կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 14:40
Քաղաքական

Անիմաստ է շարունակել ինտեգրացիան պատժամիջոցների տակ գտնվող միությանը

Անիմաստ է շարունակել ինտեգրացիան պատժամիջոցների տակ գտնվող միությանը

Այսօր լրանում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկ տարին: Ամփոփելով այն` ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Հայաստանը ներկայումս գտնվում է միանգամայն այլ քաղաքական վիճակում, քան մեկ տարի առաջ էր: Նրա խոսքով` եթե մեկ տարի առաջ Ռուսաստանն ընկալվում էր որպես ԵՄ գործընկեր երկիր, այսօր Ռուսաստանն ամբողջությամբ մեկուսացված է` ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հռչակելով թշնամի միավորներ: Եթե մեկ տարի առաջ Ռուսաստանը հակասություններ ուներ Ուկրաինայի հետ, ապա այժմ Ռուսաստանն արդեն  հրահրել է պատերազմ Ուկրաինայի դեմ:

 

«Բաներ, որոնք 1 տարի առաջ աներևակայելի էին թվում, այսօր արդեն իրողություն են դարձել»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Նրա կարծիքով` այս պայմաններում անիմաստ է շարունակել ինտեգրումը մի միության, որը գտնվում է պատժամիջոցների տակ: Ալեքսանդր Արզումայնաը վստահ է, որ ներկայումս նպատակահարմար չէ շարունակել ինտեգրումը ԵՏՄ-ին, քանի որ այն այլևս չունի քաղաքական ու տնտեսական հեռանկարներ:

 

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանի պես փոքր երկրի համար ճիշտ է մանևրելու ճկուն քաղաքականությունը` շարունակելով հարաբերությունները ԵՄ հետ, որովհետև 20 տարի շարունակ տարբեր ոլորտներում ԵՄ հետ ընթացել են բազմաթիվ աշխատանքներ: Ըստ Արզումանյանի` Հայաստանը դատապարտված է լավ հարաբերություններ կառուցել թե' Ռուսաստանի, թե' ԵՄ-ի, թե' ԱՄՆ-ի հետ:

 

Yerkir.am-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված ՀՀ նախագահի մեծ վստահությունը, որ ինտեգրումը ԵՏՄ-ին ամենաճիշտն է, և ժամանակը ցույց կտա, որ Հայաստանը շատ ճիշտ ընտրություն է կատարել, պատգամավորը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա` ես եմ ճիշտ ասում, թե` նախագահը»:

 

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների այն ոգևորվածությանը, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից կարող են օգտվել հայ տնտեսվարողները` լրացնելով բացը, Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Ընկած` պետությունով մտածում ենք, թե քանի կիլոգրամ ծիրան կարող ենք արտահանել, բայց դա կոպեկների խնդիր է լուծում, դա չի կարող հստակ պետական քաղաքականություն լինել»:


Պատգամավորը բացառում է մաքսակետի տեղադրումը Հայաստանի ու Արցախի միջև` համարելով դա «ինքնասպան գործողություն»: