Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ամբողջ տարին աշխատում ենք Ֆրանսիայի քաղաքական վերնախավի հետ: Վերջին մի քանի տասնյակ տարիներին մշակեցինք քաղաքական և անձնական կապեր պատգամավորների, նախարարների և, վերջապես, նախագահների հետ. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
Հունվարի 29-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքը, որին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իր՝ մոտ 35 րոպե տևողությամբ ելույթում Մակրոնը անդրադարձավ Արցախյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ժխտման անթույլատրելիությանը և այլն:
Մեր հարցին, թե ինչ ուղերձներ էր պարունակում Ֆրանսիայի նախագահի ելույթը՝ հատկապես Արցախի վերաբերյալ, Մուրադ Փափազյանը նշեց. «Այս բոլորը լուրջ և հետևողական աշխատանքի արդյունք է: Հարցերը, որոնք բարձրացրինք 2019 թ. ողջ տարվա ընթացքում, վերաբերում էին Արցախի անվտանգությանը և Արցախի Հանրապետության ճանաչմանը: Այս պարագաները մեզ համար ունեն առաջնահերթություն: Ինչու՞: Նախ և առաջ իրավունքի հարց է. Արցախի ժողովուրդն ինքը հանրաքվեով որոշել է հայեցի ապրել իր պապենական հողերի վրա: Հիշեցրինք նաև, որ Ադրբեջանի պատերազմական կեցվածքը Արցախի ժողովրդի դեմ անհնար է դարձնում որևէ քայլ: Նախագահ Մակրոնը հասկացավ և ընդունեց այս իրականությունը: Հիշեցրեցինք, որ Արցախը Հայաստանի վահանն է, և, եթե վտանգվի Արցախը, կվտանգվի նաև Հայաստանը»:
ՀՅԴ Բյուրոյի անդամը ընդգծեց՝ քաղաքական վերնախավի հետ հանդիպումների ժամանակ պահանջել են, որ կառավարության ներկայացուցիչները դադարեցնեն դատի տալ ֆրանսիական քաղաքներին, որոնք բարեկամական պայմանագրեր են ստորագրում Արցախի քաղաքների հետ: Դրանից հետո պահանջ ներկայացվեց, որ օրակարգի վրա դրվի Հայոց ցեղասպանության ուրացման դեմ օրենքի նախագիծը:
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ընդունվել էր 2012 թ., սակայն 2017 թ. երկրի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց այն՝ նշելով, որ դրանով շատ հաճախ խախտվում է խոսքի և մտքի ազատությունը: Իսկ ինչ վերաբերում է Արցախի քաղաքների և ֆրանսիական քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերին, նշենք, որ 2019 թ. մի շարք ֆրանսիական քաղաքների վարչական դատարաններ չեղյալ էին հայտարարել այդ հռչակագրերը, սակայն ֆրանսիական քաղաքային ղեկավարությունը նշում էր, որ այդ որոշումը չի կարող սեպ խրել Արցախի հետ բարեկամական հարաբերությունների միջև:
Հարցին՝ արդյոք կարելի՞ է ակնկալել, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը դարձյալ կդառնա քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով Մակրոնի դիրքորոշումն ու վերաբերմունքը Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ (հենց Մակրոնի նախագահության ժամանակ է Ֆրանսիայում ապրիլի 24-ը հայտարարվել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր), Մուրադ Փափազյանն ասաց՝ դա Մակրոնի խոստումներից մեկն է, և 2020 թ. պետք է դառնա աշխատանքային տարի Ֆրանսիայի կառավարության հետ:
«Մեր և իրենց մասնագետները պիտի աշխատեն՝ սահմանադրական լուծումներ գտնելու համար: Չմոռանանք, որ Թուրքիան լրջորեն աշխատում է մեր դեմ՝ վնասելու մեր աշխատանքը», - նշեց Փափազյանը:
Երեկ կայացել էր Մակրոն-Ալիև հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկման առարկա էր նաև Արցախյան հակամարտության կարգավորումը: Անդրադառնալով այդ հեռախոսազրույցին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց. «Նախագահ Մակրոնը մեզ հաստատեց, որ Ֆրանսիան աշխատում է լրջորեն: Նախագահը բավական լավատես է և հույս ունի, որ 2020 թ. դրական տարի կլինի»:
Ընթրիքին ներկա էր նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ով առանձնազրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ. «Նախագահ Մակրոնին ներկայացրինք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, ով գնահատեց Ֆրանսիայի և ֆրանսահայության միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները: Նախագահ Մակրոնը տպավորվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության, որպես միջազգային կառույցի, դերով և գործունեությամբ: Մակրոնը լավագույնս հասկացավ ՀՅԴ-ի կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների», - խոսքը եզրափակեց Մուրադ Փափազյանը: