Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանն անդրադարձավ երեկ Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած` ՊՆ մեքենայի վթարին:
Նրա խոսքով` ծառայողական քննությանը զուգընթաց, ընթանում է նաև նախաքննություն, քննչական մարմինն իրականացնում է քննություն: «Հիմա որևիցե մեկնաբանություն անելը, կարծում եմ, ճիշտ չէ: Իրոք, եղել են բացթողումներ: Այդ բացթողումները եղել են զորամասում ծառայող` տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից: Հիմա հատուկ հանձնախումբը աշխատում է այդ ուղղությամբ: Ներգրավված են բոլոր ուժերը, որ այսպիսի աննախադեպ միջադեպեր այլևս չլինեն»,- ասաց Բալայանը:
Հարցին` հնարավո՞ր է վերանայվի ժամկետային զինծառայողներին վարորդական իրավունք տալու հարցը, Գաբրիել Բալայանն արձագանքեց. «Երբ ժամկետային զինծառայողները նշանակվում են պաշտոնի, չի լինում պարզապես հրամանատարի կամ ավելի ստորադաս, վերադաս պաշտոնյայի ցանկությամբ»:
Նա նշեց, որ ապագա վարորդներն անցնում են որոշակի պատրաստություն, և եթե պարզվի, որ վարորդի պատճառով է եղել, գուցե արդեն պատրաստման ծրագրերը վերանայելու խնդիր առաջանա: «Բայց կարող եմ ասել, որ վարորդը բավականին հմուտ է եղել: Նրա ծառայությունը մոտենում էր ավարտին»,- հայտնեց Բալայանը:
Ըստ նրա՝ եղել են տեխնիկական կանոնների խախտումներ, նաև հնարավոր է, որ որոշակի անսարքություններ են ի հայտ եկել: