կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 16:50
Տարածաշրջան

ԱՄՆ-ը և Թուրքիան բանակցություններ կվարեն F-35 կործանիչների շուրջ

ԱՄՆ-ը և Թուրքիան բանակցություններ կվարեն F-35 կործանիչների շուրջ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շաբաթ օրը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մոտ ապագայում թուրք և ամերիկացի պաշտոնյաների միջև հանդիպման համար, որի ընթացքում քննարկվելու է F-35 կործանիչների խնդիրը։

«ԱՄՆ-ի հետ F-35-ի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Առաջիկա օրերին ԱՄՆ-ում հանդիպում կանցկացվի՝ քննարկելու համար F-35-ի հարցը։ Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ թափով»,- Աքարի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Նախարարը նաև կրկնել է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը «անհրաժեշտություն» է, այլ ոչ թե ընտրություն։

Աքարն ավելի վաղ ասել էր, որ Անկարան 2022 թվականի սկզբին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկի F-35 բազմանպատակային կործանիչների ծրագիրը։

Միաժամանակ, նախարարը նշել է, որ Ս-400-ի հարցում կարելի է ընդունելի և տրամաբանական լուծում գտնել՝ հավելելով, որ Անկարան այս հարցում իրավացի էր։

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում մեր դաշնակիցները որքան հնարավոր է շուտ ճիշտ որոշում կկայացնեն»,- ասել է Աքարը։

Հիշեցնենք, որ ռուսական Ս-400-ների գնումից հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց ու դուրս թողեց թուրքերին F-35-ի ծրագրից, որում Թուրքիան մեծ ներդրումներ էր արել։ Թուրքիան իր գումարները հետ է պահանջում: