Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կա «Հյուսիս-Հարավ» ճանապարհը, որը կապում է Պարսից ծոցը Հայաստանի միջոցով Եվրոպային, և նաև այսպես կոչված «Արևմուտք-Արևելք» ճանապարհը, որը թուրքերը փորձում են «Զագեզուրի միջանցք» անունով առաջ մղել․ այս երկու ճանապարհների միջև գաղափարական և քաղաքական հակասություններ կան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Բեյրութի Ամերիկյան Համալսարանի գիտաշխատող Եղիա Թաշճյանը։
«Եթե Թուրքիայի կողմից նայենք՝ կուզենա իր պանթյուրքիստական քաղաքականությունն առաջ մղել, բայց նաև այստեղ տնտեսական հարցեր կան՝ դեպի Կենտրոնական Ասիա ճանապարհ ունենալ։ Սա նաև հակասում է իրանյան շահերին, որովհետև Իրանի և Հայաստանի միջև սահմանը գոնե դե ֆակտո որոշ չափով կարգավիճակը կարող է փոխվել․ արդեն մենք տեսանք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ գրված է, որ այդ ճանապարհը, որ պիտի անցնի դեպի Նախիջևան՝ ռուս խաղաղապահ ուժերը պիտի հսկեն»,-նկատեց Եղիա Թաշճյանը։
Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին զիջելուց հետո իրանական բեռնատարները մեծ դժվարություն են ունենում Տաթևով անցնելիս․ այստեղ հարց է առաջանում՝ հնարավո՞ր է սա միտումնավոր արվեց, որ Հայաստանը ուղղվի դեպի Թուրքիա, որը հակասում է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շահերին։
«Երբ զրուցում էի իրանցի մասնագետների հետ և հանդիպեցի հնդիկ գործարարի հետ՝ նույն բանն էին ասում, որ Իրանի, Հնդկաստանի արտգործնախարարները այցելեցին Հայաստան, սակայն ոչ մի դրական արդյունք չկա Հայաստանի կողմից, սրանք միշտ բացասական երևույթներ են։ Ինչ նախարարները, պատգամավորները կամ բիզնեսմենները կխոսեն՝ Հայաստանի կողմից ոչ մի արձագանք չկա։ Այստեղ նաև հարցման նշան կա, թե այսօր Հայաստանն ի՞նչ է ուզում․ ինչո՞ւ ենք մենք դեպի Թուրքիա գնում»,-նշեց գիտաշխատողը։
Եթե Հայաստանն իբրև պետություն ինքն իր շահերը չպաշտպանի, չի կարող ակնկալել որևէ այլ, նույնիսկ բարեկամ երկրից, որ ստիպված կպաշտպանի մեր շահերը՝ ասաց նա։
«Մենք տեսանք, որ Իրանն ստիպված էր նայելու, թե ուժերի հավասարակշռությունը դեպի ուր էր, և այդ պատճառով էլ պատերազմի ժամանակ ոչ թե ադրբեջանամետ, այլ որոշ չափով պասիվ էր քաղաքականությունն այդ ժամանակ, բայց չկարողացավ բացահայտորեն օժանդակել Հայաստանին, քանի որ Հայաստանի պետությունն ինքն իրեն չէր պաշտպանում։ Սա մաքսիմումն է, որ Իրանը կարող է անել, Հայաստանի կառավարությունն ինքը պետք է արձագանքի»,-ասաց Եղիա Թաշճյանը։
Նա կարևորեց Իրանի դեսպանի ասածը, որ մշակութային հարաբերություններ, այո, կան, զարգանում են, բայց իրենք նաև ուզում են տնտեսական հարաբերություններ, ուզում են, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը ի վերջո անցնի 1 միլիարդ դոլարից, որովհետև 25-30 տարի է՝ դեռ 1 միլիարդ դոլարից նվազ է, փոխարենը տեսնում են, որ թուրքական ապրանքներն են մտնում Հայաստանի շուկա։
«Այո՛, մի օր պիտի բացվի Թուրքիայի հետ սահմանը, բայց նաև մենք ունենք այլընտրանքները՝ Իրանը և այլ երկրներ»,-ասաց նա։
Եղիա Թաշճյանը դժբախտություն համարեց, որ անգամ հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս՝ մենք լուրերն ստանում ենք թուրքական աղբյուրներից, ոչ թե հայկական։
«Այստեղից հարց է առաջանում՝ մենք գիտե՞նք ինչ ենք անում։ Ինչո՞ւ էր Բելառուսի նախագահի հայտարարությունն այդպես հեգնանքով Հայաստանի հանդեպ․ մե՛նք արինք սա»,-ասաց նա։
Եղիա Թաշճյանը համոզված է, որ եթե մենք զորավոր լինենք մեր դաշնակիցների առջև՝ նույնիսկ մեր թշնամիները ստիպված կլինեն մեզ հարգել, բայց երբ մենք միշտ զիջում ենք, նույնիսկ դաշնակիցները մեզ չեն հարգում։ Նա արձանագրեց, որ այսօր ամենատկար օղակը, դժբախտաբար, մենք ենք։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․