կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 21:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիմոն Վրացյանը գալիս էր, նստում մեզ հետ կիրակի առավոտները․ Գասպար Կարապետյանի՝ «քաղաքացիական կրթության» ուսուցիչը

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր և վարչապետ Սիմոն Վրացյանը դասավանդել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանին  Բեյրութի Նշան Փալանճյանի անվան ճեմարանում։

Գասպար Կարապետյանը Yerkir.am-ին պատմեց, որ ազգային-պետական մեծ գործիչն իրեն դասավանդել է «քաղաքացիական կրթություն» առարկան։

«Անշուշտ այն ժամանակ ես աշակերտ էի՝ ճեմարանի երկրորդական վարժարանում, բայց Սիմոն Վրացյանը պետք է ասել, որ շատ համեստ անձ էր, գալիս, նստում էր մեզ հետ կիրակի առավոտները, երբ դպրոց չկար, նստում էր, հետներս զրուցում։ Մեզ Սիմոն Վրացյանը դասավանդում էր «քաղաքացիական կրթություն», և նրանից մենք սովորեցինք՝ ինչպես պետք է ճիշտ քաղաքացիներ դառնանք, և տակավին ես կարող եմ ասել, որ եթե ճիշտ հույն քաղաքացի եմ և նույնությամբ նաև հայ քաղաքացի, պարտական եմ Սիմոն Վրացյանի խրատներին»,-ասաց Գասպար Կարապետյանը։

Նա համարում է, որ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» և «Կյանքի ուղիներով» գրքերը մեծ կտակ են մեզ համար քաղաքական մտածողության և այն մասին, թե ինչպես կարելի է անգո հանրապետությունից, որտեղ միայն սոված մարդիկ էին, նույնիսկ Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը գիտենք ինչ պայմաներում կյանքը կորցրեց, ընդամենը 1 տարի անց Հայաստանը դարձնել ցորենով ինքնաբավ երկիր, որը կարողացավ ցորենն արտահանել Իտալիա և զինամթերք բերել, որով կարողացավ սահմանները պաշտպանել։

Այդ տարիներին, ասաց նա, երբ կրթություն չկար, Նիկոլ Աղբալյանը հաջողել է ոչ միայն դպրոցներ, այլ նաև համալսարան հիմնել․ պետությունը կազմավորվել է, և շատ անգամ են ասել, որ Խորհրդային Հայաստան ունենալու համար պարտական ենք այդ կառավարությանը։

«Ինչ գրքերի մեջ գրել է՝ այդ մասին էր խոսում մեզ հետ, և քանի որ առավել պատանի էինք՝ մեզ վրա մեծ տպավորություն էր թողնում»,-վերհիշեց Գասպար Կարապետյանը։

Նա պատմեց նաև իր գործունեության վրա մեծ հետք թողած հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի ավելի քան 20 տարվա ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի մասին, որին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արտաքսել էր Հայաստանից և նա շատ ծանր էր տանում այդ հանգամանքը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․