Արդեն նշել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցն էր։
Քիչ առաջ ավարտվեց փակ գաղտնի քվեարկությունը, որի արդյունքում 44 կողմ, 10 դեմ ձայներով ավագանին անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին: Քաղաքապետի պաշտոնում ընտրվեց Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Նույն որոշման նախագիծը պետք է ներառի նաև ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու։
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ։ Այդ նիստում քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը որոշվում է գաղտնի քվեարկությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն: Քաղաքապետին անվստահություն են հայտնում, եթե առաջադրված թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: