կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 14:16
Քաղաքական

Ամեն ինչ անում են, որ հայ մարդն իր որդուն միանգամից տանի կալանավայր՝ բանակի փոխարեն. Ա. Գրիգորյան

Ամեն ինչ անում են, որ հայ մարդն իր որդուն միանգամից տանի կալանավայր՝ բանակի փոխարեն. Ա. Գրիգորյան
Ռազմագերիներից 5֊ին կալանավորում են քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար։ Մի երկու օր առաջ էլ մի քաղաքականացված քննիչ հատվածներ էր հրապարակել մի քանի ռազմագերիների ցուցմունքներից։ Իբր ի՞նչ։ Եվ սա արվեց Ալենի սկանդալային հայտարարությունից հետո։ Պարզ է, չէ՞, որ չլիներ այդ հայտարարությունը, չէր լինի նաև կալանավորումը, կամ առնվազն դա չէր արվի այսօր և հրապարակային։ Պարզ է, չէ՞, որ ռազմագերիների վերադարձը կգրեին ՔՊ քաղաքական կապիտալում՝ որպես ձեռքբերում, ինչպես մի քանի անգամ արել են։ Հիմա պրոբլեմ ունեն և դա գցում են սրա-նրա գրպանը, բայց չի մտնում, չեք զգո՞ւմ։ Սա բանակը վերջնական քանդելու պրոցես է՝ հանուն աթոռի, զրահապատ մեքենաների, կառավարական դաչայի և առաջին բորտի։
 
Բանակը քանդելու մեկնարկը ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ստեղծումն էր, որը բերեց մի շարք խնդիրներ։ Դեռ այդ հանձնաժողովի ստեղծման ժամանակ եմ ասել, որ չի կարելի նման բան անել, դա բանակը թուլացնող բան է։ Բանակի խնդիրները պետք է լուծվեն ամենօրյա աշխատանքով, ոչ թե պոպուլիզմով։ Ապրիլյան հանձնաժողովը հետևանք թողեց, որի մասին քիչ խոսվեց, քանի որ առաջին հայացքից չէր երևում։ Դա մտահոգություն էր, ենթագիտակցորեն, առաջին հերթին՝ սպայի համար։ Հիմա այդ սպան որևէ ռազմական գործողության ժամանակ պիտի մտածեր, թե ինչպե՞ս անի, որ մեկ այլ հանձնաժողովի առաջ պատասխան չտա, փոխարենը մի մտածելու բան պիտի ունենա` այն է ռազմական գործողության հաջողություն։
 
Սա իմ կարծիքն է։
 
Հիմա գերիների կալանավորումն ու ցուցմունքների հրապարակումն է։ Ամեն ինչ անում են, որ հայ մարդը իր որդուն բանակ չուղարկի, կամ հանի երկրից, կամ ավելի վատ` միանգամից տանի կալանավայր։
 
Պատերազմը լավ բան չի, պատերազմը խախտում է Աստվածային հերթականությունը` հայրերն ու պապերն են թաղում իրենց հերոս ժառանգներին։ Պիտի թոռների և զավակների ձեռքերով օջախի մեծը հող մտնի, որ հանգիստ հանգչի, հետք թողած հեռանա։ Սա հասկանալու համար պիտի տոհմ ու գերդաստան իմանալ, եռասերունդ ընտանիքի մաս լինել, ոչ թե՝ կյանք սպառող։
 
Մենք` դաշնակցականներս, պատերազմի գինն էլ լավ գիտենք, խաղաղության անհրաժեշտության արժեքն էլ։ Պատերազմի ժամանակ տղերքն արդեն սովորել էին, անձրևի տակ մնալ, ցեխոտ ձեռքերով սնվել, երկար ժամանակ չլողանալ։ Սովորել էին, բեկում կարող էր լինել, ժամանակն էր։
 
Այս մարդկանց չեղավ բացատրել, որ ռազմաքաղաքական օպերատիվ շտաբը կարևոր էր, չեղավ, չստացվեց հասկացնել։ Մի ոհմակ հաչացող քութիկներ հանեցիք այդ առաջարկը հնչեցրած Իշխան Սաղաթելյանի դեմ։ Ձեզ թվում էր, թե Իշխանն իրենց տու՞ն է տանելու, կամ դա երկար քննարկման չէր ենթարկվե՞լ։ Դրան արձագանքեիք, դուք էլ լինեիք այդ շտաբում, դուք էլ մասնակցեիք աշխատանքներին։ Մի կողմ դնեիք քաղաքական տարաձայնություններն ու ականջալուր լինեիք սեպտեմբերի 27-ին Հրանտ Մարգարյանի կոչին։ Չարեցիք, որովհետև ճղճիմ եք, փոքր եք, նախանձ եք ու դժբախտ։ Այս մարդիկ երբեք չեն հասկանա, սրանք ուրիշ մարդիկ են, ուրիշ արժեքներ ունեն, ուրիշ ծրագիր։
Որ խելք չունեք դա վաղուց պարզ է, բայց դժբախտ էլ եք, որ հենց եկաք՝ իշխանությունը զավթեցիք, քովիդն եկավ ու տակնուվրա արեց, հլը պատերազմ չկար։ Մտածում էի՝ մի մարդու համար մի քիչ շատ է՝ հա՛մ անխելք լինի, հա՛մ դժբախտ։ Բայց եթե նման մարդիկ իշխում են, ապա դա համազգային աղետ է։ Հետո երբ փազլը հավաքվեց արդեն պարզ էր, դա ծրագիր էր, Հայստանն ու Արցախը կործանելու ծրագիր։ Գլոբալիստներն եկել են ազգային մարդկանց դարձնեն աշխարհաքաղաքացի։ Չի լինի, դրա միակ ձևը ողնաշարը ջարդելն է, ինչ ուզում են ծրագրեն, չի լինելու։ Ոչ Ալիևի ասած ռևանշիստներ ու երկաթյա բռունցքը, ոչ էլ Նիկոլի ասած ռևանշիստներ ու պողպատե չագուչը չի կարող ջարդել հայ ազգի ողնաշարը։ Իրար նման ձևակերպու՞մ էր, այո, շատ նման։ Նույն տեխնոլոգիան է։
 
Իսկ հիշու՞մ եք՝ կար ժամանակ երբ դհոլ-զուռնայով էինք տղա ճամփում բանակ և դհոլ-զուռնայով էլ ընդունում։ Իսկ դա ոչ Լևոնի ժամանակ էր, ոչ էլ Նիկոլի։
 
Մեզ շատ շտապ ռազմական շքերթ է հարկավոր, իսկ դա նիկոլների ժամանակ չի լինի, իսկ մենք նիկոլների ժամանակը չունենք, նիկոլներին տալու երկիր չունենք։ Ժամանակը թանկ է, մանավանդ, որ, ցավոք, հիմա հայ ազգի դեմ է աշխատում։
 
Եվ վերջում հիշեցնեմ, որ Բաբկենենց հարևան Պողոսները, որոնց մի մասն արդեն դեպուտատ է, թող չկարդան, դա իրենց խելքի բանը չի։ Չնայած սկզբում պիտի սա գրեի։ Ինչևէ ...
 
Հ.Գ. Նկարում Շուշիի Գորգերի թանգարանն է, որը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման խորհրդանշական օրը։ Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը։ Ունեցել է շուրջ 300 տեսակ գորգ ու կարպետ՝ 17֊րդ դարից սկսյալ։
 
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