կամ բարեկամ, ոեւէ սիրելի մը զոհ տուած չըլլայ թուրք խժդժութեան: Ինչպէ՞ս մոռնալ այդ ամէնը. ինչպէ՞ս ներել, ինչպէ՞ս սեղմել հարազատներու արիւնով ներկուած այդ գարշելի ձեռքերը...

Ոճիրի հանդէպ զայրոյթը ամենէն բնականն է զգացումներուն:

Որքան բնական է չարիքի համար զգալ սէր եւ երախտագիտութիւն, նոյնքան բնական է չարիքի դէմ լեցուիլ ատելութեամμ ու վրէժխնդրութեամբ:

Ոճիրի հանդէպ զայրոյթը զգացումներու ամենէն վսեմն է միանգամայն», - գրում է Զարևանդը։

Զարևանդը վերջում եզրակացնում է, որ մենք չենք կարող հաշտվել թուրքի հետո, որովհետև նախ թուրքը չի ցանկանում հաշտվել մեզ հետ։ 

«Իսկ ինչու թուրքը չի ցանկանում հաշտվել մեզ հետ։ Որովհետև իր գործած ոճիրների մղձավանջը հետապնդում է իրեն։ Որովհետև կվախենա հայի վրեժխնդրությունից ու ամեն մահափորձի ու դավադրության մեջ հայի մատ կտեսնի»,- գրում է նա։

Թուրքը չի ուզում հրապուրվել «արևելյան ազգերի համերաշխության» տեսլականով. թուրքը հրաժարվել է Թրակիայից, Սիրիայից, Պաղեստինից, Միջագետքից, իր արևմտյան և հարավային այլ նահանգներից, բայց չկամեցավ ոչ մի թիզ զիջել իր արևելյան նահանգներից։ Թուրքիան իր «Ազգային ուխտը» երդվեց հիմնականում Հայաստանի (տարածքների) վրա։

Զարևանդը հարցադրում է կատարում, թե ինչու Թուրքիան այդքան վախեցած չէ Հունաստանից, որքանով որ Հայաստանից.  ինչո՞ւ հայը, բոլորի մէջ այն ժողովուրդն է, որուն վրայ թուրքը կը նայի ամենէն աւելի ատելութեամբ եւ անհաշտ թշնամանքով»։

Եվրոպայից նայողի համար Թուրքիան նահանջող (փոքրացող) պետություն է, բայց Երևանից նայողի համար թուրքական ազգային շարժումը հորձանք է, որ «ուռելով կու գայ դէպի Արարատի ստորոտը»։

Թուրքիային և Ռուսաստանին այլևս չի բաժանում 1914 թ. սահմանը, այդ գիծը տեղափոխվել է դեպի արևելք և թուրքի աչքերը այդ գծից նայում է դեպի ավելի հեռուն, նայում է վառ երազանքներով ու վայրագ ցանկություններով։ «Համաթուրանական ծրագիրն է այդ»,- եզրափակում է Զարևանդը։

 

Արգամ Եղիազարյան

Yerkir.am