կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 16:11
Իրավական

Զղջում եմ, տուժողներիս հետ հաշտվել եմ. պատգամավորի որդին անկեղծացավ

Զղջում եմ, տուժողներիս հետ հաշտվել եմ. պատգամավորի որդին անկեղծացավ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ այս տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործով երկրորդ դատական նիստը: Այս գործով ներկայումս կալանքի տակ են Արմեն Ներսիսյանն ու Գուրգեն Գրիգորյանը, իսկ պատգամավորի որդու նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսօրվա նիստում գործով որպես տուժող ներգրավվեցին ծեծկռտուքին մասնակից Վարդան Վարդանյանն ու Ռաֆիկ Թումանյանը: Մեղադրող դատախազ Դանիելյանն այսօր միջնորդեց արագացված դատաքննության կարգ կիրառել, ինչը նախագահող դատավորը բավարարեց: Նշենք, որ նախաքննության ընթացքում մեղադրողը դեմ էր արագացված դատաքննության կարգ կիրառելուն, սակայն նախորդ դատական նիստում դատավոր Գագիկ Պողոսյանի «հուշումից» հետո դատախազը մտքափոխվեց: Ամբաստանյալները հայտարարեցին, որ ընդունում են առաջադրված մեղադրանքը և դատարանից մեղմ պատիժ խնդրեցին:

«Զղջում եմ, տուժողներերիս հետ հաշտվել եմ»,- ասաց պատգամավորի ամբաստանյալ որդին:

Նշենք, որ դատարանն արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից, ապա` առավել մեղմ պատիժը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գուրգեն Արսենյանն իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն:

Արմեն Ներսիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 21-ին իր ընկեր Գուրգեն Արսենյանի և վերջինիս 3 այլ` գործով ինքնությունները չպարզված ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Թամանյան փողոցում գտնվող «Հեմինգուեյ» ակումբում, որտեղ գինովցած լինելու պատճառով աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել նշված ակումբի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Արմեն Ներսիսյանը, բացահայտ անհարգայից վերաբերմունք դրսևորելով ինչպես անցորդների, այնպես էլ նշված ակումբին կից գործող սրճարանի այցելուների նկատմամբ, սարսափ տարածելով ներկաների շրջանում, խմբի կազմում` գործով չպարզված անձանց հետ, դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել և անկանոն հարվածներ հասցրել ինչպես Գևորգ Պողոսյանին, այնպես էլ ցանկացած պատահած անձի, որոնցով էականորեն խաթարել է հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը: Նշենք, որ այս գործով անցնող ևս երկու մեղադրյալի մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: