կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 13:05
Հասարակություն

«Սեփականատիրոջից» սեփականատիրոջը․ պոլսահայ հեղինակը՝ Բուրսայի հայկական եկեղեցու վաճառքի մասին

«Սեփականատիրոջից» սեփականատիրոջը․ պոլսահայ հեղինակը՝ Բուրսայի հայկական եկեղեցու վաճառքի մասին

Akunq.net-ը ստորև թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է պոլսահայ հեղինակ Արիս Նալջըի անդրադարձը՝ վերջերս Բուրսայում վաճառքի հանված հայկական եկեղեցու թեմային։ Հիշեցնենք, որ Բուրսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթոլիկ եկեղեցու՝ վաճառվելու կապակցությամբ վրդովմունք էին հայտնել նաև ԿՊոլսո հայոց պատրիարքարանը և Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը  

Արիս Նալջը

Հայկական թաղամասը հիմա գտնվում է նոր քաղաքի հենց սրտում։ Այնտեղի եկեղեցու քարերն օգտագործվել են այդ թաղամասի տների աստիճանների կառուցման նպատակով։ Փողոցում զբոսնելիս դրանք անզեն աչքով էլ  կարելի է տեսնել։  

Ժամանակ առ ժամանակ մեկին բռնացնում են համացանցի միջոցով «գյավուրի» գույք վաճառելու վրա։ Հետո դա օրակարգ է բերվում, այնուհետև՝ մոռացվում։ Սակայն իրականում այդ հայտարարությունները երբեք չեն ջնջվում։ Եթե անգամ ջնջվում էլ են, մի քանի տարի հետո դարձյալ երևան են գալիս։

Հայկական առանձնատունը, հունական տունը, ասորական եկեղեցին, հրատարակչատունը, պահեստը, հայերեն փորագրությամբ սնդուկը։ Հնում գնացքի խմբավարներին տրվող «Սարկիսով» կոնաձև ժամացույցը։ Գնալով երկարում է այս ցուցակը։

Բուրսայի հայ կաթոլիկ եկեղեցին և Մարդինի ասորական եկեղեցին վաճառքի հանվելուց հետո սոցիալական ցանցում բուռն արձագանքներ եղան, որի պատճառով մամուլը ևս չկարողացավ չանդրադառնալ այդ թեմային, և գործն ավելի բարդացավ։

«Դեմիրյորեն» լրատվական գործակալությունը և այլ լրատվամիջոցներ վերջին շրջանում հաճախակի են հրապարակում «Գանձախույզները եկեղեցին կողոպտել են» վերնագրով լուրեր։ Դրանց վրա աղ ու պղպեղի պես ավելացել են «Վաճառքի ենթակա եկեղեցի» վերնագրերը։ Սակայն դրանք նոր չեն։ Իրականում «Սեփականատիրոջ կողմից վաճառվող» վերնագրով հայտարարությունները տարիներ շարունակ հրապարակվել են։ Օրինակ՝ Բուրսայում գտնվող եկեղեցին 2014 թ․ էլ էր վաճառվում։  Նույնիսկ Սարգիս Սերոբյանը և Լորա Բայթարը İMC TV-ում «Նռան հատիկներ» հաղորդաշարերից մեկի շրջանակներում այցելել էին այդ եկեղեցին։

Դեռ այն ժամանակ վաճառքի հանված հայ կաթոլիկ եկեղեցու հետ միասին գրեթե ամեն տարի վաճառքի է հանվում նաև Բուրսայի հայկական թաղամասը, քանի որ տեղակայված է զբոսաշրջիկների համար ուշագրավ վայրում։ Իհարկե, երբ 2014 թ․ այս թեման օրակարգ բերվեց, եկեղեցին վաճառքի հանած անշարժ գույքի գործակալը հայտարարությունը հեռացրեց կայքէջից։ Այդ ժամանակ հետաքննություն սկսվեց, և վաճառքի գործն իրականացնող գործակալությունը փակվեց։

Այդ թեմայով այն ժամանակ հեղինակած հոդվածիս կապակցությամբ էլեկտրոնային հասցեիս հետևյալ հաղորդագրություն էի ստացել․ «Այլևս Բուրսա ոտք չդնե՛ս»։

2021 թ․ այս եկեղեցին դարձյալ վաճառքի է հանվել։ Սակայն այս անգամ վաճառողը գովազդում օգտագործել է նաև եկեղեցու նկարները։ Իրականում անշարժ գույքի վաճառքով զբաղվող կայքերի մեծ մասն արդեն հայկական և հունական գույքի վերաբերյալ հայտարարություններում օգտագործում են հեռվից արված նկարներ, որտեղ չեն երևում  մանրամասները (գրությունները), կամ դրանք լինում են կեղծ նկարներ։

«Սեփականատերը վաճառում է» հայտարարությունը կազմողներն արդեն գործը յուրացրել են

Sahibikim.com սոցիալական ցանցից ստացված արձագանքերը խոչընդոտում են անշարժ գույքի դյուրին վաճառքը համացանցի միջոցով, բայց և այնպես հնարավոր չէ այս գործընթացին արգելք լինել։

Լավ, իսկ ովքե՞ր են այդ գույքի սեփականատերերը։

Երբ այդ ունեցվածքի իրական տերերը 1915 թ․ հետո չվերադարձան, գյուղերում  հաստատված մարդիկ սեփականաշնորհեցին անշարժ ու շարժական գույքը։ Այո՛, ճիշտ է, որ բազմաթիվ եկեղեցիներ սեփականաշնորհված են այն ընտանիքների կողմից, որոնց հողատարածքում են գտնվել։ Որոշներն էլ ներկայացվում են այնպես, իբր պատկանում են այն սրբին, որի անունով կոչվում է տվյալ եկեղեցին։ Սակայն քանի որ սուրբը վախճանված է, կառույցը մնում է պետությանը։

Սակայն մի՞թե եկեղեցին՝ Աստծո տունը, սեփականության վկայական է ունենում։ Եթե անգամ ունենում է, ամենաճիշտն այն է, որ եկեղեցին հանձնվի կրոնական այն կազմակերպությանը, որին պատկանում է տվյալ սրբավայրը։ Այսինքն, այս դեպքում՝ Կ․Պոլսո հայոց պատրիարքարանին։

Նույնն է վիճակը Օրդուում գտնվող հայկական եկեղեցու դեպքում։ Հնարավոր է մտնել երկաթե ցանկապատերով շրջապատված այս եկեղեցի, սակայն այն տեր ունի։ Օրդուի Թաշբաշը թաղամասում գտնվող Մենեքշե փողոցում և Սաթքը Ջան պողոտայում տեղակայված հայկական և հունական տները տարիներ առաջ էին վերանորոգվել և վաճառվել։ Իսկ ու՞մ և ինչպե՞ս էին մնացել այդ տները՝ հարցական է։

Բացի այդ, ավելի վաղ Դյուզ թաղամասում գտնվող և որպես բանտ օգտագործված հայկական եկեղեցին էլ փոխանցվել է քաղաքապետարանին, հետագայում՝ 1997 թ․, այն վերածվել է մշակութային կենտրոնի։ Վանի Յեդիքիլիսե գյուղում գտնվող եկեղեցին (Վարագավանքը-Ակունք խմբ)  էլ իրականում դռնապանի տրամադրության տակ է։ Հորից է մնացել։ Էլյազիգում (Խարբերդ-Ակունք խմբ) գտնվող հայ բողոքական եկեղեցու սեփականության վկայականում տերը հյուրանոց կառուցելու համար տարիներ շարունակ սպասում է պատերի քանդվելուն։

Այցելել ու տեսնել է պետք

1915 թ․ երթուղիներում մեծ պահանջարկ ունեցող շրջաններ կային, ինչպես՝ Վանը, Կարսը։ Կային նաև վայրեր, որտեղ քիչ են այցելում սփյուռքահայերը, հույները։ Դրանցից մեկը Աֆիոնն էր։ Աֆիոնի հայկական թաղամասը Հեյբեթլի ամրոցի անմիջապես ներքևում էր։ Երբ 2015 թ․ «Մնացորդաց» նախագծի շրջանակներում Աֆիոն գնացի, հայկական թաղամասը բավականին ընդարձակ էր։

Հայկական թաղամասն այս պահին ընկած է նոր քաղաքի հենց կենտրոնում։ Այնտեղի եկեղեցու քարերն օգտագործվել են այդ թաղամասի տների աստիճանների կառուցման նպատակով։ Փողոցում զբոսնելիս դրանք անզեն աչքով էլ  կարելի է տեսնել։

Մտա մի փայտե տուն, որի դռան վրա փորագրված էր՝ 1905 թ․, թեյ խմեցի այնտեղ։ Տունը գտնվում էր եկեղեցու անմիջապես կողքին։ Այն վաճառքի էր հանվել 70 հազար թուրքական լիրա գնով։ Ներքնահարկում կար մեկ սրահ, բուխարի, խոհանոց, իսկ վերնահարկում՝ 4 սենյակ։ 1982 թ․ լուսահոգի  հոր հետ էին գնել այն և պահպանում էին նախկինի պես։ Հիմա սոցիալական ցանցերում առաջացած այդ աշխուժությունից հետո գինը դարձրել են 299 հազար լիրա։ Ինչպես հասկանում եք՝ այցը բարձրացնում է գինը։

Եկեղեցի և առանձնատուն վաճառելը տարբեր բաներ են։ Հայի գույքը հայի՞ են վաճառելու

Լա՛վ, իսկ գնորդ կա՞ այդ եկեղեցիների և տների համար։ Կա, որ վաճառում են։ Իրականում անշարժ գույքի գործակալների կարծիքով՝ որոշները գանձ որոնելու համար, որոշներն էլ բուտիկ հյուրանոց կառուցելու համար այցելող սփյուռքահայերից գումար շորթելու նպատակով են հետաքրքրվում։ Սակայն գները բարձրանալուն պես, գործերը դանդաղել են։

Բուրսայի հայ կաթոլիկ եկեղեցին 2014 թ․ 680 հազար լիրայով էր վաճառվում, իսկ հիմա գինն իջեցվել է 600 հազարի։

Երևան են գալիս մարդիկ, որոնք երբ Թուրքիայում եվրոյի, դոլարի արժեքը բարձրանում է, մտածում են արտասահմանում գտնվող հայերից «փողը վերցնենք, գնենք»։ Նույնիսկ եղել են մարդիկ, որոնք նախաձեռնել են Բուրսայում գտնվող եկեղեցին (600 հազար), Ադափազարըի Արմաշում գտնվող հայկական ջրաղացի (1,5 մլն) կամ էլ Կայսերիում (Կեսարիա- Ակունք խմբ) գտնվող Գյուլբենկյան դպրոցի (600 հազար դոլար) վաճառքները։ Սակայն ներսում ճռռացող ինչ-որ բան կա։

Ամատներով Կայսերիից մի ամերիկացի փաստաբանի տվածս այն հարցին, թե «Եթե ամբողջը գնենք, ի՞նչ կլինի», հետևյալ պատասխանն եմ ստացել․ «Մենք գույքի սեփականության վկայականն ունենք,  պահում ենք։ Ինչու՞ դարձյալ գումար տանք։ Դա էլ հետո կվերցնեն»։

Եվրոպացին էլ է վաճառում

Նման լուրերից հետո շատ ենք հանդիպում նաև մարդկանց, որոնք ասում են․ «Եվրոպայում էլ են եկեղեցի վաճառում, նույնիսկ հյուրանոց կամ բար են կառուցում»։

Այստեղ արձանագրենք։ Երբ եկեղեցու շենքը վաճառում է տեղի ծուխը,  ուրեմն այն այլևս պետք չէ համայնքին, սակայն հարկ է այլ նպատակ փնտրել այնտեղ, որտեղ եկեղեցին կողոպտում, ապա վաճառում են։ Ի դեպ, երբ Բրյուսելի սինագոգն էր վաճառվում, այն տուն դարձնելու գործով զբաղվող կապալառուն այնթափցի մի թուրք էր։ Այսինքն, եվրոպացին գործը վստահել է գիտակին։

Մանավանդ, որ եթե անգամ Եվրոպայում եկեղեցի կամ դպրոց են փակում, նորը բացելը հեշտ է։

Չի եղել Թուրքիայում փակված հայկական, հունական որևէ դպրոց կամ եկեղեցի, որի փոխարեն նորը բացվի։ Ահա այդ պատճառով է, որ ինչքան էլ քիչ բնակիչ մնացած լինի, միևնույնն է՝ Թուրքիայում ապրող քրիստոնյաներին պատկանող յուրաքանչյուր եկեղեցի, միություն, դպրոց պետք է բաց մնա։

Սեփականատիրոջ կողմից, սեփականատիրոջից գնողներ, զգու՛յշ եղեք։

Եթե մի օր իրական տերը գա և պահանջի, կարող եք անտեր մնալ։

Վերջում ձեզ տեղեկացնեմ բորսայի մասին․

Բուրսայում գտնվող հայկական եկեղեցին վաճառվում է 600.000 թուրքական լիրայով,

Ադափազարըում գտնվող հայերից մնացած ջրաղացը՝ 1.500.000 թուրքական լիրայով,

Աֆիոնում գտնվող հայկական տունը՝ 299․000 թուրքական լիրայով,

Մարդինում հայերից մնացած առանձնատունը՝  3.250.000 թուրքական լիրայով,

Թալասի Հան թաղամասում գտնվող եկեղեցին՝ 750.000 թուրքական լիրայով,

Շանլըուրֆայի (Ուրֆա, Եդեսիա-Ակունքի խմբՔամբերիյե թաղամասում գտնվող հայկական խանը՝ 360.000 թուրքական լիրայով,

Նևշեհիրի Քայմաքլը 1903 թվականից մնացած հունական առանձնատունը՝ 600.000 թուրքական լիրայով,

Մարդինի Արթուքլուում գրանցված եկեղեցին՝ 7.250.000 թուրքական լիրայով։

https://artigercek.com/yazarlar/aris-nalci/sahibinden-sahibine-satilik 

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net