կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 22:00
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը զարմացել էր, որ Փաշինյանը նոյ․ 9-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ և հետո չէր կապվել իր հետ․ Մուրադ Փափազյան

Մակրոնն ասաց՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եմ, ցույց եմ տալիս, որ բարեկամություն ունեմ Հայաստանի հետ և զարմանում եմ, որ Հայաստանի վարչապետը նախաձեռնողականություն չի ցուցաբերում, առիթից չի օգտվում Ֆրանսիայի հետ բարեկամությունը հաստատելու համար, նաև անձնական՝ նախագահ-վարչապետ մակարդակով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ պատմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ 2020 թ-ի նոյեմբերի 12-ին՝ հրադադարի Հայտարարության ստորագրումից 3 օր հետո, հանդիպման մասին։

«Նախագահ Մակրոնը զարմացել էր, ասաց՝ ես չեմ հասկանում, ես միշտ Տելեգրամով մեսիջներ էի ուղարկում վարչապետ Փաշինյանին, նա պատասխանում էր, բայց երբեք ինքն այդ նախաձեռնությունը չէր առնում՝ ինձ տեղեկացնելու։ Ես հարցնում էի՝ ինչպե՞ս է պատերազմի վիճակը դաշտի վրա, ասում էր՝ շատ լավ է, շատ լավ է․․․ Մակրոնը զարմացել էր, որ Հայտարարությունը ստորագրելուց առաջ չէր կապվել իր հետ և ստորագրելուց հետո չէր կապվել իր հետ»,-ասաց Մուրադ Փափազյանը։

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ ՀՀ գործող կառավարությունն ուզում է վերահսկողության տակ պահել Սփյուռքը, ինչը արտահայտվեց Զարեհ Սինանյանի այցի ժամանակ, որը ոչ թե  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ հանդիպեց, այլ ինչ-որ նորաստեղծ կազմակերպության, որին ֆրանսահայ համայնքում քչերն են ճանաչում։

«20 տարի է՝ փաստած ենք, որ հաջողած ենք բարձրացնել Ֆրանսիայի հայ համայնքը մինչև նախագահ, վարչապետ, կառավարության անդամներ, պատգամավոր ծերակուտականներ։ Նաև 44-օրյա պատերազմի շրջանում 84 քաղաքներ, շրջաններ, Սենատը քվեարկեց Արցախի անկախության օգտին։ Այս պատճառով մեզ համար անհհասկանալի է, որ պրն․ Սինանյանը նախընտրում է առաջացնել ուրիշ կազմակերպություն, որի ղեկավարները հասարակության անծանոթ են, որպեսզի մրցակցի մեզ հետ»,-ասաց Մուրադ Փափազյանը։

Նա նշեց, որ այս քաղաքականությունը, որ տարվում է թե՛ Սփյուռքի ուղղությամբ, թե՛ տնտեսական, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ, տկարացնում է Հայաստանը, վտանգի տակ է դնում Հայաստանը։ Սա անվտանգության հարց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ ազգի համար, որովհետև Հայաստանը նաև Սփյուռքահայերի հայրենքն է։

Մուրադ Փափազյանը Հայաստանում է՝ մասնակցելու ՀՅԴ Ընդհանուր ժողովին, որը ՀՅԴ համազգային կառույցի բարձրագույն ժողովն է, գումարվում է 4 տարին մեկ անգամ։ 34-րդ Ընդհանուր ժողովն առաջինն է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և կընթանա մինչև մարտի 8-ը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․