կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 12:59
Քաղաքական

Տարածաշրջանային ինտեգրացիան աշխարհաքաղաքական խճանկարում․ սպառնալիքներ և անելիքներ

Տարածաշրջանային ինտեգրացիան աշխարհաքաղաքական խճանկարում․ սպառնալիքներ և անելիքներ

Ռուսաստանի շուրջ ձևավորված բուֆերային երկրների համար մրցակցությունն արդեն ընթանում է պատերազմով։ Ռուսաստանն այլևս չի հանդուրժում Խորհրդային Միության փլուզումից հետո այդ երկրների հետ կապի ճկուն քարշակը, որը ստեղծել է մրցակցության օջախներ, և անցել է հարձակման՝ նոր միութենական պետության ձևավորման համար։ Արևմուտքի սողացող նվաճմանն ու դրա հետևանք՝ պանթուրքիզմի նոր վերածնմանը ռուսական կայսերականությունը կրկին հակադրում է սվինը՝ հասկանալով, որ բուֆերային պետությունների կորստի դեպքում հաջորդ պատերազմն իր բուն տարածքում է ընթանալու։ Բելառուսական հետընտրական դեպքերը, Արցախյան 44-օրյա պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման, ճանապարհների ապաշրջափակման հարցերը, Ղազախստանում անկարգությունների ճնշման ու հատկապես ուկրաինական ընթացող պատերազմն այս խճանկարի տարբեր դրվագներն են։ Որ Ռուսաստանի համար ռազմավարական նպատակ է Խորհրդային Միության նախկին հանրապետությունների կամ դրանց՝ այս պահին հնարավոր մասի հետ նոր ձևաչափով միութանական պետություն ստեղծելը՝ փաստ է և վաղուց՝ ռուսական փորձագիտական հանրության, մեդիայի, նաև տարբեր տրամաչափի պաշտոնյաների խոսույթում։ Իսկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այդ մասին հայտարարեց աներկբա։

Սակայն մի քանի հանգամանքներ խոչընդոտ են սուվերեն պետությունների այս նոր գծագրվող միության ճանապարհին, որի առանցքը պետք է կազմի ռուս-բելառուսական միությունը․

  1. Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունն է, որի առանցքում Արցախյան հարցն  ու թյուրքական աշխարհի հետագա ինտեգրման հայկական սեպն է,
  2. ռուս-վրացական հակամարտությունն է, որն այս փուլում մղվել է երկրորդ պլան վրացական կողմի գերզգույշ քաղաքականության արդյունքում, սակայն այդ հակամարտությունն առկա է,
  3.  Արևմուտքում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի առանցքում Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի կարգավիճակի հարցն ու Ուկրաինայի արևմտյան կողմնորոշումն է։

Նոր միության ստեղծումով Ռուսաստանը կկերտի նոր՝ արդեն եռաբևեռ աշխարհակարգ, և այդ եռանկյունու գագաթներում են լինելու Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գերակայությամբ, սուվերեն պետությունների նոր միությունը՝ Ռուսաստանի գերակայությամբ, և Չինաստանը։

Ուկրաինան հիմնական խոչընդոտն է այդ ճանապարհին․ հնազանդեցնելով Ուկրաինան՝ ավելի խորքային ինտեգրման ճանապարհին Ռուսաստանի համար լուրջ խոչընդոտներ չեն լինի։ Սակայն, մինչ ուկրաինական պատերազմի սկիզբը, տեղի ունեցան 3 կարևոր իրադարձություններ, որոնք կարելի է համարել նախապատրաստական․

  1. Բելառուսում չեզոքացվեց գունավոր հեղափոխությունը, դրանով՝

-  Ուկրաինան հյուսիսից մնաց աքցանի մեջ,

-  իշխանության ղեկին կրկին բազմեց Լուկաշենկոն՝ նոր միության ճարտարապետներից մեկը:

  1. Հարավային Կովկասում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմը, որի արդյունքում՝

-  հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի լուծվեց հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը՝ Արցախի ազատագրված տարածքների հարցը․ Թուրքիան և Ադրբեջանը ստացան իրենց ակնկալիքների զգալի մասը, դրանով՝ ուկրաինական ընթացող պատերազմում իրենց պահում են կիսաակտիվ վիճակում, իսկ Թուրքիան փորձում է ստանձնել հիմնական միջնորդի դերը․

-  կնքվեց ռուս-ադրբեջանական դաշնակցային պայմանագիրը, որն Ադրբեջանին ավելի մոտեցրեց ապագա միությանը,

- Արցախում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ զորքերը, որոնք հիմնական կայունացնող գործոնն են Արցախյան հարցում, միաժամանակ՝ էական լծակ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքայի վրա՝ ռուսական ինտեգրացիոն ծրագրերի հետագա խորացման համար,

-  Հայաստանի անհուսալի իշխանություններն ամբողջովին կախվածության մեջ հայտնվեցին Ռուսաստանից,

- հնարավորություն ստեղծվեց ապաշրջափակելու տարածաշրջանի հաղորդակցության ուղիները, որը նոր ինտեգրացիոն հարթակ է տարածաշրջանի, նոր գծագրվող միության և մերձավոր երկրների համար:

3. Ղազախստանում, Ռուսաստանի միջամտությամբ՝ ՀԱՊԿ-ի դրոշով, ճնշվեց գունավոր հեղափոխության փորձը, և այդ երկիրը ևս ավելի մոտեցավ նոր նախագծվող միությանը։ 

Ակնհայտ է՝ Ռուսաստանը ցանկանում է մարել իր շուրջը՝ վերջին 30 և ավելի տարիներին ձևավորված հակամարտության օջախները՝ հօգուտ նոր միության ստեղծման, որը նոր հայտ է համաշխարհային ձևափոխվող աշխարհակարգում։ Բացի դրանից՝ հակամարտություններն անհրաժեշտ է լուծել մինչև այդ միության փաստացի ձևավորումը, որպեսզի դրանք չդառնան նոր միության գլխացավանքը։

Հայաստանն այս գլոբալ խաղում մխրճվել է գերթուլացած դիրքերով և կարողություններով․

- Հայաստանի գործող իշխանությունները՝ կամավոր, թե պարտադրված, չկարողացան կանխել Արցախյան նոր պատերազմը, և այն աշխարհին ներկայացավ Ադրբեջանի ազատագրական պայքարի տեսքով, որում հանդուրժվեց Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի և միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավումը,

-  Արցախի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի շուրջ 75 տոկոսը՝ կրկին հայտնվելով ադրբեջանական աքցանի մեջ,

- Հայաստանն ու Արցախը կորցրեցին իրենց միասնական անվտանգային համակարգը և ապագայում միասնաբար հանդես գալու լծակների մեծ մասն ու ճկունությունը,

-  Հայկական բանակը կորցրեց իր կարողությունների գրեթե կեսը, գուցե՝ ավելին,

-  մարտական գործողությունները տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետության սահմանային տարածք, և Սյունիքն առնվեց աքցանի մեջ,

-  Հայաստանի իշխանությունները, ստիպված, թե կամովին, փաստացի բանակցում են թուրք-ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի հետ՝ խաղաղության թղթե մուրհակով։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը երկաթե աքցանով ամեն օր սեղմում է հայության կոկորդը,

- Թուրքիան և Ադրբեջանը գիտակցում են, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո խաղը, խոշոր հաշվով, ավարտվելու է, սակայն նոր ինտեգրացիոն գործընթացներում նրանք ցանկանում են մտնել առավելագույն շահեկան վիճակով՝ առնվազն Արցախով և հայ-թուրքական ճանաչված սահմանով, որը լինելու է նոր ձևավորվող միության արտաքին սահմանը,

- միջազգային հարթակում Հայաստանը կորցրել է խուսանավելու հնարավորությունները․ ռուսական ազդեցության այլընտրանքը Թուրքիան է, որի միջոցով Արևմուտքը ցանկանում է պահել իր տարածաշրջանային ազդեցությունը։ Այլ միջամտությունների ակնկալությունն անհեռատեսություն է, քանզի 44-օրյա պատերազմում Հայաստանը փաստացի մնաց մենակ, և ուժի չկիրառման սկզբունքին ոչ ոք չաջակցեց, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները,

-  Հայաստանն այս գլոբալ խաղում ներկայանում է պարտված իշխանություններով, որոնք ունեն սահմանափակ կարողություններ, ազգային շահի անշահեկան ընկալումներ, պարտված ոգի, զիջելու պատրաստակամություն՝ հանուն կայունության ու իշխանության։ Ամեն գնով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանի պարտության ամրագրումը՝ Հայաստանի գործող իշխանությունները դիտում են սեփական իշխանության և անձերի անփառունակ և վերջնական քաղաքական վախճանի երկարաձգման գրավականը։

Ըստ էության, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի են ունենում ինտեգրացիոն 2 գործընթացներ՝

-  Ռուսաստանի շուրջ նոր միության ձևավորում, որը ենթադրում է ստեղծել մասնակից պետությունների անվտանգային միասնական համակարգ, միասնական տնտեսական գոտի և դրամ, համադրված արտաքին քաղաքականություն,

-  այդ նոր ձևավորվող միության և հարևան ու մերձավոր տարածաշրջանային երկրների հետ ինտեգրում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, տնտեսական և ռազմաքաղաքական կապերի էլ ավելի ակտիվացման միջոցով։ 

Այդ գործընթացները Հայաստանի համար սպառնալիք են, քանզի՝ 

-  Արցախը կարող է դառնալ առևտրի առարկա և Ադրբեջանի՝ միության մաս կազմելու գինը,

- Հայաստանի իշխանությունների կողմից կարող է ճանաչվել հայ-թուրքական փաստացի գոյություն ունեցող սահմանը, որով մեծ հարված կհասցվի հայոց պահանջատիրության համար պայքարին և կվավերացվի Թուրքիայի կողմից 1920 թ․ Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիան,

- Հայաստանը կարող է մաս կազմել Խորհրդային Միության և Եվրոպական Միության միջանկյալ տարբերակով մի նոր միութենական պետության, որտեղ թելադրողը լինելու է Ռուսաստանը, ըստ այդմ՝ Հայաստանն ու միության մաս կազմող երկրները այս կամ այն չափով կորցնելու են իրենց անկախության ինչ-որ մասը,

- թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիան նոր հնարավորություններ կստանա՝ Հայաստանի տնտեսական մրցունակությունը վերջնական թաղելու համար,

- Թուրքիան և Ադրբեջանը կարող են ցամաքային կապով՝ Հայաստանի տարածքով, կապվել միմյանց և մեծացնել ինտեգրացիոն հնարավորությունները,

- Հայաստանի բանակը կարող է ռուսական զենքով վերականգնվել բացառապես նոր միութենական անվտանգային համակարգի ձևավորման տրամաբանությամբ, և դա կարող է արդեն լինել նախապայման։ 

Գործողության մեջ գտնվող այս գործընթացներից հնարավորինս շահեկան դուրս գալու համար Հայաստանը պարտավոր է կատարել առնվազն հետևյալ քայլերը՝

ցանկացած սցենարի դեպքում, պետք է՝ 

-  բացառվի Հայաստանի սուվերենության կորուստը և ապահովի անկախության հնարավորինս բարձր մակարդակ,  

-  բացառվի Արցախի՝ Ադրբեջանի կազմում ներառվելու ցանկացած սցենար․ Արցախը պետք է մնա Հայաստանի հետ ինտեգրված և կապված ցամաքային երաշխավորված ճանապարհով՝ որպես անկախ պետություն կամ միացված Հայաստանին․ պետք է նկատի ունենալ, սակայն, որ Ռուսաստանը կարող է Արցախի կարգավիճակը պահել անորոշ՝ ռուսական պրոտեկցիայի ներքո՝ առնվազն 8 տարի,

-  բացառվի Հայաստանի կողմից հայ-թուրքական փաստացի գոյություն ունեցող սահմանի ճանաչումը, քանզի ճանաչումից հետո սերունդների պայքարը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման, ինչպես նաև Հայաստանի տարածքի՝ Թուրքիայի կողմից դեօկուպացիայի պահանջի ուղղությամբ կլինեն անհիմն,

- Հայաստանը ելնի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման ավելի բարձր աստիճան, տնտեսական զարգացման ավելի մեծ հնարավորություններ ունենալու և հայկական ներազգային ինտեգրացիան ավելի խորացնելու հեռանկարից,

- Հայաստանը ելնի Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման անխուսափելիությունից,

- Հայաստանում շուտափույթ կատարվի իշխանափոխություն՝ արժանապատիվ և ազգային շահերի գիտակցումով որոշումներ կայացնելու համար․ գործող իշխանությունների պոչը այլևս Ռուսաստանի և թուրք-ադրբեջանական տանդեմի ոտքերի տակ է, և այս իրավիճակը գործող իշխանությունները որևէ կերպ չեն կարող փոխել, ըստ այդմ՝ պատրաստ են զիջել Հայաստանի և հայության ռազմավարական և անժամանցելի շահերը։ 

Հայաստանի իշխանությունների գործողություններն այս բոլոր ուղղություններով ստեղծել են ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներ․ ազգային միասնությունն ու դիմադրողականությունը վերջին 34 տարիների ամենացածր մակարդակում են։ Հայաստանն ու Արցախը նման են Ռուսաստանին և թուրք-ադրբեջանական տանդեմին կտակված կամազուրկ պետությունների, որոնց միակ հույսը Ռուսաստանն է և զիջելով կայունության ապահովումը՝ բոլոր բացասական հետևանքներով։

Արտակ Սարգսյան

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու