կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-27 00:09
Իրավական

ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաներ, թույլ են տվել խայտառակ եւ լուրջ բացթողումներ

ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաներ, թույլ են տվել խայտառակ եւ լուրջ բացթողումներ

Մեր աչքի առաջ խեղաթյուրվում է մեր նորագույն պատմությունը, երեկ ԼՂՀ Ազգային ժողովի նիստում հայտարարել է պատգամավոր Վարդգես Բաղրյանը` մատնանշելով 11-րդ դասարանի նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասագրքում զետեղված փաստերը, որոնք հիմնականում վերաբերում են արցախյան պատերազմին: Պատգամավորին հետաքրքրում էր, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ բացթողումը շտկելու համար:

 

Ի պատասխան ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը նշեց, որ խնդրին ծանոթ են, քանի որ ուսումնասիրել են դասագիրքը, որը տպագրվել է Հայաստանում: Նախարարը նկատեց, որ դասագրքի խմբագրակազմը, որտեղ ընդգրկված են ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաներ, թույլ է տվել խայտառակ եւ լուրջ բացթողումներ, որոնց շտկման հարցերը քննարկել են հայաստանյան գործընկերների հետ: Այժմ ղարաբաղյան դպրոցներում կասեցված է այդ մասի դասավանդումը: Նախարարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է հավաստի տվյալներով տեքստի մշակմամբ: Այդ տեքստով կառաջնորդվեն ղարաբաղյան դպրոցներում` մինչեւ հիմնական դասագրքի տպագրումը:

 

«Իսկ ի՞նչ է լինելու հայաստանյան դպրոցներում, որտեղ նույնպես դասավանդում են այդ դասագրքով, եւ փաստորեն սխալ տեղեկություններ են հաղորդում մեր նոր սերնդին» հարցին նախարարը պատասխանեց, որ նա իրավասություն չունի նշված դպրոցներում կասեցնելու այդ մասի դասավանդումը, բայց նոր տեքստը պատրաստ լինելուն պես հայաստանյան գործընկերներին կառաջարկի քննարկել նաեւ այդ հարցը: