Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հունվարի 24-ին ԱԺ-ի ԿԳՄՍ հանձնաժողովում քննարկվելու է ՀՌՀ հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը։ Այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ն այդ հանձնաժողովում ընտրեց ընդգծված իշխանամետ քաղաքական դիրքորոշում ունեցող բանաստեղծ Հակոբ Մովսեսին, որ բոլորովին վերջերս 1in.am-ին տված հարցազրույցում շարունակեց պնդել իր կեցվածքը՝ «Հայաստան» խմբակցությանը որակելով որպես պետության և իշխանության համար ողբերգություն:
Մյուս թեկնածուն Արթուր Մանուկյանն էր, որը կրկին ընտրվեց՝ բացառապես ՔՊ-ի քվեարկությամբ։ Նա նախկին պատգամավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունից, մինչև նախորդ տարվա հունիս ամիսը պատգամավորի կարգավիճակով քննադատում էր ընդդիմությանը, գովերգում իշխանությանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ Նրան իշխանությունն առաջադրել է, որովհետև մարդը իրենց թիմի անդամ էր, բայց ընտրությունների արդյունքում անգործ էր մնացել։ Արթուր Մանուկյանը բոլորովին մասնագետ չէ, ավելին, նա այնպիսի հակահիգիենիկ, հակաեթերային տեսահոլովակում է նկարվել, որ ՀՌՀ-ի շենքից կիլոմետրերով հեռու պետք է մնար։ Բայց նրան ընտրեցին ու հասկանում ենք, որ ընտրեցին հենց որպես ՔՊ անդամ, թիմի անդամ, մասնագետ չլինելու վրա աչք փակելով, ինչպես որ աչք են փակում իրենց գրեթե բոլոր կադրային հարցերում՝ չմասնագետներին տեղավորելով գործի։
Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանին, թեև նա մասնագետ է, հեռուստառադիոմեդիայի ոլորտի հայտնի ներկայացուցիչներից է, ունի աշխատանքային երկար և լուրջ կենսագրություն, ինչն այս հանձնաժողովում ընդգրկվելու համար Օրենքի պահանջ է (1984-90թթ.՝ Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես ավագ խմբագիր, բաժնի վարիչ։ 90-91թթ. հիմնադրել և ղեկավարել ՀՀ ԳԽ Մամլո ծառայությունը։ Լինելով ԱԺ չորս գումարումների պատգամավոր, մշտապես ընդգրկված է եղել Լրատվության հարցերով զբաղվող հանձնաժողովներում։ Եղել է նաև Հայաստանի առաջին Գլխավոր հյուպատոսը Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգ, 2000-2008թթ), Քաղաքական գիտությունների թեկնածու է), սակայն իշխանությունը Ռուբիկ Հակոբյանի հարցում, կարծում ենք, ևս չի շարժվելու մասնագետ լինել-չլինելու հանգամանքով։
Ռուբիկ Հակոբյանը միշտ եղել է ընդդիմադիր պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ, բայց հատկապես կապիտուլյացիայից հետո չափազանց խիստ քննադատությամբ է հանդես գալիս իշխանության հասցեին։
Ռուբիկ Հակոբյանի թեկնածության քվեարկությունը լակմուսի թուղթ է իշխանության համար՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է թույլ տալու, այդքան համարձակություն ո՞ւնի թույլ տալու ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրել մարդու, որը ընդդիմադիր է, իրեն խիստ քննադատել է ու վստահաբար՝ էլի քննադատելու է։ Նիկոլ Փաշինյանը, որ լցնում է հանձնաժողովը իշխանապաշտ մարդկանցով, արդյո՞ք ունի այդքան համարձակություն՝ ընդդիմադիրի մուտք այնտեղ թույլ տալու։
Ռուբիկ Հակոբյանը, ինչպես նշեցինք, հեռուստատեսության մասնագետ է, բայց այս պահին իշխանությունը շարժվում է այլ նկատառումներով։
Հետաքրքիր է` ինչպիսի՞ դիրքորոշում կցուցաբերի հանձնաժողովը, որտեղ բացարձակ մեծամասնությունը ՔՊ-ի ներկայացուցիչներ են։