կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 12:08
Քաղաքական

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ականներին կոչ է անում դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ականներին կոչ է անում դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մեկնարկած գործընթացին, գրում է.

«Առաջիկա օրերի տոնակսն մենյուն՝ Հայկ Մարության

Առաջին մարդը, ով հասարակությունը բաժանեց սևի ու սպիտակի, ով ատելության գարշելի այս դոզայի վրա նստեցրեց հասարակությանը՝ Հայկ Մարությանն էր։ Հեղափոխության խրոխտ զավակներից մեկը, ում հիմա նույն այդ հեղափոխությունը հավեսով խժռում է ու չկասկածեք՝ խժռելու է մինչև վերջին ոսկորը։

Հայկը քաղաքապետ առաջադրվեց՝ «թեկուզ Նիկոլի կոշիկի քուղը լինի» սկզբունքով, որովհետև այդ պահին Նիկոլը ում էլ քաղաքապետ առաջադրեր՝ բաղնիքի իր չստիկին, հեռուստացույցի պուլտին, կոշիկի վաքսին, սույն կենցաղային իրը ձայների սպանիչ մեծամասնությամբ ընտրվելու էր Երևանի քաղաքապետ։

Ու երբ քաղաքապետի ընտրության քարոզարշավին ես ուղիղ եթերով բանավեճի հրավիրեցի Հայկ Մարությանին քաղաքի հիմնախնդիրների և դրանց լուծման շուրջ բանավիճելու, բայց՝ մենակ, առանց Նիկոլ, հեղափոխական իշխանությունն այդ պահից սկսած առաջինն ինձ վրա փորձարկեց իր նորաստեղծ ֆեյք ինդուստրիայի ողջ արսենալը, իսկ հետո արդեն իմ մասով կուրացիան փոխանցվեց այս պահին դեռ խորհրդարանում շպրտած հակահիգենիկ, հակաէսթետիկ, թուրքական անդաստաններում հիմնավորապես օգտագործված՝ Made in Turkey արտադրության մի փթիրի։

Ու հիմա, երբ այս հեղափոխության զավակներից մեկը դուրս է եկել իր համար գծված կավճե շրջանակից, նա այլևս սև է, նա այլևս հակահեղափոխական է՝ իր իսկ ստեղծած սև ու սպիտակ իդեոլոգիայի զոհը։

Երևանի ավագանին մեկ քվեարկությամբ առաջիկա օրերին գործից հանելու է Հայկ Մարությանին, որովհետև այդպես է որոշել թավշյա կուտոկը։ Չզարմանաք, որ մի X պահի Հայկին նաև քրեական մեղադրանք առաջադրվի, որովհետև սա է այս իշխանության ալգորիթմը։

Ես չեմ ներկայացնում այլևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ իմ ընկերներին կոչ եմ անում դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը։

Ոչ թե այն պատճառով, որ Հայկը լավ քաղաքապետ է, այլ պարզապես չդառնալ ներկլանային ռազբորկաների և հաշվեհարդարների գործիք իշխանության ձեռքին ու չմիանալ դիակապտության ֆինալային ակտին՝ երբ ֆրանկենշտեյնը, տվյալ դեպքում հեղափոխությունը՝ խժռելու է իր  զավակին»։