Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանը լքեց Եվրախորհուրդը, նաև կասեցրեց Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների կոնվենցիան, ինչպես նաև մի շարք այլ կարևոր համաձայնագրեր: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Դա շատ նշանային ու ճակատագրական քայլ էր՝ և Եվրոպայի համար, և՛ Ռուսաստանի, որի նշանակությունը դեռևս չի գիտակցվում: Կոնվենցիայից դուրս գալը չի նշանակում, որ Ռուսաստանն այլևս չի ճանաչում մարդու իրավունքները, որի դրույթները ամրագրված են իր սահմանադրության մեջ:
Կա կարծիք, որ դրանով Ռուսաստանը ցանկանում է խուսափել ուկրաինական դեպքերի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հնարավոր դեպքերի քննությունից: Չմերժելով այդ կարծիքը, այնուամենայնիվ, այդ քայլն առաջին հերթին քաղաքական,, եթե ոչ, քաղաքակրթական նշանակություն ունի:
Եվրամիությունը ստեղծվել է 1949 թվականին, երկրորդ աշխարհամարտից հետո, նոր Եվրոպա, նոր աշխարհ, նոր անվտանգային համակարգ, նոր աշխարհակարգ, նոր արժեքային համակարգ կառուցելու երազանքն իրականացնելու համար: Ետպատերազմյան Եվրոպական Նախագիծը մարդկության դարերով փայփայած երազանքն էր: Անդամակցում են արդեն 46 երկիր, առանց Ռուսաստանի, մոտ 700 միլիոն բնակչությամբ:
Ռուսաստանն այս քայլով մերժում է եվրոպական քաղաքակրթությունը, կամ էլ ցուցադրում է, որ նման քաղաքակրթություն, ըստ իրեն, այլևս գոյություն չունի և իմաստ չկա այնտեղ մնալ:
Ռուսաստանը թեքվում է դեպր Արևելք ու Հարավ, որտեղ տեղափոխվում է համաշխարհային տնտեսության կիզակետն, աճում է ռազմական ներուժը:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, Եվրոպան դարձել է ԱՄՆ վասալը և զրկվել է սուբյեկտայնությունից: Հեղինակավոր եվրոպական շատ փորձագետներ նույն կարծիքն են արտահայտում, սակայն ավելի մեղմ ձևակերպումներով. Եվրոպան չի կարողանում պաշտպանել իր շահերը:
Առանց Ռուսաստանի, Եվրախորհրդի հեղինակության ու ազդեցության աստիճանը նվազում է, նաև նվազում է հավատը մարդու իրավունքների հիմնարար ազատությանների նորմի անխափան լինելու հանդեպ: Եվրոպայում ծավալվող հակառուսական ալիքը չի խնայում պատերազմի համար որևէ պատասխանատվություն չունեցող էթնիկ ռուսներին, վաղը չի խնայի չինացիներին, եթե լարվեն հարաբերությունները Չինաստանի հետ: Ցուցակը կարելի է շարունակել:
Արցախյան Երկրորդ պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ վերաբերմունքի ու անտարբերության մատնվեցինք, նույնը տեսան, մասնավորապես, Սիրիայի եզդիները, երբ իրենց ցեղասպանության էին ենթարկում, նույնպես անտարբերության քողի ներքո:
Եվրոպական երազանքը, որին ձգտում էին Եվրոպայից դուրս գտնվող մյուս երկրների քաղաքացիները, կորցնում է իր մոգական ազդեցությունը, հետևապես, սկսում է մարել եվրոպական քաղաքակրթությունը որպես մարդկության համար իդեալական ուղի և դա շատ ցավալի է»,- գրել է քաղաքագետը: