Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանման մեջ ասվում է.
«ՀՀ գլխավոր դատախազությունում 2019 թվականի մայիսի 7-ին ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: