Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Արցախի ինքնորոշման իրավունքը կրկին օրակարգ բերելու համար անհրաժեշտ է, որ նախ՝ ՀՀ իշխանությունները միջազգային ատյաններում ներկայացնեն Արցախում տիրող իրական վիճակը և կոնկրետ փաստերով ցույց տան, որ ստեղծված վիճակում Արցախի ճանաչումն այնտեղ ապրող 120 հազար բնակչությանը ցեղասպանությունից փրկելու միակ ուղին է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանը։
«Ադրբեջանի հանցավոր քայլերի հետևանքով Արցախում ստեղծված վիճակը բավարար հիմք է ստեղծում դրա համար։ Ամենակարևորն այստեղ այն է, որ Հայաստանն արմատապես փոխի Արցախի հարցում իր դիրքորոշումն ու քաղաքականությունը միջազգային արենայում։ Փաստ է, որ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտմանն ուղղված գործողությունները սկսել է կյանքի կոչել հատկապես Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Քանի դեռ այդ հայտարարությունից, կեցվածքից չի հրաժարվել Հայաստանի իշխանությունը, վիճակն Արցախում է՛լ ավելի է վատանալու։ Կրկնում եմ՝ Հայաստանը ջանք չպիտի խնայի՝ ապացուցելու համար, որ Արցախի ու արցախահայության գոյությունն Ադրբեջանի կազմում ուղղակի անհնար է։ Դրա համար բազմաթիվ փաստեր կան։ Արցախի ճանաչումը հնարավոր դարձնելու համար անելիք ունի նաև Սփյուռքը։ Սփյուռքի օջախներն իրենց երկրների խորհրդարանականների վրա ամեն կերպ պետք է ազդեն։ Այս փուլում ոչինչ պետք չի խնայել Արցախի ճանաչմանը հասնելու համար։ Դրա համար նաև պատմական հիմքն ունենք․ չմոռանանք, որ Արցախն ինքնորոշվել էր միջազգային բոլոր օրենքների ու ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, այսինքն՝ որևէ խնդիր նաև իրավական առումով չկա»,- շեշտեց Սարգսյանը։
Արմեն Սարգսյանի համոզմամբ, այս ճանապարհով շարժվելու դեպքում հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Աշխարհում նախադեպային օրինակներ շատ կան, ուղղակի, ճիշտ ու հետևողական դիվանագիտական և քաղաքական աշխատանք է պետք տանել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։
«Ես սա ասում եմ՝ իմ փորձառությունն ու Կոսովոյի, Աբխազիայի ու մի շարք այլ օրինակներ հաշվի առնելով։ Նրանք պայքարել են, ճիշտ քաղաքական քայլեր արել, որի շնորհիվ էլ հասել են որոշակի ձեռնտու կարգավիճակի»,-ասում է Սարգսյանն ու հռետորական հարց տալիս՝ այդ ինչո՞ւ Թուրքիան կարող է հայտարարել, թե Ադրբեջանի ցանկացած քայլին ու որոշմանն աջակցելու է, իսկ Հայաստանը, որ ստանձնել է Արցախի երաշխավորի պաատսխանատվությունը, չի կարող ասել Ադրբեջանին, որ Արցախի վրա կրկին ռազմական հարձակում սկսելու դեպքում օգնության է հասնելու ինքը։
Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ 120 հազար հայ, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, ցեղասպանության, սովամահության եզրին են կանգնած, բայց քաղաքական աղետի մասին ոչ մի խոսք չկա։
«Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ավելի խորացավ, երբ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանը դրանից ավելի սանձարձակ դարձավ ու ամբողջությամբ պաշարեց Արցախը՝ սովի մատնելով 120 հազար բնակչությանը, առևանգելով մարդկանց և այլն։ Երբ որ քաղաքական աղետի մասին բարձրաձայնվի, միջազգային արենայում թմբկահարվեն Ադրբեջանի հանցագործությունները և, կրկնում եմ, Արցախի ճանաչումը համոզիչ կերպով ներկայացվի որպես փրկության միակ ճանապարհ, հումանիտար աղետը հնարավոր կլինի մեղմել»,-նկատեց նա։
Թումանյանի կկվի պատմությունը լավագույնս է ցույց տալիս մեր այսօրվա իրականությունը։ Սարգսյանը նկատում է՝ առաջին ձագը, որ հայրը՝ (նկատի ունի Փաշինյանին,-խմբ․) նետում է աղվեսի բերանը, փորձ է արվում ներկայացնել որպես խորթ զավակ, բայց հետո, երբ հերթը հասնում է երկրորդ ձագին, ակնհայտ է դառնում, որ խորթն ամենևին էլ զավակը չէր, այլ՝ հայրը․․․
«Արցախից հետո զոհաբերվելու է Սյունիքը և այդպես մինչև Երևան՝ այնպես, ինչպես Թումանյանի «Չարի վերջում» է նկարագրված։ Դա կանխել հնարավոր կլինի, եթե Հայաստանն արմատապես փոխի Արցախի հարցում իր կեցվածքն ու գիծը՝ միջազգային հարթակներում»-եզրափակեց Արմեն Սարգսյանը։
Աղբյուր` Փաստինֆո