Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ թշնամին պարբերաբար խախտում է հրադադարը՝ թիրախավորելով ինչպես հողի մշակին, այնպես էլ անասնապահին։ Վերջին ժամանակներում հրազենային միջոցներից բացի կրակում են նաև ականանետերից։ Այժմ ժամանակավոր դադարեցվել է սահմանամերձ և վտանգավոր տարածքների մշակումը․ 5000 և ավելի հա հողատարածքների մասին է խոսքը։ Սակայն ռուս խաղաղապահների աջակցությամբ որոշակի աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ հրադադարի խախտման դեպքերը չիրականացվեն։
-Պատերազմի հետեւանքով Արցախում զգալի կրճատվեցին գյուղատնտեսական նշանակության հողերն ու արոտավայրերը․ ռազմավարության ի՞նչ փոփոխություններ են արվել՝ նոր պայմաններին ադապտացվելու համար։
-44-օրյա պատերազմն իր բացասական ազդեցությունն ունեցավ ոչ միայն տարածքի կորստի առումով, այլ նաև թշնամու տիրապետության տակ մնաց գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ահռելի քանակություն։ Եվ եթե համեմատական անցկացնենք՝ ինչպես հողային ֆոնդի շուրջ 80 տոկոսը մնաց, նույն ձևով կարող ենք նշել նաև գյուղատնտեսական տեխնիկայի և այլ ենթակառուցվածքների մասին։
Ելնելով այս իրավիճակից՝ մեր առջև խնդիր ենք դրել եղած գյուղատնտեսական հողերի պոտենցիալն օգտագործել ամբողջությամբ։ Ասել, որ մեկ տարվա ընթացքում կարող ենք այդ նշված հողատեսքերը բարելավել և օգտագործել՝ միանշանակ չենք կարող, բայց աստիճանական կարգով փորձում ենք առավել շատ վարելահող, արոտավայր և խոտհարք բարելավել, որոնք ժամանակի ընթացքում չեն մշակվել և թփակալել են։
Այդ առումով կավելացնենք մեր՝ մշակման ենթակա հողատեսքերը։
Բացի այդ, նաև ջերմոցային տնտեսությունների տարածքներն են ավելացվում․ դա ենթադրում է միավոր տարածքից ավելի մեծ քանակությամբ, և տարվա ընթացքում մի քանի անգամ, բերքի ստացում, որն ազդեցություն կունենա տնտեսության վրա, և այդ բացը կփորձենք ինչ-որ չափով լրացնել։
-Այսինքն, այն հողատարածքները, որոնք նախկինում չէին մշակվում, հիմա արդեն կմշակվե՞ն․ իսկ ինչպե՞ս եք կազմակերպելու, արդյո՞ք հողերի վերաբաշխում է տեղի ունենալու։
-Քանի որ նախկինում ավելի մեծ հողակտորները գտնվում էին մեր ներքին զոնաներում և այժմ գտնվում են թշնամու տիրապետության տակ, այդ ժամանակ փոքր հողակտորների մի մասը չէր օգտագործվում և մի մասը թփակալվել էր։ Դրանք արդեն թփերից ազատման մակերեսային և արմատական բարելավման ծրագրեր են նախատեսվում, որ ներառվեն մշակման։ Դրանք ունեն սեփականատերեր և նպաստավոր պայմաններ ենք ստեղծում, որ այդ տարածքները պետական ծրագրերով բարելավվեն և հողօգագործողներն օգտագործեն։
-Իսկ ում հողատարածքը որ մնացել է թշնամուն՝ նրանց համար փոխհատուցման ծրագրեր կա՞ն։
-Աջակցությունը գյուղատնտեսության ոլորտում կտրամադրվի երեք ուղղությամբ՝ կորսված կենդանիների գլխաքանակի դիմաց, այգիների և գյուղտեխնիկայի դիմաց։ Այդ տվյալների մի մասը հավաքագրված են, մի մասով ճշգրտումներ են իրականցվում, մի մասն արդեն պետական աջակցությունն ստացել է։
-Կա՞ն տվյալներ՝ քանի բիզնես նշանակության, քանի անհատական մշակման հողատարածքներ են մնացել թշնամուն։
-Իրավաբանական ընկերությունների աջակցությունն իրականացվում է հարկային ծառայությունների միջոցով, իսկ ոչ իրավաբանականներն արդեն մեր միջոցներով։
Մոտավոր կարելի ասել, որ թշնամուն են մնացել շուրջ 577 000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր։
- Արցախի Հանրապետությունում նախկինում տարեկան արտադրվում էր միջինը՝ 100-120 հազար տոննա հացահատիկ, որի 60-70 տոկոսը իրացվում էր Հայաստանի Հանրապետությունում։ Մնացած 30-40 տոկոսը լիովին բավարարում էր Արցախի բնակչության պահանջարկը։ Արդյո՞ք այսօր Արցախում արտադրվող հացահատիկը բավարարում է գոնե ներքին՝ Արցախի բնակչության պահանջարկի բավարարման համար։
-Գյուղատնտեսության ոլորտում հացահատիկի բերքատվությունը խիստ տատանումներ է արձանագրում՝ կապված մի շարք պայմանների, այդ թվում բնակլիմայական պայմանների հետ։ Այս տարի, կարծես թե, տարին բարենպաստ է, հուսանք՝ բարձր բերքատվություն կլինի, և զուտ հացահատիկի մասով եթե անգամ լրիվ չապահովի, ապա շատ մոտ կլինի ինքնաբավությանը։
-Իսկ ընդհանուր պարենային ինքնաբավությունը շա՞տ է տուժել պատերազմից, եւ ինչպե՞ս եք լրացնում։
-Եթե ասեմ, որ այս պահին մշակվող տարածքներով կարող ենք լուծել ինքնաբավության հարցը ինչպես բուսաբուծական, այնպես էլ կենդանաբուծական ոլորտներում՝ կեղծիք կլինի, բայց այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, և հնարավորինս ավելի մեծ տարածքներ են մտել բերքի տակ և, միևնույն ժամանակ էլ, բարեփոխումների արդյունքում միավոր տարածքից ավելի շատ բերք ստանալով՝ ակնկալում ենք նման արդյունք։
-Մե՞ծ են այն հողատարածքները, որոնք դիտարկվում են թշնամու կողմից և մարդիկ չեն կարող մշակել։
-Զուտ սահմանամերձ տարածքներում գիտենք, որ թշնամին պարբերաբար իրականցնում է հրադադարի խախտումներ՝ թիրախավորելով ինչպես հողի մշակին, այնպես էլ անասնապահին։ Նույնիսկ վերջին ժամանակներում հրազենային միջոցներից բացի կրակում էին նաև ականանետերից։
Այժմ ժամանակավոր դադարեցվել է սահմանամերձ և վտանգավոր տարածքների մշակումը․ 5000 և ավելի հա հողատարածքների մասին է խոսքը։ Սակայն ռուս խաղաղապահների աջակցությամբ որոշակի աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ հրադադարի խախտման դեպքերը չիրականացվեն։ Եվ վերջնական լուծում ստանալուց հետո այդ տարածքները ևս կփորձենք մշակել։ Բայց այս պահի դրությամբ մեր հիմնական խնդիրը մեր հայրենակիցների անվտանգությունն է և ռիսկի չենք դիմում։
-Գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը ինչ վտանգներ է առաջացնում գյուղատնտեսության համար։
-Ջերմոցային տնտեսությունների մի մասը ջեռուցվում է գազաֆիկացման եղանակով։ Կան վերամշակման որոշ ընկերություններ, որոնք ևս օգտվում էին բնական գազից, ինչպես նաև անասնաբուծական որոշ ճյուղերում է դա օգագործում։ Նշված տնտեսությունները որոշակի վնասներ են կրել․ մի մասը փորձում է էներգիայի այլ աղբյուրների կիրառման ուղղությամբ աշխատել՝ փորձելով հնարավորինս անկախանալ այդ ուղղությամբ։
-Այսինքն, գազի փոխարեն փայտո՞վ են տաքացնում։
-Այո, անցում են կատարում կա՛մ փաստի տաքացման կաթսաների, կա՛մ այլ՝ հեղուկ վառելիքի, նույնիսկ էլեկտրաէներգիայի կիրառմամբ են փորձում այդ հարցերը իրականացնել։ Ճիշտ է, դա արդեն իր ազդեցությունը կունենա շահութաբերության վրա, բայց կփորձենք օգնել մեր արտադրողներին։
-Գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ ներդրումներ են կատարվում, գյուղմթերքի արտահանումն ու իրացումը ի՞նչ չափով է կատարվում եւ ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում։
-Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ևմյուս ոլորտներում ներդրումները կարգավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, որոշակի ներդրումներ էլ իրականացվում են բարեգործական ծրագրերով։ Ճիշտ է, միանշանակ, դրամական հոսքերն ինչքան ավելի շատ լինեն, այնքան իրենց ազդեցությունը ունենան և ավելի կարճ ժամկետում կարող են հասցնել ինքնաբավության մակարդակի պիկին, և կաճեն նաև արտահանման ծավալները։
Ընդհանուր առմամբ, եթե նշենք արտահանման ծավալների մասին, այնքան էլ շոշափելի արտահանումներ չունենք՝ բացառությամբ թռչնամսի և հավկիթի որոշակի արտահանում կա որտաքին շուկաներ։
Կան որոշակի հետաքրքրվածություններ ներդրումների առումով, հանդիպումներ ենք ունենում։ Եթե ավելի մեծ ներդրումներ լինեն՝ ավելի կարճ ժամանակահատվածում կարող ենք նաև այն չօգտագործվող տարածքներ ներառել բերքի տակ, և ավել մեծ տնտեսական հզորություններով արտադրամասեր կառուցել, անհրաժեշտ սարքավորումներով ապահովել բնակչությանը։
Աննա Բալյան