Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընթացող ՀՀ համայնքների խորհրդաժողովի ժամանակ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել ՀՀ Նախագահին ՏԻՄ-երի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, ընդգծելով, որ Նախագահի հետ ունեցած յուրաքանչյուր հանդիպում ոգևորիչ ու պարտավորեցնող է ոլորտի պատասխանատուների համար:
«Պետք է փաստեմ, որ համայնքները մեր երկրում կայացել են, առավել ևս կայացել են մեր տարածքային կառավարման մարմինները։ Այս տարի երկրում ունեցել ենք համապետական և շուրջ 350 համայնքում ՏԻՄ ընտրություն, բայց այս ընտրական գործընթացները չեն խանգարել մեր համայնքների բնականոն գործունեությանը։ Միայն նշեմ, որ մեր 11 ամիսների հավաքագրումը համայնքներում ավելացել է ուղիղ 2 մլրդ դրամով։ Դա առաջին հերթին համայնքի ղեկավարների գիտակցության բարձրացումն էր, երկրորդ` վարչարարությունը, երրորդ` խոշորացումը, որի արդյունքում համայնքային գույքը և հողը մտնում են գրանցման դաշտ։ Առաջին անգամ կարողացել ենք հողի հարկի մասով շուրջ 250 մլն դրամի չափով ավել գումար հավաքագրել, քան 2016-ին: Շուրջ 1 մլրդ դրամի չափով գույքահարկի ավելացում ունենք, ավելացել են նաև տեղական տուրքերի և գույքի վարձակալության գումարները։ Սա փաստում է, որ մեր համայնքերն իրենց մարդկային կապիտալով ունեն հնարավորություններ և առաջիկայում Ձեր կողմից ուղենշված խնդիրները, պարոն Նախագահ, պետք է լուծումներ ստանան համայնքներում։ Իրավամբ, մեր ամենացավոտ կողմերից մեկը բյուջեների ծախսային և մուտքային խնդիրներն են: Այս 6 ամիսների ընթացքում ՀՀ Տավուշի մարզում իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի թիվը 340-ից հասել է 1800-ի: Գեղարքունիքում 1920-ի, Սյունիքում` ավելին: Հանրապետությունում մոտ 15400 պայմանագիր է կնքված իրավաբանական անձանց հետ, և մենք այսօր հայտարարում ենք, որ 2018 թվականին գոնե 80 տոկոսի չափով աղբահանության և սանիտարական մաքրման վճարները պետք է իրականացվեն համայնքների սեփական եկամուտներից»,- նշել է նախարարը:
Նախարարն իր ամփոփիչ ելույթում ՀՀ Նախագահին է ներկայացրել ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրներ, նշել դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների ծրագրերը: Նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Նախագահի կողմից ոլորտին ցուցաբերած ուշադրության համար և արձանագրել, որ համայնքներում բազմաթիվ խնդիրներ լուծումներ են ստացել հենց Նախագահի անմիջական և գործուն աջակցության շնորհիվ: