կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-25 15:08
Քաղաքական

Առանց Հայ Դատի գործուն մասնակցության անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունը. Բակո Սահակյան

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին:

Yerkir.am-ը ներկայացնում է նրա ելույթն ամբողջությամբ.

«Գերաշնորհ սրբազան հայր,

Միջոցառման հարգելի մասնակիցներ,

Թանկագին բարեկամներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ բոլորիդ կրկին տեսնել Արցախում: Ձեզնից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ վերաբերմունք Արցախի նկատամամբ և տարիներ շարունակ անում է հնարավորը նրա զարգացման և զորացման համար: Մենք դա քաջ գիտակցում և բարձր ենք գնահատում:

Ուզում եմ ջերմորեն ողջունել Ձեզ և նշել, որ Արցախում դուք վայելում եք խորը հարգանք ու վստահություն: Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի անցկացումն Արցախում դարձել է բարի ավանդույթ և այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցն է: Հայ Դատն այն համահայկական կառույցներից է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը:

Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունը, տարբեր երկրներում եւ ատյաններում մեր մասին ճշմարտացի տեղեկությունների տարածումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի իրականացումը, բազմաթիվ պետությունների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր հանրապետությունում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ Դատի գործուն մասնակցության, նրա մեծածավալ եւ անձնվեր աշխատանքի:

Այս ուղղություններում ձեռքբերումներն ու առաջընթացն ակնհայտ է: Կան նաև շատ անելիքներ: Ինչպես գիտեք, մեր հակառակորդները չեն հրաժարվում իրենց նենգ նպատակներից և ակնհայտորեն վարում են ագրեսիվ, հայատյաց քաղաքականություն: Այս ամենը պահանջում է շարունակել ձեռնարկել համակարգված, նպատակուղղված ու համարձակ քայլեր մեր շահերը պաշտպանելու համար՝ ամուր պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Վստահ եմ, որ դուք այսուհետ ևս կանեք հնարավորն այս ուղղությամբ: Վստահ եմ, որովհետև շատերիդ անձմաբ ճանաչում եմ, տեսել եմ այն հայրենասիրությունը, արհեստավարժությունը, եռանդն ու լավատեսությունը, որն առկա է Ձեզ մոտ:

Հարգելի ներկաներ,

Խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են տարբեր հարցեր: Համոզված եմ, որ դրանք համապարփակ կերպով և համակողմանիորեն կքննարկվեն ու կյանքի կկոչվեն:

Օգտվելով առիթից, ուզում եմ տեղեկացնել, որ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի Կենտրոնական խորհուրդը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, որը ես կցանկանայի հանձնել այս հանդիսավոր պայմաններում: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում ակտիվ ու արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք: Շնորհակալություն»: