Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս Թուրքիայում հանրային մեծ ալիք բարձրացրեց «Նեթֆլիքս» ցանցով ցուցադրվող «Ակումբ» թուրքական սերիալը, որին արդեն հասցրել են անդրադառնալ բազմաթիվ գիտնականներ՝ պատմաբաններ, սոցիոլոգներ, հետազոտողներ և հասարակական ու քաղաքական գործիչներ: Բանն այն է, որ սերիալում շոշափվում են Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հետ կատարված այնպիսի կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են 1942 թ․ Ունեցվածքի հարկն ու 1955 թ․ սեպտեմբերի 5-6-ի դեպքերը: Չնայած ցարդ այդ թեմաներով օբյեկտիվ և ոչ այնքան օբյեկտիվ գիտական աշխատություններ են գրվել, ուսումնասիրություններ կատարվել, և գրքեր հրատարակվել, այնուամենայնիվ այդ պատմական փաստերը նմանատիպ մշակութային ու զանգվածայնացման տեսք դեռևս չէին ստացել, և այս դեպքերից անտեղյակ մարդիկ նախկինում նման հնարավորություն չէին ունեցել, թեկուզ սերիալի մակարդակով, առերեսվելու այնպիսի պատմական իրադարձությունների, որոնց ուղղակի մասնակցություն են ունեցել իրենցից շատերի անմիջական նախնիները։
Ի դեպ, վերջին տարիներին աշխարհի զանազան երկրներում մեծ տարածում գտած թուրքական սերիալներում գրեթե անհնարին էր հանդիպել թուրքաբնակ որևէ այլազգու ներկայացնող հերոսի կամ հերոսուհու։ Թուրքական սերիալների բոլոր կերպարները, որպես կանոն, ազգությամբ թուրքեր էին, իսկ Թուրքիայում ապրող մեծաթիվ քրդերը, զազաները, հայերը, հույները, ասորիները, հրեաները կամ այլ էթնիկ խմբերի անդամներ երբեք չէին մարմնավորվում տեղական սերիալերում։ Ինչ վերաբերում է պատմական սերիալներին, ապա հիմնականում իշխանությունների պատվերով նկարահանված այդ սերիալներում ազգային փոքրամասնությունները ներկայացվում էին որպես բացասական կերպարներ, որոնք «սպառնալիք են» եղել Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի Հանրապետության համար։ Այդ առումով «Ակումբ» (“Kulüp” / “The Club”) սերիալն իրապես նոր երևույթ է թուրքական հասարակության համար։
Սերիալի առանցքը հրեա Ասեո ընտանիքի պատմությունն է, որը միահյուսվում է «Ստամբուլ» գիշերային ակումբի անցուդարձի հետ: Ասեո ընտանիքը մեկն էր Թուրքիայի այն ոչ մուսուլմաններից (gayrimüslimler), որոնք ենթարկվել էին Ունեցվածքի հարկի ավերիչ ազդեցությանը, որի միջոցով թուրքական կառավարությունը ընտանիքի հորը և որդուն աքսորել էր Աշքալե՝ «թուրքական Սիբիր», ինչպես ընդունված էր ասել այն ժամանակ՝ տաժանակիր աշխատանքի, իսկ Ասեոների դուստրը՝ Մաթիլդան, սպանել էր իր սիրած տղային և իր ապագա երեխայի հորը՝ ազգությամբ թուրք Մյումթազին, իրենց ընտանիքին պատուհասած դժբախտության մեջ մեղքի բաժին ունենալու համար (նա էր ընտանիքի իրական ունեցվածքի չափը մատնել թուրք պաշտոնյաներին):
Առայժմ 10 սերիայով ներկայացված այս սերիալը մեծ աղմուկ հանեց Թուրքիայի հանդիսատեսների շրջանում։ Նախ սերիալը դիտողների վրա տպավորություն թողեց այն փաստը, որ ազգությամբ հրեաների սեֆարդ ենթախումբը ներկայացնող գլխավոր հերոսները, թուրքերենից բացի, խոսում էին մահվան եզրին գտնվող իրենց մայրենիով՝ լադինոյով կամ սեֆարդերենով։ Ի դեպ, ներկայում Թուրքիայի բնակչության շուրջ 5-6 հազար անձանց շրջանում խոսվող սեֆարդերենը 2018 թ. ընդգրկվել էր «UNESCO»-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտեզում»։ Հարկ է շեշտել, որ սերիալի գլխավոր հերոսուհուն՝ Մաթիլդա Ասեոյին, մարմնավորած թուրք հայտնի դերասանուհի Գյոքչե Բահադըրը և մյուս դերասանները հատուկ լադինոյի մասնավոր դասերի են հաճախել այդ լեզվով ներկայացվող հատվածներն անթերի կատարելու համար։ Այսօր Թուրքիայում լադինո լեզվին հիմնականում տիրապետում են տարեց, 50-ից բարձր տարիքի հրեաներ, և այս լեզվին վերջնական անհետացում է սպառնում։
Հրեական համայնքը Ստամբուլում, Սալոնիկում և Օսմանյան կայսրության միջերկրածովյան մյուս քաղաքներում ձևավորվել է 15-16-րդ դարերում: Հատկապես մեծ ներգաղթ է տեղի ունեցել, երբ եվրոպական մի շարք թագավորություններ հռչակագրերով արգելել են ոչ քրիստոնյաներին, հատկապես հուդայականներին դավանելու իրենց կրոնը և նրանց արտաքսել իրենց տերության տարածքներից: Արդյունքում Ստամբուլում ձևավորվել է հրեական մեծ համայնք, որը խոսում էր լադինո լեզվով (լադինոն կամ ժուդեոիսպաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքի իբերո-ռոմանական ենթաճյուղի կաստիլիական խմբի լեզու է, որը, ինչպես անունն է հուշում, հին եբրայերենի և իսպաներենի «խառնուրդ» է) և ուներ միլլեթի կարգավիճակ (սրանց մի մասը հետագայում Սաբեթայ Ցվիի գլխավորությամբ առերևույթ ընդունեցին իսլամ՝ ստանալով դյոնմեներ կամ սաբեթայիստներ անունը):
Հենց այս հրեաների սերունդ Ասեո ընտանիքի շուրջ էլ ծավալվում է սերիալի սյուժեն: Վերջինս, ինչպես արդեն նշվեց, կործանվում է չարաբաստիկ Ունեցվածքի հարկի պատճառով: Ունեցվածքի հարկը 1942 թվականին ուժի մեջ մտած իրավական ակտ էր, ըստ որի՝ Թուրքիայի Հանրապետության ոչ մուսուլման քաղաքացիները պետք է ենթարկվեին հարկման՝ ընդունված դրույքաչափից մի քանի անգամ ավել դրույքաչափով. այսպես, թուրք քաղաքացին պետք է վճարեր իր ունեցվածքի ընդհանուր արժեքի 4.7 տոկոսը, հույնը՝ 156 տոկոսը, հրեան՝ 179 և հայը՝ 232: Սա բառացիորեն պետության կողմից կազմակերպված թալան էր, որովհետև առանց բացառության՝ բոլոր ոչ մուսուլման քաղաքացիները ստիպված վաճառում էին իրենց ունեցվածքը՝ հարկային պարտքը մարելու համար, և դեռ վերջում էլ դատապարտվում էին տաժանակիր ուղղիչ աշխատանքների՝ պարտքի չվճարված մասը հատուցելու համար: Անմարդկային ծանր աշխատանքի և խիստ կլիմայի պատճառով շատ քչերն էին դիմանում աշխատանքային գաղութներում, և մահանում էին: Ունեցվածքի հարկը գործեց 16 ամիս և վերացվեց 1944 թ. մարտին։ Այդ հարկը ստիպեց արտագաղթել Թուրքիայում ապրող բազմաթիվ ոչ մուսուլմանների։
