կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 14:37
Մշակույթ

Բուրսայի Յըլդըրըմ գավառի հայկական եկեղեցին

Բուրսայի Յըլդըրըմ գավառի հայկական եկեղեցին

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Բուրսա նահանգի Յըլդըրըմ գավառի հայկական եկեղեցին տեղակայված է Յըլդըրըմ քաղաքի Նամազգահ պողոտայի և Աքդեմիր փողոցի հատման կետում։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով Յըլդըրըմի գավառապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկությունը։

Թուրքական աղբյուրը հայտնելով, որ նախքան հանրապետության հռչակումը այս քաղաքի Սեթբաշը թաղամասում հոծ թվով հայություն է ապրել, նշում է, նաև, թե իբր հայերը բնակավայրը լքել են քեմալական շարժումից հետո՝ խեղաթյուրելով այն փաստը, որ իրականում այստեղի հայությունը ևս, Օսմանյան պետության մյուս շրջանների հայ բնակիչների նման, ենթարկվել է Ցեղասպանության, որի հետևանքով էլ բնակավայրում հայեր չեն մնացել։

Աղբյուրը նաև հավելում է, որ այնուհետև եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես ծխախոտի պահեստ, ապա՝ լիովին դատարկվել ու լքվել։ Ըստ աղբյուրի՝ որպես պահեստ օգտագործվելու ընթացքում հայկական եկեղեցին ենթարկվել է անհարկի փոփոխությունների։

Վերջում թուրքական կառավարության պաշտոնական կայքէջը շեշտում է, որ եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ։

Նշենք, որ սույն եկեղեցին, իրականում, մոտավորապես 300 տարեկան է և հիշեցնենք, որ այն դեռ մի քանի տարի առաջ վաճառքի էր հանվել շուրջ 1 ու կես միլիոն դոլարով։

http://www.yildirim.gov.tr/ermeni-kilisesi

Մելինե Անումյան / Akunq.net