կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-20 16:00
Քաղաքական

Փաշինյանը խոստովանություն է տվել զանգվածային մարդասպանության մասին․ Դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե

Փաշինյանը խոստովանություն է տվել զանգվածային մարդասպանության մասին․ Դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների հարազատների՝ Փաշինյանի կատարած հանցագործության մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նախօրեին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված  տղաների եւ պատերազմի ժամանակ մյուս զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում տվեցին առ այն,  որ  Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Ծնողները հիմք էին ընդունել Փաշինյանի՝ Ազգային ժողովում արած հետեւյալ հայտարարությունը․ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»։

Գոռ Աբրահամյանն ասաց, որ զոհվածների ծնողների դիմումը կցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին։

Հարցին՝ մինչեւ ծնողները Փաշինյանի հանցագործության մասին հաղորդում կներկայացնեին, Դատախազությունը քննության առարկա դարձրե՞լ է Փաշինյանի այդ հայտարարությունը, Աբրահամյանը պատասխանեց՝ այդ հայտարարությունը Դատախազությունը սեփական նախաձեռնությամբ  քննության առարկա չի դարձրել։

«Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա քրեական գործ էր հարուցվել։ Հայտարարությունների մի մասը վերաբերում էր հենց պատերազմի պատճառներին ու դրա հետեւանքներին։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը վերաբերում է պատերազմի կանխմանը, պատճառներին, դրանց հետեւանքներին, եւ քանի որ այդ հանգամանքներն արդեն վերը նշված քրեական գործի շրջանակներում քննության առարկա էին, ծնողների  ներկայացրած հաղորդումն էլ այդ բովանդակությունը ուներ, այն ուղարկվեց  Հակակոռուպցիոն կոմիտե։ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունը Դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա չի դարձել,»,- նշեց նա:

ՀՀ գլխավոր դատախազությունում երեկ ծնողների ընդունելություն է կազմակերպվել: Տեղեկանալով, որ Դատախազությունն իրենց դիմումը կցել է այլ քրեական գործի, նրանք առարկել են եւ դժգոհություն հայտնել։

Yerkir.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված  Ռուբեն Պողոսյանի ազգական Եղիշե Զաքունցը հայտնեց, որ իրավական դաշտում պայքարելու գործընթաց են սկսում։

«Այդ հանդիպումից հետո հասկացանք, որ պետք է իրավական դաշտում պայքարենք, որ մեր գործն առանձնացվի, քանի որ կան զանգվածային մարդասպանության փաստեր, եւ կա խոստովանություն։ Տասնյակ հարյուրավոր գործեր կային, քաղաքացիների ներկայացրած բազմաթիվ դիմումներ առ այն, որ Փաշինյանը պետական դավաճան է։ Այդ բոլոր գործերը միացրել են իրար եւ ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Մենք ասացինք, որ դրանք տարբեր գործեր են, եւ մեր դեպքում՝ Փաշինյանը ինքնախոստովանություն է արել զանգվածային մարդասպանության մասին։ Արդեն մեր իրավաբան Լիպարիտ Սիմոնյանը կազմում է միջնորդություն՝ Հակակոռուպցիոն կոմիտե դիմելու համար, որպեսզի մեր դիմումն առանձնացվի մյուս գործերից»,- ասաց նա։

Եղիշե Սաքունցի խոսքով՝ Փաշինյանի՝ հանցագործ լինելու մասին բոլոր հաղորդումները իրար միացնելով՝ իրավապահ մարմինները մեկ նպատակ ունեն՝ սառեցնել թեման։ «Դատախազությունը չի ասում, որ Փաշինյանի դեմ գործ չի հարուցում, այլ ասում է՝ ժողովո՛ւրդ ջան, կան փաստերը, հավաքում ենք, նախաքննական փուլում է եւ գաղտնիության ռեժիմի մեջ, ոչինչ չենք կարող ասել»,- հավելեց նա։

Լիանա Սարգսյան

Տե՛ս նաեւ

Զոհվածների ծնողները գնում են Դատախազություն՝ Փաշինյանի դեմ հաղորդում տալու

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ողջ ժողովուրդ, վիզը ծուռ, սպասում է՝ թո՞ւրքը կփրկի իրեն, թե՞ ռուսը, սա՞ է Փաշինյանի հայրենիքը. զոհվածի մայր