Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան 44-օրյա պատերազմին 30 օր ապաստարաններում պատսպարված՝ Արցախի Նոր շեն գյուղի բնակիչները հիմա էլ սահմանային լարվածությունից են անհանգստանում։ Այս գյուղում խաղաղություն չկա։ Միայն հայ սահմանապահներով հսկվող սահմանին մերթ ընդ մերթ ադրբեջանցի զինվորականները սադրանքների են դիմում, որոշ ժամանակ առաջ էլ գիշերը կրակ են բացել։
Yerkir.am-ի հետ զրույցում Նոր շենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանը շեշտում է՝ նորշենցիներին զենք պիտի բաժանվի, որ կարողանան ծայրահեղ դեպքում ինքնապաշտպանվել: Ասում է՝ վտանգավոր է, դիրքը շատ մոտ է գյուղին, հնարավոր է ինչ-որ պահի ոտնձգություն անեն:
Ավանեսյանն ընդգծում է՝ ամենաառաջնային հարցը նորշենցիների անվտանգությունն է, խոսում-խոսում են, բայց ոչ մի գործուն քայլ չեն ձեռնարկում։ «Անվտանգության մասին խոսում են, բայց քայլեր չեն ձեռնարկում։ Մեր բնակիչների կյանքն է կարեւոր, որի համար, ցավոք, որեւէ լուրջ միջոցառում չի ձեռնարկվում: Հենակետեր են դրել, բայց դա բավարար չէ բնակչության անվտանգության համար: Գալու է մի օր, որ մենք թշնամու հետ արդեն ոչ թե սահմանից, այլ մեր օջախներից կռիվ տանք։ Այս ամենը հաշվի չառնելով՝ գալիս ենք դասի, դասապրոցեսներին մասնակցում ենք, դասապրոցեսը չի խաթարվում: Հիմա Նոր շենում իրավիճակը համեմատաբար խաղաղ է, ադրբեջանական պոստի դիմաց կանգնած՝ Ձեզ հետ զրուցում եմ»,- ասաց նա:
Անվտանգության երաշխիքներ ո՞վ պետք է տա՝ Հայաստանի՞, թե՞ Արցախի իշխանությունները, ի՞նչ սպասելիքներ ունեն նորշենցիներն այս իրավիճակում։ «Իշխանության դեմքերը փոխվելու են, բայց իշխանությունը պետք է գործի ժողովրդի անունից։ Եթե ժողովրդի կողմից է գործում՝ ես կողմ եմ, բայց այսօր Հայաստանի իշխանությունը ժողովրդի անունից ու ժողովրդի համար չի գործում: Ես ուշադիր հետեւում եմ, թե ինչ է կատարվում այդտեղ, լուրջ գործնական քայլեր չեն ձեռնարկվում ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Դպրոցի դասերից հետո աշակերտները դուրս են գալիս, խաղում են անմիջապես ադրբեջանցիների նշանառության տակ: Աշակերտների մեջ, ճիշտ է, խուճապային տրամադրություն չկա, բայց անվտանգ չէ»,- ասաց զրուցակիցս։
Պատմեց, որ մի քանի անգամ եղել է, որ ադրբեջանակն դիրքից կրակել են: «Մի օր էլ, գյուղացիները քնած էին, ուշ գիշերով սկսեցին կրակել: Մեր հատվածում ռուս խաղաղապահներ չկան, սահմանը հսկում են բացառապես մեր զինվորները: Ռուսական խաղաղապահ զորախմբի բազան մի քանի կիլոմետր հեռու է, բայց եթե ինչ-որ բան է լինում, անմիջապես արձագանքում են»,- պատմեց Ավանեսյանը: Շեշտեց՝ խուճապային տրամադրություններ չկան, ժողովուրդն իր տներում է, ոչ ոք չի լքելու Արցախը:
Հիշեցնենք, որ մարտի 4֊ին ադրբեջանցիները փորձել էին ահաբեկել Մարտունու շրջանի Նոր շեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով եւ հայտնի ձայնագրությունը հնչեցնելով։ Նոր Շենի մերձակա դաշտերում ռուս խաղաղապահների ներկայությամբ աշխատող գյուղացիներին վախեցնելու եւ աշխատանքները դադարեցնելու համար թշնամու զինծառայողները կրակահերթ էին արձակել օդ։
Տե՛ս նաեւ
Թշնամու ձայների ու «ապագա կա՛»-ի արտացոլանքն Արցախի Նոր շենում
Լիանա Սարգսյան