կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 17:26
Քաղաքական

Արցախը հիմա մոտավորապես Աբխազիան կամ Հրվ․ Օսիան է՝ 1990-ականների կեսից մինչև 2008 թ-ը․ Բենիամին Պողոսյան

Արցախը հիմա մոտավորապես Աբխազիան կամ Հրվ․ Օսիան է՝ 1990-ականների կեսից մինչև 2008 թ-ը․ Բենիամին Պողոսյան

Եթե Ադրբեջանն էլ որոշի, որ հարձակվում է Արցախի վրա, ամենայն հավանականությամբ, ոչ միայն կարող ենք տեսնել Ռուսաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը, այլև կարող ենք տեսնել ռուսական օդանավեր, որոնք կռմբակոծեն Բաքուն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը։

Նա սխալ է համարում պնդումը, թե ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի կնքմամբ Ռուսաստանը վերջնականապես փակեց Արցախի անկախության ճանաչման հարցը։

Իբրև հիմնավորում Բենիամին Պողոսյանը հիշեցնում է 1994 թ-ին Մոսկվայում ստորագրված ռուս-վրացական համաձայնագիրը՝ Աբխազիայի, և Դագոմիսի համաձայնագիրը՝ Հարավային Օսիայի հարցով, որտեղ Ռուսաստանը ոչ միայն վերջնականապես չփակեց այդ հանրապետությունների ճանաչման հնարավորությունը, այլև այդ ստորագրություններից ընդամենը 14 տարի հետո ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Մինչդեռ դրանից առաջ՝ 1992 թ-ին, ստորագրված Հարավային Օսիայի վերաբերյալ ռուս-վրացական փաստաթղթում ընդհանրապես չէր նշվում, որ Հարավային Օսիան անկախ պետություն է, նշվում էր, որ կողմերը շարունակելու են բանակցությունները, Հարավային Օսիայում տեղակայվելու են բազմակողմ խաղաղապահ ուժեր, այդ թվում՝ վրացական, որն էլ ավարտվեց 1994 թ-ի Մոսկվայի համաձայնագրով, որում նույնպես ոչինչ չէր ասվում անկախության ճանաչման մասին։

1990-ականների կեսից մինչև 2008 թ-ը Ռուսաստանը դե յուրե Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքները ճանաչում էր որպես Վրաստանի մաս, որոնք փաստացի գտնվում էին իր վերահսկողության ներքո, այնինչ 2008-ին ճանաչեց անկախությունը։

«Այսինքն, Արցախը հիմա մոտավորապես նույնն է, ինչ Աբխազիան կամ Հարավային Օսիան էին 1990-ականների կեսից մինչև 2008 թ-ը՝ ռուս-վրացական պատերազմը և անկախության ճանաչումը»,-ասաց քաղաքագետը։

Նույնը, նրա համոզմամբ, կարող ենք ասել Դոնեցկի և Լուգանսկի հետ կապված․ 2014-ին «Միսկ-1»-ը ստորագրվեց, իսկ 2015-ին «Մինսկ-2»-ը, և էլի շատերն ասում էին, որ սա վեջնականապես փակեց ապագայում Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցը։ Բայց տեսանք, որ «Մինսկ-2»-ից ուղիղ 8 տարի անց Ռուսաստանը ճանաչեց այդ հանրապետությունների  անկախությունը։ Հետևաբար, Արցախի անկախության ճանաչման հարցը Ռուսաստանի կողմից վերջնականապես չի փակվել։

Ռուսաստանին Ադրբեջանի հետ դաշնակցային գործակցության հռչակագիր կնքել չէր կարող կաշկանդել նաև ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ՝ համոզված է Բենիամին Պողոսյանը։

«Ինչո՞ւ պետք է կաշկանդեր, ո՞ր պահը պետք է կաշկանդեր․ եթե այն պահը, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ենթադրում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ Ռուսաստանը կընդունի, որ Արցախը դե յուրե Ադրբեջանի կազմում է, իսկ Ադրբեջանը կընդունի, որ դե ֆակտո այդ 300 քառ․ կմ-ը ռուսական վերահսկողության տակ է, ապա ինչո՞ւ պետք է դա կաշկանդեր, եթե լիովին համընկնում է Հայաստանի ներկա կառավարության դիրքորոշմանը։ Գոնե պատերազմից հետո Հայաստանի կողմից չկա որևէ հայտարարություն, որ ինքն Արցախը չի ճանաչում որպես Ադրբեջանի մաս, եթե Հայաստանն ինքը պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած տարածքներն օկուպացված չի համարում, և եթե վարչապետն ինքն է հայտարարում, որ, ցավոք, Արցախը կորցրել է Ադրբեջանից դուրս գտնվելու տեսական և գործնական հնարավորությունները»,-ասաց Բենիամին Պողոսյանը։

Արդյո՞ք ռուս-ադբեջանական դաշնակցային գործակցության հռչակագիրը հակասության մեջ չէ թուրք-ադրբեջանական դաշնակցային գործակցության՝ Շուշիի հռչակագրի հետ․ այս հարցին ի պատասխան քաղաքագետը թվարկեց մասնակից երկրների ակնկալիքները։

«Ադրբեջանը ցանկություն չունի ամբողջությամբ վերածվելու Թուրքիայից կախյալ պետության կամ դառնալու Թուրքիայի նահանգներից մեկը։ Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ ինքը թուրքերի համար ամբողջովին հարազատ էակ չէ․ ի վերջո, հայրը Խորհրդային ժամանակների բարձրաստիճան պաշտոնյա էր, ինքը կրթվել է Ռուսաստանում, այսինքն, Թուրքիայի տեսակետից Ալիևը լավագույն տարբերակը չէ Ադրբեջանը ղեկավարելու համար, եթե ելնենք Ադրբեջանը վերահսկելու՝ Թուրքիայի շահերից։ Եվ չնայած բոլոր հաճոյախոսություններին՝ Ալիևի մոտ կա գիտակցություն, որ եթե Թուրքիան ամբողջական վերահսկողություն հաստատի Ադրբեջանի տարածքային և պետական կառույցների նկատմամբ,  ապա չի բացառվում Ադրբեջանում իշխանափոխության իրականացումը։ Բայց չեմ կարծում, որ Ադրբեջանը ցանկանա ավելի խորանել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ մինչև դաշնային պետությանը միանալը։ Հետևաբար, Ադրբեջանը կշարունակի բալանսավորել հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև»,-պարզաբանեց նա։

Այս գործընթացը, նրա համոզմամբ, անվերջ շարունակվել չի կարող, ի վերջո, բոլոր փոքր պետությունները պետք է հստակ որոշեն, թե իրենք որ ճամբարում են։

Ռուսաստանի շահագրգռությունը՝ մեկ աստիճանով ավելի բարձրացնելու Ադրբեջանի հետ հարաբերությունները, Բենիամին Պողոսյանի համոզմամբ, հասկանալի է․ Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս ամրապնդվել ողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Հայաստանում Ռուսաստանը բավականաչափ ամուր է, գրեթե ազդեցություն չունի Վրաստանում, և, այսպես թե այնպես, Ռուսաստանի ուշադրության կենտրոնում միայն Ադրբեջանն է։

Քաղաքագետը միանշանակ չի համարում, թե Արցախում ռուսական զորքի տեղակայումը այն գինն էր, որը վճարվեց Ադրբեջան-Ռուսաստան մերձեցման համար։ Ասում է՝ Ռուսաստանի համար ցանկալի էր հասնել 1994 թ-ից հետո ձևավորված ստատուս-քվոյի փոփոխությանը, որ՝ մի կողմից լրիվ օտար չդարձներ Հայաստանը, մյուս կողմից՝ ունենար ուժային լծակներ Ադրբեջանի նկատմամբ, այսինքն, զորք Ադրբեջանի տարածքում կամ Արցախում, մեկ այլ կողմից էլ Ադրբեջանը որոշակի բավարարվածություն զգար։ Հենց այս նպատակով էլ Ռուսաստանը առաջ էր քաշում բանակցությունների միջոցով եռակողմ ձևաչափով ստատուս-քվոյի փոփոխման գաղափարը։  Բայց ստեղծվեց իրավիճակ, որ ստատուս-քվոն փոխվեց պատերազմով, ինչը Ռուսաստանի սրտով չէր, որովհետև բերեց Ադրբեջանում Թուրքիայի դերի մեծացման։

Այսինքն, չի կարելի ասել, որ ներկա ստատուս-քվոն այն գինն է, որը Ռուսաստանը պատրաստ էր վճարել, բայց այն, որ Ռուսաստանը ցանկանում էր նախկին ստատուս-քվոյի փոփոխություն և դրա միջոցով Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակի ձեռքբերում՝ ռուսական զորքի տեղակայմամբ, դա կար՝ նշեց Բենիամին Պողոսյանը։  

Աննա Բալյան