Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Միջազգային բոլոր հարթակներում, այնտեղ, որտեղ հնարավորություն ենք ունեցել՝ և՛ միջխորհրդարանական, և՛ եվրոպական տարբեր կառույցների հետ հանդիպումներում, և՛ դեսպանների հետ հանդիպումների ժամանակ ամենաառաջին հարցը անձամբ իմ և մեր պատգամավորների կողմից միշտ եղել է գնահատական տալը այն հանցագործություններին, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ և շարունակվում են ՀՀ սահմանների դեմ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, իբրև թե ընդդիմությունը բոյկոտելով՝ միջխորհրդարանական հարթակներ չի գնում և ընդդեմ ադրբեջանցիների չի գործում, ժողովրդի տված մանդատը չի իրագործում:
«Մշտապես քննադատել ենք այդ սադրանքները, վայրագությունները, միջազգային նորմերի խախտումները, որ իրականացրել են Ադրբեջանի զինված ուժերը, թուրք-ադրբեջանական տանդեմը՝ տարբեր վարձկանների հետ համագործակցելով՝ արգելված սպառազնության կիրառմամբ, խոշտանգումներով»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ երկրորդ հարցը, որ միշտ բարձրացրել են՝ Արցախի ինքնորոշման գաղափարն առաջ տանելն է եղել՝ իր իսկ պատմական տարածքում Արցախի իրավունքների, ինքնորոշման գաղափարի պաշտպանությունը։
«Մենք միշտ ասել ենք՝ նաև վերջին հարցազրույցներում և հանրահավաքում, որ չենք տեսնում Արցախը երբևիցե Ադրբեջանի կազմում, որովհետև Արցախը ինքնորոշվել է առանձին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանից ավելի շուտ Արցախն է ինքնորոշվել ԽՄ օրենքների համաձայն, և ցույց է տվել միջազգային հանրությանը, որ ունակ է իր տարածքում ապրել և զարգանալ, և ՀՀ հետ կուռ տնտեսական զարգացման և միասնական համակարգ հանդիսանալ»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Երրորդ ասպեկտն, ըստ նրա, այն է, որ Ադրբեջանն ինքը չի ուզում, որ Արցախն ապրի իր հետ․ նրա հռետորաբանությունը, նրա գործողությունները, նրա սադրանքները, հարձակումները, հոգեբանական ճնշումները թույլ են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ համակեցությամբ հայ ժողովրդի հետ ապրելու՝ չնայած նրան, որ ՀՀ իշխանությունները կուրորեն գնում են թուրք-ադրբեջանական խաբկանքին ընդառաջ։
Սեյրան Օհանյանը նկատեց, որ ընդդիմությունն է, որ այդ մասին բարձրաձայնում է․ «Մինչև հիմա չենք տեսել, որ ՀՀ իշխանությունները հստակ տեսակետներ արտահայտեն այդ մասին»։
Աննա Բալյան