2021 թ. դեկտեմբերից ցուցադրված «Ակումբ» սերիալի առաջին հատվածում հիմնական դեպքերն արդեն զարգանում են 1950-ականների Թուրքիայում։ Գլխավոր հերոսուհի Մաթիլդան, համաներման արդյունքում վաղաժամ ազատվելով բանտից, ցանկանում է լքել Թուրքիան և ընդմիշտ հեռանալ Իսրայել, սակայն ճակատագիրը նրան այլ ընթացք էր սահմանել։ Պատահաբար հանդիպելով իր ապօրինի դստերը՝ Ռաչելին, նա որոշում է մնալ Ստամբուլում։ Մաթիլդան երեխային ծննդաբերել էր բանտում և այդ դժնդակ պայմաններում դստերը չմեծացնելու նկատառմամբ հրեական համայնքին էր հանձնել նրան։ Մաթիլդան իր ու դստեր ապրուստը վաստակելու համար, նախ որպես լվացարարուհի-հավաքարար, ապա հանդերձապահ, աշխատանքի է ընդունվում Կոստանդնուպոլսի Բեյօղլու (պատմական Բերա) շրջանում գործող մի գիշերային ակումբում, որից էլ ծագում է սերիալի անվանումը։ «Ակումբն» իրապես ներկայացնում էր 1950-ականների Կոստանդնուպոլսի խայտաբղետ բնակչությունը․ այստեղ էին աշխատում հրեաներ, հույներ, հայեր, թուրքեր և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ի դեպ, հարկ է նշել, որ ներկայիս Բեյօղլուի շրջանը, արևմտահայ գրողների մոտ հանդիպող «Պերա»-ն այդ տարիներին հայտնի էր իր բազմաէթնիկ բնակչությամբ։
1942 թ․ Ունեցվածքի հարկի կիրառումը ընդհանուր դժբախտության պատմություն է, որտեղ հայերը, հույները և հրեաները կիսել են գրեթե նույն ճակատագիրը, սակայն այս ամենից անտեղյակ մեկը «Ակումբ» սերիալը դիտելով՝ երբեք չի կարող դա պատկերացնել ու հասկանալ: Խնդիրն այն չէ միայն, որ ֆիլմի ստեղծագործական խումբն ամբողջությամբ կենտրոնացել է հրեական իրականության ու միջավայրի վրա, այլ նաև այն փաստը, որ մյուս ազգային փոքրամասնությունները հիմնականում անտեսվել են, իսկ մարմնավորվելու դեպքում էլ՝ ներկայացել բացասական կերպարներում: Մասնավորապես, սերիալում որպես հայ ներկայացված է միայն մեկ կերպար՝ երրորդ պլանում դեր ստանձնած բեմի լուսավորիչ «Ագոփը», ով սերիալում երևում է երկու-երեք անգամ, և միակ բանը որ կարող է հուշել նրա ազգային պատկանելության մասին, նրա աղավաղված անունն է:
Սակայն այդ փաստը համեմատաբար բարվոք է թվում, երբ անդրադառնում ենք այդ դեպքերից մեծապես տուժած մյուս ազգային փոքրամասնությանը՝ հույներին: Կոստանդնուպոլսի վաղեմի բնակիչներ հույների կերպարը ֆիլմում հասցված է ամենանվաստացուցիչ աստիճանի՝ բնականաբար անուղղակիորեն: Հույն կերպարներից առաջինը, ում հանդիպում ենք, ակումբի տեր ու տնօրեն Օրհանն է, ով իրականում 1920-ական թվականների սկզբին Ստամբուլ տեղափոխված հույն Նիկոն է: Վերջինս խնամքով ու աչալրջորեն թաքցնում է իր ծագումը՝ հանուն կարիերայի, անգամ հաճկատարորեն աշխատանքից հեռացնում է ակումբի ոչ մուսուլման աշխատակիցներին՝ կատարելու համար պետական