կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 18:56
Քաղաքական

Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանն անոնսը արեց․ նախկիններն են մեղավոր

Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանն անոնսը արեց․ նախկիններն են մեղավոր

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին, ե՞րբ և ի՞նչ ձևաչափով են վերսկսվելու բանակցությունները, ի՞նչ է լինելու խաղաղապահների առաքելության ժամկետը լրանալուց հետո, ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հայությանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանելն օրեցօր ավելի դժվար է դառնում: Քանի որ «ամենաբաց ու թափանցիկ» իշխանությունն ուղիղ պատասխաններ չի տալիս, փորձենք պատասխանները ստանալ Փաշինյանի մանիպուլյատիվ հայտարարություններից:

Այսպես 2020-ի հուլիսի 12-ին Տավուշի սահմանագծում տեղի ունեցան հայ-ադրբեջանական դիրքային մարտեր, հայկական կողմը որոշակի առաջխաղացում ունեցավ։ Այս բախումները նշանավորվեցին որպես հուլիսյան մարտեր:

Դրանից երկու ամիս անց սկսվեց արդեն 44-օրյա պատերազմը՝ իր սարսափելի հետևանքներով: Հիմա առաջարկում ենք վերհիշել Փաշինյանի որոշ հարյտարարություններ, որոնք հաջորդել են այս երկու դեպքերին:

Հուլիսյան մարտերից հետո

«Երկար տարիներ ձևավորվում և մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա: Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում:

44-օրյա պատերազմից հետ

«Պատերազմից խուսափելու տարբերակն, ըստ էության, Ղարաբաղի կարգավիճակից հետագա հրաժարվելն էր: Իրավիճակը հասել էր մի կետի, երբ որ պատերազմն անխուսափելի էր»:

Հուլիսյան մարտերից հետո

Մենք որևէ մեկին թույլ չենք տա ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսել մեզ հետ, եւ այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան:

44-օրյա պատերազմից հետ

«Հիմա ինչ` Սև լճի 20-30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք»:

Հուլիսյան մարտերից հետո

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

«Հուլիսյան գործողությունների ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից»:

44-օրյա պատերազմից հետ

«Ասում են՝ ես որոշում եմ կայացրել, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք եւ 700 զոհ է եղել(խոսքը Լելե Թեփեի օպերացիայի մասին է)։ Կատարյալ անհեթեթություն է։ Այդ առաջարկի հեղինակը եղել է գեներալ, իրականացրել և որոշումը կայացրել է գեներալ։ Այո, քննարկման մի հատվածին ես ներկա եղել եմ, մոդերացիա եմ արել խոսակցությունը եւ սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել»:

Հուլիսյան մարտերից հետո

«Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են և ճշգրիտ:

Ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն»:

44-օրյա պատերազմից հետ

«Նախորդ իշխանությունն ամեն ինչ արել է, որ բանակը տեսանելիորեն փլվի»:

«Բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: Ընդ որում, այդ ֆունդամենտալ խնդիրները, կարծում եմ, բոլորինս են»:

Հիմա կհարցնեք, թե ինչ կապ ունի վերը հնչեցրած հարցերն այս ամեն հետ: Շատ ուղիղ: Այսպես, երկու օր առաջ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասում է.

«2018թ-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն։ Սա ձեր իշխանությունն է թողել։  Ավելին՝ 2016թ-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, և Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները»։

Մի կողմ թողնենք այս հայտարարության առերևույթ սուտ կամ մանիպուլյատիվ լինելը: Դա կարելի է անել պարզապես համացանցում որոնելով: Բայց, ստացվում է, որ պատերազմի սկսվելը վատ բանակցային ժառանգության վրա գցող Փաշինյանը նույնը անում է արդեն Արցախի կարգավիճակի հարցում:

Հուլիսյան հաղթանակի ժամանակ բանակը ամենամարտունակն էր, պարտությունից հետո՝ խնդիրներով ծանրաբեռնված, առաջին դեպքում ինքը ռազմական օպերացիաներ էր նախագծել, երկրորդի դեպքում՝ մոդերատոր էր: Եվ այսպես շարունակ: Հիմա էլ, երբ հերթը հասել է Արցախի կարգավիճակին, արդեն անոնսում է, որ ինչ էլ բանակցում է՝ Արցախը գտնվելու է Ադրբեջանի կազմում: Սլաքներն էլ նորից ուղղում նախկինից ստացած բանակցային գործընթացի վրա:

Հարց է առաջանում, բա այդ դեպքում, ի՞նչ եք բանակցում, ինչու՞ ուղիղ չեք ասում արցախցուն, որ բանակցում եք, բայց մեկ է գործնական ու տեսական հնարավորություն չունեք, այլ կարգավիճակ ձեռքբերոլու համար։ Ասե՛ք, մարդիկ իմանան, թե՞ չեք ասում որ տրամադրությունները չընկնի։ Կատակը մի կողմ, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն սույն թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է, որ ինքն այս 3,5 տարվա ընթացքում և հիմա ևս բանակցել է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակներ․․․այդ դեպքում, ինչու՞ էիք պատերազմում, մոբիլիզացիայի կոչեր անում ու հազարավոր զոհեր տալիս, եթե գործնական ու տեսական հնարավորություններ չկային։

Աղբյուրը՝ Yerevan.today

Տաթև Միրզոյան