կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-11 14:19
Հասարակություն

Փաշինյանն ակնկալում է Բայդենից պաշտպանություն իր հայաստանյան ընդդիմախոսներից. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» առցանց համաժողովին, փաստացի միայն մեկ խնդրանք է ուղղել Արևմուտքին՝ պաշտպանել իր իշխանությունը Հայաստանում գործող ներքաղաքական հակառակորդներից, իր ընդդիմախոսներից

Նախ, Փաշինյանը դարձյալ Հայաստանի քաղաքական դաշտը բաժանեց երկու մասի՝ իրեն ընդդիմացող «հակաժողովրդավարական խավարամիտների» և «ժողովրդավարության կենտրոնի», որն իբր ներկայացնում է ինքը՝ Փաշինյանը։ Ավելին, Բայդենի և այլ արևմտյան առաջնորդների աչքի առաջ Փաշինյանը «մեկ հարթակի» վրա դրեց իր ներքաղաքական հակառակորդներին և Ադրբեջանին։ Փաշինյանը բառացի ասաց հետևյալը. «Մեզ համար ամենամեծ մարտահրավերը մեր անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։ Մեկ այլ մարտահրավեր է երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարը: Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք»:

Եթե այս ձևակերպումները «դիվանագիտականից» թարգմանենք մարդկային լեզվի, ապա կստացվի, որ Փաշինյանը կոչ է անում Բայդենին և արևմտյան այլ երկրներին պաշտպանել իր իշխանությունը հայաստանյան ընդդիմությունից, որը, ըստ Նիկոլի, օգտվում է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերից և փաստացի Փաշինյանն ասում է, որ դա օգնում է իր հակառակորդներին երկրի ներսում։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իր ընդդիմախոսներին մեղադրեց իբր «Ադրբեջանի հետ իրենց գործունեությունը համակարգելու մեջ»։ Այսինքն՝ բանակցային գործընթացը տապալած, Հայաստանի անվտանգության համակարգը քայքայած, երկրին պարտություն բերած, Արցախի պետականության հեռանկարը քանդած, 4000-ից ավելի 18-ամյա տղաների մահվան տարած անձը, ով հարվածել է հայ ժողովրդի գալիք սերունդներին, սկուտեղի վրա Ադրբեջանին տալով ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք միջազգային հարթակում անամոթաբար իր միակ առաքելությունն էր համարում իր ներքաղաքական ընդդիմության դեմ պայքարը։ Միաժամանակ հստակ ակնարկելով, որ վերջիններս անուղղակիորեն համագործակցում են Ադրբեջանի հետ։

Անցած 100 տարվա ընթացքում հայ ժողովրդի պատմության մեջ չի եղել այնպիսի ամոթալի ու հակաժողովրդական գործիչ, ով առանց մի կաթիլ ամոթի մեղադրի իր ընդդիմությանն իր իսկ մեղքերի մեջ։ Նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Գեբելսը կնախանձեր Փաշինյանի «հմտություններին»:

Սա ևս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանն այսօր ունի առաջնորդ, որի միակ և հիմնական առաքելությունն է իր իշխանությունը պահել ու անվտանգության երաշխիքներ ստանալը, և դա անել ամեն գնով։

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան