կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-20 14:04
Հասարակություն

Առանց մեկնաբանության. գործարարը հաշտվել է իրեն ծեծի ենթարկած Ռուբեն Հայրապետյանի հետ

Առանց մեկնաբանության. գործարարը հաշտվել է իրեն ծեծի ենթարկած Ռուբեն Հայրապետյանի հետ

Օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը հաշտվել է Ռուբեն Հայրապետյանի հետ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Արսեն Ավետիսյանը։

Նշենք, որ կիրակի օրը նրա կինը՝ Իզաբելա Մելքումյանը, ահազանգել էր լրատվամիջոցներին, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մարդիկ առևանգել են իր ամուսնուն, ապա 40 հոգով դաժան ծեծի ենթարկել։ Ավետիսյանը կիրակի օրվանից մինչ այս պահը թիվ 1 կլինիկական հիվանդանոցում է, որտեղից շուտով դուրս է գրվելու։ Նա մեզ հետ համաձայնեց զրուցել առանց տեսախցիկի։

Արսեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչու է որոշել հաշտվել, այլ ոչ թե պայքարել, որ իր նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն։

Նա հավելեց, որ բողոք չունի Հայրապետյանի դեմ և հակված է, որ այդպիսով խնդիրը լուծվի։

Արսեն Ավետիսյանն ասաց, որ իրեն չեն առևանգել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ կինը ապատեղեկատվությո՞ւն է տարածել: «Եկեք բացառենք առևանգելը: Ես գտնվել եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում՝ նախապես պայմանավորված 18։30-ին, եղել է միջադեպ, որից հետո ինձ 7-8 հոգու ուղեկցությամբ տեղափոխել են այլ տարածք, որտեղ ավելի շատ մարդիկ են եղել: Այնտեղ շարունակվել է մեր խոսակցությունը Ռուբեն Հայրապետյանի հետ։ Երբ քեռուս տղան տեսել է, որ ութ հոգով ինձ տեղափոխել են այլ տարածք, գուցե բռնի ուժով տեղափոխելու տպավորություն է ստացել»։

Արսեն Ավետիսյանը վստահեցնում էր, որ հաշտության վերաբերյալ որևէ ճնշում չի եղել: «Ես և Ռուբեն Հայրապետյանը ուզում ենք հաշտվել: Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելուն, այդ մասով արդեն հարցը տվեք իրավապահներին։ Իմ հիմնական խնդիրն է արագ լուծել այս ամեն ինչը, որպեսզի ներդրումները կատարվեն: Իմ որոշումից կախված է 270 աշխատողների աշխատավարձի վճարումը, ընկերության ապագան»,- ասաց նա։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում գործարարի եղբայրը մանրամասն պատմել էր, թե ինչպես են ծեծել եղբորը: