կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 21:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչարարական բացթողումներ կան․ Իրանի հայ պատգամավորը՝ հայ-իրանական ծրագրերի կյանքի չկոչվելու մասին

Հայ-իրանական տնտեսական ծրագրերը վերացականից իրական այդպես էլ չեն դառնում․ խնդիր կա։ Մեղրիի ազատ առևտրի գոտին՝ օրինակ։ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը Yerkir.am-ին ասաց՝ իրեն իրանական կողմից փոխանցել են, որ ազատ առևտրի գոտին շուրջ 2 հա է, բայց մտահոգություն կա՝ իրանցիները չգիտեն՝ արդեն ամեն ինչ պատրա՞ստ է, այդ 2 հա հողը Հայաստանի պետության սեփականությո՞ւնն է, կարո՞ղ են ներդրումների առաջարկներ անել, թե՞ դեռ մասնավոր  հողատարածք է և պետք է սպասել։

«Նման տեղեկություններ մեզ հասնում են»,-վստահեցրեց ԻԻՀ խորհրդարանի պատգամավորը։

Նա նկատում է երկուստեք ծրագրերը կյանքի չեն կոչվում, քանի որ վարչարարական բացթողումներ կան։ Իսկ եթե չկան, ապա երկուստեք տեղեկություննեը չեն լրացվում, որ, ասենք, հայկական կողմը վստահ լինի, որ իրանական կողմն արդեն այս քայլը ստանձնել է, կամ իրանական կողմը վստահ լինի, որ հայկական կողմն է ստանձնել ։

«Այսինքն, երկու կառավարությունների տնտեսական կցորդները թե՛ նորանշանակ են, թե՛ փոքրաթիվ են, և ինչ-որ հարցեր կարծես չի արդյունավորվում։ Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք նրանցից վերև  որոշող կառավարական դասակարգերում որոշումները չեն հստակեցվում, թե՞ թյուրըմբռնում կա»,-ասաց Ռոբերտ Բեգլարյանը։

Շատ խոսվեց երկկողմ գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու մասին․ այս ոլորտում էլ նույնը՝ առաջարկներ եղել են, նույնիսկ խոսվել է, որ համապաասխան շենք տրամադրվի, ներդրումների մի բաժինը իրանական կողմը կատարի, բայց աշխատանքը չի հստակեցվում։

«Ինձ թվում է՝ առաջին քայլն այն է, որ կա՛մ իրանական, կա՛մ հայկական կողմը վերջանականորեն չգիտեն, թե պատասխանատուն ո՞ր կառույցն է։ Այսինքն, խոստումը տվել են, համաձայնագրերը նորմալ գրվել, ստորագրվել են, բայց գործնական որևէ քայլ չկա։ Հստակ չէ՝ որ կազմակերպությունն է հաղթել և ով է զբաղվելու այդ ծրագրերով»,-ասաց պատգամավորը։

Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի կողմից ադրբեջանցիներին զիջելուց հետո իրանական ողմից հայտարարություններ եղան, որ հնարավոր է իրենց ապրանքները Ադրբեջանով փոխադրեն։  Խոսվեց նաև իրանաադրբեջանական կողմերի համատեղ կամուրջ կառուցելու մասին։

«Որքան ես գիտեմ՝ Իրանը մտադրություն չունի բեռնափոխադրումները Հայաստանի փոխարեն Ադրբեջանով անցկացնելու, հնարավոր է դեպի Ադրբեջան գնացող բեռների համար է կառուցվում ճանապարհը և կամուրջը, իսկ Հայաստանով անցնող ճանապարհը զուգահեռ օգտագործվում է»,-ասաց Ռոբերտ Բեգլարյանը։

Նրա համոզմամբ՝ Իրան-Հայաստան հարաբերությունները չպետք է պայմանավորվեն ճանապարհաշինության առումով Իրան-Ադրբեջան հարաբերություններով, դա երկու առանձին թեմաներ են։

«Ես նման տեղեկություն չեմ լսել, որ այդպես հստակ որոշում լինի, եթե մի բան կա՝ ժամանակավոր է՝ եղած իրավիճակից ելնելով»,-ասաց Իրանի խորհրդարանի պատգամավորը։

Այսուհանդերձ նա և գոհ չէ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակից․ ինչպես կար՝ նույնը մնում է տարիներ շարունակ, ասաց նա, ապրանքաշրջանառության աճ չկա։

Արդյո՞ք դա պայմանավորված է Հայաստանի ուղեգծով՝ հարաբերություններն ամրացնել Թուրքիայի հետ, որն արվում է Իրանի հաշվին․ Ռոբերտ Բեգլարյանն այս հարցին միանշանակ պատասխան չունի, բայց ասում է՝ սա մտորելու տեղիք է տալիս։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․