կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 17:11
Հասարակություն

Բոլշևիկյան շրջանից ծանոթ քայլեր՝ հանրակրթության ոլորտում․ օրենքի փոփոխությունը դպրոցներն ուղղորդելի է դարձնում

Բոլշևիկյան շրջանից ծանոթ քայլեր՝ հանրակրթության ոլորտում․ օրենքի փոփոխությունը դպրոցներն ուղղորդելի է դարձնում

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որը կառավարությունը հաստատել է և այժմ մեծ քայլերով՝ հաստատվելով, առաջ է գնում իշխանահաճո տարբեր շրջանակների հանրային քննարկումներում, իրականում դպրոցները դարձնելու են ուղղորդելի իշխանությունների համար՝ վստահ են հասարակության առավել անկախ ներկայացուցիչները՝ հայտնում է Yerkir.am-ը։

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը համարում է, որ կառավարության բոլոր տիպի այս քայլերը՝ հատկապես կրթական հիմնարկներում, որոնք ձևավորում են ապագա քաղաքացիներին՝ կրթական, գաղափարական ուղղվածություն ունեն, միտված են առավելագույնս ներազդելուն և ենթակա դարձնելուն։

Օրենքի փոփոխություններից առանցքայինն այն է, որ դպրոցների տնօրենները ոչ թե ընտրվելու են կրթական խորհուրդների կողմից, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության, քաղաքապետի կամ մարզպետի կողմից։ Սա, իհակե, հետքայլ է։

«Տնօրենի գործառույթ կատարող ցանկացած մեկը, ընդ որում, հատկապես այնպիսի գործառույթ, որն առնչվում է տնտեսական, կազմակերպական և այլ ոլորտներին, նշանակում է լծակ։ Այդ մարդուն, ըստ էության, ոչ թե ընտրելով, այլ նշանակելով, դու, բնականաբար, նշանակում ես այնպիսի մարդկանց, որոնք հաճո են քեզ, և որոնք քո կամքը կատարում են, և դրանով կարողանում ես դպրոցական հիմնարկներն ուղղորդել»,-ասաց Նարինե Դիլբարյանը։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ևս չի ժխտում, որ այս օրինագծի ընդունման դեպքում դպրոցները կքաղաքականացվեն, պարզապես նշում է, որ դպրոցները քաղաքականացված եղել են, քաղաքականացված էլ մնացել են։ Դիտրակմանը, թե հեղափոխությունն արվել է դա՛ վերացնելու համար, և հենց այդ խոստումներով են եկել իշխանության ներկա պաշտոնյաները, Գոգյանը ինքնատիպ պատասխան տվեց։

«Ո՞վ է իր խոստումը պահել, որ էս մեկն էլ պահվեր․․․ Լավ, եկեք թարգենք, էլ ասելիք չունեմ»,-ասաց Սմբատ Գոգյանը։

Նա, սակայն, բանաձևային մեկնաբանություն տվեց կրթական հիմնարկի ղեկավարին խորհրդի կողմից ընտրելու փոխարեն անձամբ նշանակելու փաստին․ տենց ավելի անկեղծ կլինի։

«Խորհուրդն ինչի՞ համար էր, որ իշխանությունն անձամբ չնշանակեր ռեկտորին կամ տնօրենին, իսկ հիմա այդ ամեն ինչը անկեղծ արվում է՝ իշխանությունն անձամբ է նշանակում, որովհետև այդ մարդկանց չեն ճարում, որոնք իրենց ուզածը կանեն․․․ դե, տենց ավելի անկեղծ կլինի, էլի»,-ասաց Սմբատ Գոգյանը։

Նոր օրինագծով դպրոցն ունենալու ոչ թե մեկ, այլ երկու տնօրեն․ ավելի հստակ՝ նրանցից մեկն զբաղվելու է դասավանդման որակով, մյուսը՝ տնտեսական հարցերով։ Այս՝ տնտեսական հարցերով զբաղվողը, սակայն, կարող է միանգամից մի քանի դպրոցի հարցերով զբաղվել։ Նարինե Դիլբարյանը կարծում է՝ սա էլ այն պատճառով է, որ, հավանաբար, կառավարելի այդքան շատ մարդ չեն գտել, որոշել են քիչ ռեսուրսով գերկենտրոնացնել կառավարումը։

«Օպտիմալացում ասվածով երբ մենք սկսեցինք ինչ-որ համայնքներ խոշորացնել, և իրար հետ թե՛ աշխարհագրորեն, թե՛ մշակութաբանորեն չկապված գյուղեր, քաղաքատիպ բնակավայրեր ու շեներ միավորել, դա, ըստ էության, կադրային պակասից էր գալիս։ Այսինքն, ես կարծում եմ՝ իշխանության ղեկին գտնվող ուժը վստահ չէ, որ ինքը կունենա այդքան վստահելի մարդիկ, դրա համար փորձում է գերկենտրոնացնել։ Ես կարծում եմ՝ մի քանի դպրոցների այդպես գերկենտրոնացումը իրապես ազդելու է աշխատանքի որակի վրա։ Եվ մենք տեսնում ենք, որ դպրոցում անհրաժեշտ է, որ լինի մարդ, բայց ես կարծում եմ շատ ճիշտ էր հին բաժանումը՝ այդ տնտեսվարը կամ փոխտնօրենը տնտեսական գծով, կարծես, այդ աշխատանքը հաջողությամբ իրականացնում էին»,-ասաց Նարիներ Դիլբարյանը։

Իսկ ընդհանուր առմամբ, կրթական հաստատությունների ուղղորդումը, նրա խոսքով, բոլոր ավտորիտար հասարակարգերում կատարվել է, պարզապես խիստ ցավալի և վտանգավոր է, որ 21-րդ դարում Հայստանում կա մի իշխանություն, որը հայտարարել է ժողովրդավարության, ակադեմիական ազատության և ինքնավարության սկզբունքների մասին, բայց կատարում է բոլշիկյան շրջանից մեզ ծանոթ քայլեր։

«Հին շրջանում դպրոցի տնօրեն չէր կարող նշանակվել մարդ, որը ԽՄԿԿ անդամ չէր, և նաև փոխտնօրեններն էին այդպես ուղղորդվում։ Այսինքն, սրանք հին և շատ պրիմիտիվ, պարզունակ մեթոդներ են՝ ունենալ սեփական ներկայացուցիչներ այդ հիմնարկներում»,-ասաց Նարինե Դիլբարյանը։

Եվ պետք է նկատի առնել, որ դպրոցը ձևավորվում է ոչ միայն աշակերտներից, այլև առնչվում է ծնողների բավական մեծ հանրության հետ, և դպրոցը կարող է ուղղորդել նաև այդ ծնողներին։

Այսինքն, «Հանարակրթության մասին» օրենքի այս փոփոխությունների հեռահար նպատակն ուղղորդումն է և աշակերտական որոշակի տրամադրությունների ձևավորումը, որը լավագույնս կարող է օգտագործվել ընտրությունների ժամանակ։

Աննա Բալյան