կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-17 17:30
Հասարակություն

Օրենք ունենք, օրենքին հետեւող չունենք

Օրենք ունենք, օրենքին հետեւող չունենք

Հունիսի 12-14-ը Երեւանում տեղի ունեցավ «IDEAS» ներառական որոշումների հավասար եւ հաշվետու հասարակության համար» եռամյա տարածաշրջանային ծրագիրը, որն իրականացվում է Բրիտանական խորհրդի եւ «Ունիսոն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ստեղծել համակարգ, որի շրջանակներում հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան իրենց խոսքն ասել ինչ-ինչ օրենքների ընդունման հարցերում: yerkir.am-ի զրուցակիցն է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը:

 

-Ծրագիրը որքանո՞վ կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործում եւս մեկ քայլ առաջ գնալուն:

-Կարեւոր էր այն հանգամանքը, որ տարբեր կառույցներից տարբեր մասնագիտության տեր մարդիկ էին ընդգրկված քննարկումներին` ԶԼՄ-ներ, պետական մարմիններ, ՀԿ-ներ: Նրանց մեծ մասն արդեն աշխատում է այդ ոլորտում եւ իր ձեւով նպաստում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանը: Սա լավ հնարավորություն է համատեղ քննարկումներ կազմակերպելու, կարծիքներ փոխանակելու, նոր գաղափարներ ունենալու:

 

-Հնչեցին մի շարք առաջարկություններ, որո՞նք էին ամենաիրատեսականը եւ ամենաանհրաժեշտը` ըստ Ձեզ:

-Հիմնական խնդիրը մատչելի միջավայրն է. չկան տրանսպորտային միջոցներ, մատչելի շենքեր, հաստատություններ, որեւէ տեղ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի չեն առնվում, եւ դա բոլորն են նկատում: Բոլոր մյուս խնդիրները բխում են դրանից` զբաղվածության, վերականգնողական կենտրոնների առկայություն: Ասենք` գործատուն համաձայնեց, որ հաշմանդամություն ունեցող անձն աշխատի իր կազմակերպությունում, ինչպե՞ս են նրանք աշխատանքի գնալու: Մատչելիությունը ոչ միայն տեղաշարժվելու խնդիրն է լուծում, այլ մյուս բոլոր իրավունքների հետ է կապված, եւ որի բացակայության հետեւանքով ոտնահարվում են մարդու մյուս իրավունքները:


-Ի՞նչ է անհրաժեշտ, որ բարձրացված հարցերը կյանքի կոչվեն:

-Հետեւողականություն` յուրաքանչյուր ոլորտում, քանի որ եթե այստեղ քննարկենք, իսկ հետո մոռանանք մեր անելիքը, ոչինչ չի ստացվի: Անհրաժեշտ է նաեւ համակարգել մեր անելիքը: Մենք ունենք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծ, որը քննարկման փուլում է եւ շատ առաջարկներ ընդգրկվել են այդ օրենքում: Օրենսդրական շատ հնարավորություններ կան բոլոր այդ խնդիրների լուծման համար, այսինքն` ոչ մի նոր բան, որն անհնար է այս երկրում իրականացնել, մենք չենք առաջարկել, պարզապես անհրաժեշտ են մեխանիզմներ, թե ինչպես կարելի է դրանք գործի դնել: Կարծում եմ` հիմնական հարցը վերահսկողությունն է:

 

-Վերջին շրջանում նկատելի է, որ քաղաքի տարբեր մասերում թեքահարթակներ են տեղադրվել, բայց դրանք մեծ մասամբ ձեւական բնույթ են կրում, ինչո՞ւ:

-Խնդիրը հենց այն է, որ վերահսկողություն չկա, ըստ որի` որեւէ հասարակական վայրի նախագիծ չի կարող հաստատվել, եթե նախագծում նախատեսված չէ մատչելիությունը: Սովորաբար, թեքահարթակները նախատեսված են լինում, բայց կառուցելու ընթացքում այդ ամենը կորչում է: Մենք ունենք սահմանված չափանիշներ, սակայն հետեւող չունենք, թե որքանով է օրենքի տարրը պահպանում: Մի արտառոց դեպք պատահեց ինձ հետ. տարածքում շինարարություն էր իրականացվում, իսկ ես սայլակով պտտվում էի, եւ բանվորներից մեկը հարցրեց` կարելի՞ է սայլակի չափերը վերցնել, որ թեքահարթակը ճիշտ կառուցենք: Դե, պարզ է, որ ինչ-որ կառույցի` թեքահարթակ չունենալը շինարարներից չի գալիս, քանի որ իրենք զուտ հրաման իրագործողն են, իսկ նախագծի հեղինակների համար միեւնույն է:

 

-Յուրաքանչյուր տարեսկզբին քաղաքապետարանը խոստանում է, որ ներմուծվող ավտոբուսների մեջ որոշ խմբաքանակ հարմարեցված կլինի սայլակի օգնությամբ տեղաշարժվողների համար, սակայն այդպես էլ հարցը մնում է չլուծված, սա ինչի՞ հետեւանքն է:

-Մինչեւ տարեվերջ խոստացել են, որ տասը ավտոբուս հարմարեցված կլինի: Հույս ունեմ, որ տարվա վերջում կհանդիպեմ քաղաքապետին եւ իմ հարցերը կտամ: Ամեն ինչի համար արդարացում կարելի է գտնել, բայց դա հաշմանդամություն ունեցող մարդուն չի հետաքրքրում. ինձ համար կարեւոր չէ` քանի՞ ավտոբուս են ներկրում, ճանապարհի գումարն ունե՞ն, թե՞ ոչ, քանի որ մատչելի տրանսպորտն ինձ համար ավելի կարեւոր է, քան քաղաքում տեղադրված նստարանները, ծաղիկները, դալանների նկարազարդումը: Եվ չեմ կարծում, որ մեկ այլ քաղաքացու համար, որը հաշմանդամություն չունի, դա ավելի կարեւոր չէ: Այդ ամենը, իհարկե, հարկավոր է մեր քաղաքին, բայց առաջին անհրաժեշտության տարրերը, որն անհրաժեշտ է մարդուն կենցաղային հարցերը լուծելու համար, չկան:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