Հունվարին գնաճը հասել է գրեթե 50 տոկոսի անցյալ տարվա վերջին արժույթի անկումից հետո, որը պայմանավորված էր Էրդողանի ցածր տոկոսադրույքների նեոօրթոդոքսալ քաղաքականությամբ, ինչը հանգեցրել է կյանքի արժեքի բարձրացմանը թուրքերի համար, որոնք արդեն փորձում են ծայրը ծայրին հասցնել։
Ի պատասխան՝ կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 50%-ով, բայց նաեւ ավելացրել է գազի, էլեկտրաէներգիայի, բենզինի եւ ճանապարհային վճարների գները՝ հաշվի առնելով ներմուծման գների փոփոխականությունը։
«Այսօրվանից ես էլեկտրաէներգիայի դիմաց հաշիվները չեմ վճարելու այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չեղյալ չի հայտարարել դեկտեմբերի 31-ին ստորագրված գների բարձրացումը», - հայտարարել է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Twitter-ի իր էջում հրապարակված տեսանյութում Քըլըչդարօղլուն նաեւ կոչ է արել էլեկտրաէներգիայի հաշիվներից գանձվող ավելացված արժեքի հարկը 18-ից նվազեցնել մինչեւ 1%:
Հունվարի սկզբին էլեկտրաէներգիայի գներն աճել են 125%-ով բարձր պահանջարկ ունեցող առեւտրային սպառողների եւ մոտ 50%-ով ցածր պահանջարկ ունեցող տնային տնտեսությունների համար։
Գների սրընթաց աճը ազդել է 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների նախաշեմին Էրդողանի վարկանիշի վրա։ Կառավարությունը հայտարարում է, որ վարկը, արտահանումը եւ ներդրումները կօգնեն երկրին հաղթահարել գնաճը։
Իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության նախագահի տեղակալ Համզա Դաղը Քըլըչդարօղլուի գործողությունները սադրիչ է անվանել։
«Այդ գործողությունը սադրանք է, քաոս ստեղծելու փորձ», —ասել է Դաղը CNN Turk-ին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրքերը կարող են հետեւել նրա օրինակին եւ չվճարել հաշիվների դիմաց։
«Ես չեմ հավատում, որ նման արդյունք կլինի», - ասել է նա՝ կրկնելով կառավարության մեկնաբանությունն այն մասին, որ Անկարան աշխատում է էներգակիրների գների աճի վերաբերյալ հանրության մտավախությունները վերացնելու ուղղությամբ, որոնք, նրա խոսքով, արտացոլում են գլոբալ իրադարձությունները։