պաշտոնյայի պահանջը: Օրհանը բացահայտորեն ներկայացված է որպես շահամոլ, կարիերիստ, իր կարիերան ամեն ինչից վեր դասող կերպար: Վերջին սերիայում Օրհան-Նիկոյի բացասական կերպարը հասնում է իր կուլմինացիային, երբ չնայած նա կարող էր փախչել ու փրկվել մոր հետ, այնուամենայնիվ խեղդամահ է անում խելագարված մորը, ով սկսել էր հունարեն խոսել ու վտանգել իրենց: Ընդ որում խելագարված մայրը սպանում է թուրք ազգայնական պաշտոնյա Քյուրշադին, ով ոչ միայն սպառնալիք էր որդու բիզնեսի համար, այլ նաև ատրճանակը պահելով վերջինիս քունքին՝ ուր որ է, կարծես, պիտի սպաներ նրան: Թուրք ազգայնականի սպանությունը, որքան էլ որ վերջինս բացասական կերպար լիներ ֆիլմում, նույնպես նպատակ է հետապնդում բացասական տրամադրվածություն հարուցելու հույների հանդեպ: Վերջում Օրհանը հրդեհում է տունը, որտեղ նախկինում բնակվել է իր ընտանիքը և ինքնասպան լինում: Այս տեսարանը նաև սիմվոլիզմ է պարունակում՝ մաքրագործող կրակով հույների վերացումը Ստամբուլից: Ֆիլմերի ստեղծման մեջ նման սիմվոլիզմը պատահականորեն չի կիրառվում…
Այս տարվա հունվարին ցուցադրված սերիալի երկրորդ հատվածը ևս թուրքիացի հանդիսատեսների շրջանում բազմաթիվ արձագանքների տեղիք տվեց, քանի որ անդրադառնում էր դեռևս ոչ վաղ անցյալում տաբու եղած այնպիսի պատմական անցքերի, ինչպիսիք են 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը։ Այդ ամսաթիվը նույնպես դժնդակ էր Թուրքիայի, մասնավորապես Կ.Պոլսի և Զմյուռնիայի քրիստոնյա ու հրեա փոքրամասնությունների, հատկապես՝ հունական և հայկական համայնքների համար։ Արդեն լիովին ապացուցված և հաստատված փաստ է, որ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները նախապես ծրագրված են եղել թուրքական իշխանությունների կողմից։ Հույների, հայերի, հրեաների և այլ փոքրամասնությունների վրա հարձակումները, կողոպուտը, սպանությունները, բռնաբարության դեպքերը սկսվեցին այն բանից հետո, երբ լուր տարածվեց, թե իբր հույները ռումբ են գցել Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի տան վրա, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Իրականում նման դեպք պատահել էր, սակայն կազմակերպվել էր հենց թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Թուրքական մամուլով տարածված այդ տեղեկությունից հետո Կոստանդնուպոլսի թուրք ազգայնական խուժանը թուրքական կառավարության հրահրմամբ հարձակվեց այդտեղի փոքրամասնությունների խանութների, տների և գրասենյակների վրա ու մեծ ավերածություններ կատարեց։ Հարկ է նշել, որ սերիալն իրապես մատնանշում է, որ այդ պոգրոմները նախապես ծրագրված բնույթ են կրել. երևում է, թե ինչպես են կազմակերված ձևով սառը զենք բաժանում տեղի խուժանին…
Սերիալում հանդիպող մյուս հույն կերպարը պարուհի Տասուլան է, որը ևս բասական գույներով է ներկայացված։ Այսպես, Տասուլան թեթևաբարո ու փչացած աղջիկ է, ում սիրահարվում է գյուղից «Ակումբում» աշխատելու եկած Բահթիյարը: Ֆիլմի վերջին մասում Բահթիյարը առևանգում է Տասուլային ու փակի տակ պահում՝ 1955 թ․ սեպտեմբերիւ 6-7-ի դեպքերի ժամանակ նրա կյանքը փրկելու համար, սակայն աղջկան հաջողվում է փախչել, ու երբ ամբոխի մեջ Բահթիյարը փորձում է փրկել Տասուլային, Տասուլան նրա հետ հունարեն է խոսում՝ Բահթիյարին կոչելով Դմիտրի և այդպիսով նրան մոլեգնած ամբոխի թիրախ դարձնելով ու նրա մահվան պատճառը դառնալով: Սա ևս հույնի կերպարի բացասականացման նպատակ հետապնդող սյուժետային հնարք է: Իսկ ամենավերջում Տասուլային փրկում է Բահթիյարի ընկերը, ով վերջինիս հետ եկել էր ակումբում աշխատելու: Այս տեսարանն, իր հերթին, թուրքից դրական կերպար կերտելու նպատակ է հետապնդում:
Նույն նպատակով առաջին պլանի մեկ այլ հերոս՝ Չելեբին, ֆիլմի սյուժեին զուգահեռ բացասական կերպարից վերածվում է դրական կերպարի: Վերջինս ակումբի կառավարիչն է, ով խաբեբա, յուրացնող, շողոքորթ տիպ է, սակայն վերջին սերիաներում տեսնում ենք, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ, որ նա փորձել է զգուշացնել գլխավոր հերոսուհի Մաթիլդա Ասեոին, ում վրա սիրահարված էր, որ նրա ընկեր Մյումթազը դավաճան է, նաև տեսնում ենք, որ պատռում է իրեն առաջարկված մեծ կաշառքի մուրհակը, որի դիմաց համաձայնվել էր ծառայել նոր տիրոջը:
Այսինքն, կարելի է փաստել, որ հույները սերիալում ներկայացվում են ոչ շահավետ ձևով։ Ակումբի ծպտյալ հույն տերը՝ Օրհան-Նիկոն մինչ այդ սկսել էր աշխատանքից հեռացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, քանի որ նրան խոստացել էին «Տարվա լավագույն ձեռնարկատեր» տիտղոսը, սակայն՝ այդ նախապայմանը կատարելուց հետո միայն։ Ի դեպ, երբ փորձում են փոքրամասնությունների համար թուրք կամ գոնե առնվազն մուսուլման փոխարինողներ գտնել, պարզվում է, որ այդ ոլորտի բոլոր լավ մասնագետները դարձյալ այլազգիներ են։ Այսպես, 5-րդ սերիայում Օրհան-Նիկոյին զեկուցվում է, որ ազգությանբ հայ «Ագոփին» փոխարինող է գտնվել, սակայն նա նույնպես ոչ մուսուլման է։
Հանրահայտ փաստ է, որ ոչ մուսուլմանները և ընդհանրապես ոչ թուրքերը Թուրքիայի Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում հալածվել են իրենց կրոնի և ազգության համար։ Թուրքական բոլոր իշխանությունների հիմնական նպատակը մեկն էր՝ ասիմիլացնել և միատարր դարձնել խայտաբղետ բնակչություն ունեցող Թուրքիան և դրա համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց հետևանքով ոչ թուրքերը հարկադրված լինեն կամ հեռանալ, կամ՝ թրքանալ։ Այս համատեքստում հատկանշական է 8-րդ սերիայում ակումբի ծպտյալ հույն տիրոջ և թուրք պաշտոնյայի միջև կայացած երկխոսությունը.
Թուրք պաշտոնյա- «Ոչ մուսուլմանները երջանիկ չեն այս երկրում»։
Մելինե Անումյան (թուրքագետ, պ․գ․թ․)
Տիգրան Չանդոյան (քաղաքագետ)