կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 18:57
Արցախ

Հայ զինվորն ունակ է հարցեր լուծելու, պարզապես պետք է նրան կազմակերպել

Հայ զինվորն ունակ է հարցեր լուծելու, պարզապես պետք է նրան կազմակերպել

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը

-Պարոն Բալայան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված իրավիճակը, ի՞նչ պետք է անել։

-Մենք երեք հիմնական ուղղություններով մենք պետք է աշխատանք տանենք այս իրավիճակում։ Պետք է մեր ներքին ներուժը մեծացնենք, փորձենք առկա և սպասվող մարտահրավերներին դիմակայել։ Երկրորդ, պետք է ՀՀ ու Սփյուռքի հնարավորությունները մեկտեղել, Արցախի հետ միասին մեկ միասնական ճակատով գործել։ Եվ երրորդը, պետք է փորձել ռուսական իշխանությունների հետ համագործակցության նոր մակարդակ ապահովել՝ փորձելով այդ տեսանկյունից նույնպես անվտանգային մթնոլորտ ձևավորել։

-Պատերազմից հետո ռուս խաղաղապահներն Արցախում են, սակայն մենք նման դեպքերի ենք ականատես լինում։ Փառուխի վերաբերյալ եղավ տեղեկություն, որ հենց ռուս խաղաղապահներն են կողմերին կոչ արել զորքերը հետ քաշել, հայկական կողմը հետ է քաշվել, որից հետո ադրբեջանցիները ներխուժել են Փարուխ ու հարակից տարածքներ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

-Մենք չենք կարող մեկ դրվագ վերցնել ու ընդհանրացումներ անել։ Այսինքն՝ կարող են չլուծված խնդիրներ լինել, բայց ընդհանրության մեջ վերջիվերջո առանց խաղաղապահ ուժերի այս պահին հնարավոր չէ Արցախում խաղաղություն ապահովել։ Միաժամանակ անհրաժեշտ է աշխատանք տանել նաև Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ, քանի որ այդ կառույցը դեռևս գործում է։ Ի դեպ, եթե համանախագահ երեք երկրների միջև հիմա կան բավական խորը հակասություններ, այս հարցում նրանք համերաշխ են։ Թեկուզ վերցնենք այս վերջին զարգացումների վերաբերյալ արված հայտարարությունները, այդ հարցում միակարծիք են։ Այսինքն՝ դա պետք է օգտագործել, զարգացնել և փորձել ամրապնդել անվտանգային համակարգը։

-Այս պայմաններում որքանո՞վ է տրամաբանական խոսել Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու մասին։

-Նրանք ամեն կերպ փորձում են պարտադրել այդ չակերտավոր խաղաղությունը։ Այսինքն՝ նրանք ավելի շատ հարցեր են առաջադրում, որոնք անընդհատ կոնֆլիկտների նախասկիզբ կարող են դառնալ, ձգտում են անընդհատ խառնակ պահել իրավիճակը։ Խաղաղությունը ցանկալի է, բայց այդ խաղաղությունը պետք է կողմերի միջև որոշակի հավասարության պայմաններում լինի, քննարկումները, հարցերի լուծումը համատեղ պետք է լինի, ոչ թե մի կողմը պարտադրի իր կամքը մյուսին։ Սա վտանգավոր է։

-Փաստացի հրադադարից 1․5 տարի անց ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը վտանգված է։ Ի՞նչ անելիք ունենք մենք։

-Այո, վտանգը մշտապես կա, և դա երևի շատ դեպքերում մեզնից է կախված։ Ամիսներն ու տարիներն անցնում են, բայց ներքին ինքնակազմակերպվածություն չկա։ Մենք չենք կարողանում ստեղծել ինքնակազմակերպված մի բռունցք, որպեսզի կարողանանք դիմակայել այս մարտահրավերներին։ Եվ ես համամիտ չեմ, երբ ասում են՝ մեր բանակը պատված է, ջախջախված է։ Իրականում մեր բանակը կա, պարզապես այդ ամենը պետք է կազմակերպել և փորձել ազգային հարցերը լուծել։ Դրա վառ ապացույցն են հենց Քարագլուխ բարձունքի վերջին իրադարձությունները, երբ անգամ փոքրաքանակ ուժերով հնարավոր եղավ որոշակի հարցեր լուծել։ Վերջիվերջո այդ բանակը ոչ հեռավոր անցյալում մեծ խնդիրներ է լուծել։ Հայ զինվորն ունակ է հարցեր լուծելու, պարզապես պետք է նրան կազմակերպել։