կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-31 08:40
Քաղաքական

Սա կարեւոր նշանակություն ունի հետագա բանակցային գործընթացի առումով. Մելիքյանը` Արցախի ԱԺ ներկայացվելիք նախագծի մասին

Սա կարեւոր նշանակություն ունի հետագա բանակցային գործընթացի առումով. Մելիքյանը` Արցախի ԱԺ ներկայացվելիք նախագծի մասին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ողջունելի եւ կարեւոր է համարում Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագծի մշակումը:

«Ինքնին գաղափարը ողջունելի է, եթե հայկական առաջին պետությունը, կարծես թե ձեռքերը լվացել է արցախյան խնդրի հետ կապված հարցերից, ապա  հայկական երկրորդ պետությունը գոնե պետք է որոշ քայլեր  ձեռնարկի: Այս օրենքը երկու բաղադրիչ ունի` քաղաքական եւ իրավական:  Քաղաքականը` ի լուր միջազգային հանրության  հայտարարել, որ մենք չենք հաշտվում պատերազմի արդյունքների հետ համարում ենք, որ դա եղել է ոչ իրավաչափ եւ Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքները պետք է վերադարձվեն: Երկրորդը իրավական բաղադրիչն է, եւ որոշակի ելակետային դրույթներ նախատեսի այդ տարածքների բնակիչների համար, որը նույնպես կարեւոր  է նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ինչ վերաբերում է դրանց գործնական նշանակությանը միջազգային հարաբերություններում, ապա անկեղծ պետք է լինենք եւ գիտակցենք, որ չճանաչված պետության կողմից ներկայացված պահանջները, չեն կարող նույն կշիռն ունենան, ինչ օրինակ ճանաչված պետությունների մասով: Երբ համանման գործողություններ ժամանակին կատարում էր Ադրբեջանը, ապա այդ գործողություններն, իրոք, որոշակի անհարմարություններ էին ստեղծում ներդրողների համար եւ այլն: Ամեն դեպքում ճանաչված եւ չճանաչված երկրների համանման գործողությունները, ցավոք սրտի, նույն ուժն ու ազդեցությունը չունեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արցախի նախկին ՄԻՊ-ի խոսքով` քաղաքական մակարդակում կարեւոր է այս նախաձեռնությունը, որպեսզի հետագա քաղաքականությունը  ի լուր աշխարհի հայտարարի, որ այդ տարածքները համարում է բռնազավթված. «Սա ինքնին ունի կարեւոր  նշանակություն հետագա բանակցային գործընթացի առումով»:

Մելիքյանը չի կարծում, որ այս նախաձեռնությանը որեւէ կերպ կարող են խոչընդոտել Հայաստանի  ներկայիս իշխանությունները: