կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 17:37
Հասարակություն

Եթե 23 աշակերտ գնացել է դպրոցից, Հարությունն էլ պիտի տեղափոխվի. դպրոցի տնօրեն

Եթե 23 աշակերտ գնացել է դպրոցից, Հարությունն էլ պիտի տեղափոխվի. դպրոցի տնօրեն

Ընդամենը օրեր առաջ նորից աղմուկ բարձրացավ, որ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի և իր համադասարանցիների միջև կոնֆլիկտը սրվել է: Yerkir.am-ի հետ զրույցում տղայի ավագ եղբայրը նշել էր, որ երեխան միակ աշակերտն է դասարանում, մյուսները մի քանի ժամվա ընթացքում տեղափոխվել են այլ դպրոցներ: Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանի հետ:

 

Նա հաստատեց, որ ուրբաթ օրվանից (ապրիլի չորսից - հեղ.) երեխաները չեն հաճախում դպրոց, ամբողջ դասարանից դպրոց եկել է միայն Հարությունը: Իսկ արդեն ապրիլի 8-ից 23 երեխաների ծնողները դիմումներ են ներկայացրել` իրենց երեխաներին այլ դպրոցներ տեղափոխել: Տնօրենը նշեց, որ դա ծնողի իրավունքն է, իրենք ընդդիմանալ կամ դիմումը մերժել չեն կարող:

 

Գ. Դեմիրյանը պատմեց, որ մինչ Հարությունի այս դպրոց տեղափոխվելը, դասարանի աշակերտները շատ համախմբված, միասնական են եղել, խնդիրներ երբեք չեն առաջացել. «Ես սա ասելով չեմ ուզում  Հարությունին մեղադրել: Երեխաները տարբեր են: Ես կարծում եմ, որ Հարությունը մի քիչ ավելի հասուն երեխա է:  Ինքը փոքրամարմին է, բայց երբ հետը զրուցում ես, ավելի հասուն է: Փաստորեն, չինտեգրվեց, ինչ-որ բան չստացվեց»:

 

Տնօրենը «ինչ-որ բան չստացվելու» պատճառ համարում է նախևառաջ տարիքային առանձնահատկությունը: Կարծում է, որ եթե նման խնդիր առաջանար ավելի մեծ տարիքում, օրինակ, եթե ավագ դպրոցում սովորելիս լինեին, ապա աղմուկ  չէր բարձրանա, երեխաներն իրենք ինքնուրույն կլուծեին հարցը, կանցներ, կգնար:

 

«Եթե ինչ-որ բան  է լինում, այս տարիքի երեխաները տանը պատմում են, որ իրենց նեղացրել են, և նայած թե ինչպես կներկայացնեն խնդիրը: Այս դեպքում ծնողի ակտիվությունը մեծանում է: Իսկ ավագ դասարանում հազվադեպ կարող է լինել, որ երեխան գնա տանը պատմի, թե մեկն իրեն նեղացրեց…»,- Գ. Դեմիրյանը համաձայնեց, որ այս դեպքում հենց մեծ է եղել ծնողների դերը, իրենք առաջարկել են նրանց չխառնվել կոնֆլիկտին կամ լուծման խաղաղ ճանապարհներ գտնել, սակայն նրանք այդ քայլին չեն գնացել. «Եթե գնային, ես այսպիսի տխուր փաստի առաջ չէի կանգնի: Ինձ համար բոլորի գնալն էլ ցավ է: Բա հինգ տարի այստեղ սովորել են: Դասարանի կողքով անցնում եմ, ցավ եմ ապրում»:

 

Մեր այն հարցին, թե այժմ ի՞նչ է լինելու Հարությունի ճակատագիրը, տնօրենը բացատրեց, որ ներկայումս կա միայն մեկ 6-րդ դասարան, որը բաղկացած է առավելագույն թվով աշակերտներից` 35 հոգի, ևս մեկին վերցնել չեն կարող: Այս օրերին Հարությունը դպրոց չի գնում` հիվանդ է, սակայն, եթե գնա էլ, ապա այնտեղ նրան ընդունող չկա, տնօրենը լակոնիկ պատսախանում է. «Դասարանը լուծարված է: 23-ը գնացել են, ինքն էլ պիտի տեղափոխվի: Ուրիշ տարբերակ չունենք»:

 

Yerkir.am-ը զրուցեց նաև ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ: Հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ առաջին դասարանը կիսել, դարձնել երկու դասարան, դրանցից մեկում տեղավորել նաև Հարությունին, Ն. Հովհաննիսյանն ասաց, որ դա նպատակահարմար չէ երկու պատճառով. Նախ ֆինանսական բավարար միջոցներ են հարկավոր, և մյուս կողմից` այդպիսով հոգեբանական սթրեսի են ենթարկվելու երեխաները:

 

Yerkir.am-ը փորձեց քաղաքապետարանից էլ ճշտել, թե այստեղ խնդրի լուծման վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն: Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտնեց, որ իրենք լիազորել են տնօրենին խոսել խնդրի էության և լուծման տարբերակների մասին, իրենք ավելացնելու ոչինչ չունեն:

 

Ա.Կ.