կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 17:38
Հասարակություն

Ռեկտորների խորհուրդը՝ բուհերը վերահսկելու համար պայքարի նոր թատերաբեմ

Ռեկտորների խորհուրդը՝ բուհերը վերահսկելու համար պայքարի նոր թատերաբեմ

Բուհերի վրա ամբողջական վերահսկողություն սահմանելու մարմաջը ՀՀ իշխանություններին հասցրել է ռեկտորների խորհուրդ։

ԵՊՀ-ի նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մայր բուհը կասկածելի գործընթացով իրենով անելուց հետո, հիմա էլ ուզում է դառնալ բոլոր բուհերի ռեկտորների խորհրդի նախագահը։ Մամուլն ահազանգեց, որ Հովհաննես Հովհաննիսյանը քայլեր է անում  մշտական հիմունքով դառնալու ռեկտորների խորհրդի նախագահ, որը մինչ այս գործում էր ռոտացիոն կարգով՝ ամեն տարի մեկ բուհի ռեկտորի գլխավորությամբ։

ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը Yerkir.am-ի հետ հարցազրուցում ասաց՝ ցավալի է, որ կարևոր խնդիրները թողած՝ ամբիցիաների հարց են լուծում։

«Այս խոսակցությունները եթե կան՝ ոչ տեղին եմ համարում, որ բուհական ոլորտի շատ, շատ կարևոր խնդիրներ թողած, որ այս իշխանությունները 4 տարի առաջ բարձագոչ ասում էին, թե ինչ են անելու բուհական ոլորտում՝ ոչ մի պրոգրեսիվ բան տեղի չի ունեցել, ընդհակառակը ռեգրես կա, ու դրած ինչ-որ ամբիցիաների հետևից են ընկնում»,-ասաց նա։

Մենուա Սողոմոնյանը նշեց, որ ժամանակին բանավոր պայմանավորվածություն կար, որ ռեկտորների խորհրդի նախագահը հիմնականում  լինի ԵՊՀ ռեկտորը, նիստերը ևս միշտ տեղի էին ունենում Երևանի պետական համալսարանում, քանի որ Պետական համալսարանը ուներ ավելի շատ մարդկային ռեսուրսներ՝ աշխատակազմ, որ աշխատում էին խորհրդի քննարկման ենթակա փաստաթղթերի վրա։

«Հետո թե ինչ է տեղի ունեցել՝ տեղյակ չեմ, որ ռոտացիոն է դարձել։ Ռոտացիոն կլինի, թե ոչ ռոտացիոն՝ խնդիրն այն է, որ այստեղ էլ կա ավելի շատ կենտրոնացում անկարևոր բաների վրա, քան կարևոր։ Լավ կլիներ, որ հիմա ինֆորմացիա ստանայինք, որ ռեկտորների խորհուրդը ինչ-որ լուրջ պրոյեկտի վրա է աշխատում, ինչ-որ լուրջ հետազոտություն է իրականացնում և այլն՝ ինչ-որ մի գործ է անում, ոչ թե որ ամբիցիաների կռիվ է տալիս»,-ասաց ԵՊՀ դոցենտը։

Ռեկտորների խորհուրդը գործում է դեռևս 1990-ականներից՝ հասարակական կազմակերպության կարգավիճակով։ Նպատակը բարձրագույն կրթության ոլորտին առնչվող իրավական փաստաթղթերի վերաբերյալ արձագանք, բուհերի դիրքորոշումներն արտահայտող գնահատականներ տալն է։ Դա նաև հարթակ է կրթության և գիտության փոխնախարարի հետ կապ ապահովելու համար։ Սողոմոնյանն ասում է՝ ժամանակին նորմալ համագործակցություն էր տեղի ունենում՝ խորհրդակցական բնույթի մարմին էր։ Ռեկտորների խորհուրդը ժամանակին ներգրավվել է նաև տարբեր ծրագրերում։ Մինչդեռ այսօր քաղաքական թիմի պայքարի թատերաբեմ է դարձել, ինչպես կրթական շատ այլ հաստատություններ, որոնց ապաքաղաքականացնելու խոստումով էլ եկավ իշխանության գործող վարչակազմը։

Աննա Բալյան