կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 13:49
Հասարակություն

Կովերին ճիշտ կթելն ու միսը ճիշտ կտրատելը լավ է, խնդիրն այն է՝ որքա՞ն է դա մեզ վրա նստում. Նիկոլ Փաշինյան

Կովերին ճիշտ կթելն ու միսը ճիշտ կտրատելը լավ է, խնդիրն այն է՝  որքա՞ն է դա մեզ վրա նստում. Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված `«Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը:

 

Այդ վարկով նախատեսվում է առավել աղքատ գյուղական համայնքներում հիմնել ենթակառուցվածքներ՝ խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծման նպատակով:

 

Նիստին ներկա պատգամավորները նշում էին, որ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների փաստարկները համոզիչ չեն, որպեսզի պարզ լինի, թե վերցրած վարկը ինչպես է ծախսվելու և որքան արդյունավետ է լինելու: Նշենք, որ վարկային համաձայնագիրը ներառելու է բոլոր մարզերը, բացի երեք մարզից` Արմավիրի, Արարատի ու Կոտայքի, քանի որ այդ մարզերը գնահատվել են առավել զարգացած:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որպես հակափաստարկ, նշեց, որ, օրինակ, Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում դույլերով ջուր են կրում: «Ինչո՞ւ ըստ համայնքների չեք իրականացնում այդ ծրագիրը, այլ ըստ մարզերի եք անում: Այս վարկային բեռը, որ պետությունը վերցնում է իր ուսերին, արդյո՞ք կկարգավորի գյուղացու հոգսը: «Ֆրեդա» կազմակերպությունը ո՞վ է, ինչո՞ւ հենց «Ֆրեդա», չէ՞ որ վարկերը տրամադրվում է մրցույթների միջոցով»,- հարցրեց նա:

 

Արմեն Հարությունյանը նշեց, որ «Ֆրեդա» կազմակերպությանն է վստահվել այդ վարկի իրականացումը, քանի որ այդ կազմակերպությունը արդյունավետ է իրականացրել նախորդ վարկային ծրագրերը, ունեցել է դրական փորձ, հետեւաբար, վարկային կոմիտեն վստահել է հենց այդ կազմակերպությանը: Նա փորձում էր հիմնավորել, որ վարկային ծրագրերը գյուղատնտեսության մեջ կարևոր են, քանի որ գյուղացիները տեղեկանում եւ ձեռք են բերում կարևոր հմտությունների, օրինակ՝ ինչպես ճիշտ կտրատել միսը:

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես հարց ուներ. «Հասկանում ենք, որ միսը ճիշտ կտրատելը, կովերին ճիշտ կթելը օգտակար է ու ճիշտ է, խնդիրն այն է, թե կառավարությունը դրա վրա որքան փող է ծախսում: Նշեցիք, որ կան գյուղեր, որ դույլերով են ջուր կրում: Մենք բազմաթիվ վարկեր ենք քննարկել ջրային ոլորտի վերաբերյալ, կարո՞ղ եք նշել չորս գյուղ, որ վերջին երկու-երեք տարիներին դույլերով են ջուր տարել, բայց հիմա այլեւս դույլերով չեն կրում՝ վարկային ծրագրի իրականացումից հետո, հիմա ունեն նորմալ խմելու ու ոռոգման ջրի համակարգ: Օրինակ՝ ունե՞նք հաջողված օրինակ, թե այսինչ համայնքում միսն այլևս ճիշտ են կտրատում»:

 

Գյուղտնտեսության նախարարի տեղակալը փորձեց հիմնավորել, որ գյուղատնտեսության ներգրաված վարկային ծրագրերը նպաստում են տնտեսական աճին: Որպես հաջող օրինակ` նա մատնանշեց դեղին պանրի արտադրությունը, որը հնարավոր եղավ դրամաշնորհային ծրագրի տեխնիկական աջակցության շնորհիվ:

 

Նա նշեց, որ բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր ներկայումս ընթացքի մեջ են: «Ես Ձեզ կուղարկեմ համայնքների ցանկը` որտեղ ինչ ծրագիր է իրականացվել:  Վարկային ծրագրի դոնորները նույնպես իրականացնում են ծրագրի արդյունավետության գնահատում, և եթե նախորդ ծրագրերը արդյունավետ չլինեին, նոր վարկային ծրագրեր չէին լինի»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:

 

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Իմ վատագույն կանխատեսումը արտացոլվեց ձեր պատասխանում: Այդպես էլ չնշեցիք մի համայնք, որտեղ լավ է, այլ ասում եք՝ էսինչ համայնքում լավ կլինի, բայց հասարակ գյուղացիները չեն կիսում ձեր լավատեսությունն ու արդյունավետության մասին կարծիքը»: