Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանը նախատեսում է 2022 թվականի չորրորդ եռամսյակում ավարտել Յարագ-Կազմալյար-Սամուր սահմանային անցակետի վերակառուցումը Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (ՄԿՀ) նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին գտնվող գլխավոր ավտոմոբիլային Յարագ-Կազմալյար-Սամուր անցակետն ամենաբանուկ սահմանային անցակետերից է, որը պահանջարկ ունի։ Նախատեսում ենք մեր կողմից 2022 թվականի չորրորդ եռամսյակում ավարտել անցակետի վերակառուցումը, ինչը զգալիորեն կմեծացնի երկու երկրների միջեւ առեւտուրը»,- ասել է Օվերչուկը։
Անդրադառնալով միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկված հարցերին՝ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ դիտարկվում է արդյունաբերական համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունը։ «Ադրբեջանում զգալի թվով ռուսական ընկերություններ են գործում։ Մենք երկխոսություն ենք զարգացնում ավտոմոբիլային արդյունաբերության, դեղագործության, նավաշինության եւ քիմիական արդյունաբերության ոլորտների մեր գործընկերների հետ»,- ասել է նա։ Օվերչուկը հայտնել է նաեւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի, թվում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտի զարգացմանը նպաստելու ռուսական կողմի պատրաստակամությունը։
«Պատրաստ ենք համագործակցության ոչ էներգետիկ ատոմների ոլորտում, դրա համար ունենք անհրաժեշտ եւ լավագույն տեխնիկական հնարավորություններից մեկն աշխարհում եւ բարձր որակավորում ունեցող կադրեր»,- հավելել է նա։
Իր հերթին, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ 2021 թվականի վերջին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրն աճել է 16 տոկոսով՝ դոլարային արտահայտությամբ կազմելով գրեթե 3,4 միլիարդ։ «Այս տարվա առաջին եռամսյակում մենք արդեն ավելացրել ենք փոխադարձ առեւտուրը ավելի քան 8 տոկոսով՝ դոլարային արտահայտությամբ հասցնելով ավելի քան 600 միլիոնի։ Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ փոխվում է առեւտրի կառուցվածքը։ Բայց, այնուամենայնիվ, մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում մեր համագործակցության էլ ավելի խորացման ու դիվերսիֆիկացման համար»,- ասել է նա։
ՄԿՀ նիստի արդյունքում ստորագրվել է կենսաթոշակային ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման գործակալության եւ Ռուսաստանի Դաշնության փոքր եւ միջին բիզնեսի զարգացման դաշնային կորպորացիայի միջեւ համագործակցության հուշագիր։