կարևոր
5224 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-24 22:58
Աշխարհ

Փաշինյանը վարում է հակահայ քաղաքականություն, եւ Էրդողանը դա հասկացել է. Մուրադ Փափազյան

Փաշինյանը վարում է հակահայ քաղաքականություն, եւ Էրդողանը դա հասկացել է. Մուրադ Փափազյան

Թուրքիայի նախագահ Էրդողանի ցուցում-հորդորը Նիկոլ Փաշինյանը տեղում կատարեց։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ուղերձում նա թեեւ մեկ անգամ օգտագործեց Ցեղասպանություն բառը, բայց ըստ էության, տեղի ունեցածը մոռանալու ուղերձ հղեց հայ ժողովրդին՝ հորդորելով հրաժարվել «կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուքից» եւ «այլևս երբեք»-ը ուրիշներին ասելու փոխարեն «ինքներս մեզ» ասենք։

Ապրիլքսանչորսյան ուղերձում ՀՀ վարչապետը ընդամենը մեկ անգամ հիշատակեց Օսմանյան կայսրությունը, ոչ մի անգամ՝ նրա իրավահաջորդ Թուրքիային։

Ըստ նրա, «պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ»։ Սրանով Փաշինյանը Ցեղասպանության պատասխանատվությունը դրեց ոչ թե Թուրքիայի, այլ «աշխարհաքաղաքական խարդավանքների» վրա` մի բան, որ տարիներ շարունակ արել եւ անում է Թուրքիան՝ «Օսմանյան հողերում Առաջին աշխարհամարտի պատճառած ավերածություններ»-ից խոսելով (ձեւակերպումը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և հայ համայնքին հղած Էրդողանի ուղերձից է․,-խմբ․ )։

Փաշինյանը չխոսեց Թուրքիայի ժխտողականությունից, նրա հովանավորյալ Ադրբեջանից, Արցախում էթնիկ զտման փաստից։ Այս ամենի փոխարեն, նա նոր բառ նետեց դաշտ՝ «հոգեցնցում», թե աշխարհն ու մեզ ընկալում ենք «Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը»։

Փաստացի Հայաստանի դե ֆակտո ղեկավարը մի փոքր այլ ձեւակերպումներով հայ ժողովրդին ասաց այն, ինչ նախօրեին՝ ապրիլի 23-ին ասել էր Թուրքիայի նախագահը։ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,-հայտարարել է Էրդողանը շեշտելով, որ «հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը համոզված է՝ այս համընկնումները պատահական չեն, Փաշինյանի քաղաքականությունը հակահայ է եւ Էրդողանը դա հասկացել է։ «Էրդողանը հասկացավ, որ Փաշինյանը պատրաստ է զիջել նաեւ Հայոց ցեղասպանության հարցում։ Փաշինյանը եւ իր վարչակարգը համաձայն են Էրդողանի հետ»,-«Հրապարակ»-ին ասաց նա։

Մուրադ Փափազյանը ուղղակի խայտառակություն է համարում Հայոց Ցեղասպանության զոհերին անուն առ անուն հաշվելու գաղափարը, որը Ապրիլի 24-ի նախօրեին ՔՊ-ն օրակարգ նետեց։ Փափազյանի խոսքով, այդ առաջարկը կարող էր անել Էրդողանը, քանի որ դա մաքուր թուրքական թեզ է։ «Այդ հայտարարության ենթատեքստը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունն ուզում է հայկական կողմին դնել բարդ իրավիճակի մեջ։ Դա դատապարտելի է, ուղղակի խայտառակություն։ Մենք միասնաբար պետք է դատապարտենք այդ առաջարկը»,-նշում է նա։

ՀՅԴ Բյուրոյի անդամը ահազանգում է՝ հայ ժողովուրդը վտանգի մեջ է, որովհետեւ Փաշինյանի իշխանությունը չի ներկայացնում նրա շահը․ «Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ քաղաքականութունը հակահայ է։ Փաշինյանն իրավունք չունի իր որոշումներով Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնել, այնպես, ինչպես իրավունք չուներ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Նա խաբեց հայ ժողովրդին։ Նա դեռ պիտի խաբի, եթե շարունակի մնալ իշխանության գլուխ։ Վստահ եմ, որ զիջումների շարքը շարունակվելու է»։ Այս իրավիճակում ֆրանսահայ գործիչը ժողովրդին կոչ է անում` ինքն իրեն պաշտպանել։

Հ․Գ․ 2018 թ-ի ապրիլի 24-ին երիտհեղափոխական Նիկոլ Փաշինյանը, որ այսօր կարծում է, թե «պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար», արդարության վերականգնման ու Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից էր խոսում։ Այն ժամանակ նա ասում էր․«Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի, մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում», ասում էր վարչապետի աթոռին դեռ չնստած Փաշինյանը։

Մարիաննա Ղահրամանյան