կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 15:15
Հասարակություն

Ոստիկանության կրթահամալիրի ուսանողների միջեւ վիճաբանությունը հետագայում վերածվել է ծեծկռտուքի. գործը դատարանում է

Ոստիկանության կրթահամալիրի ուսանողների միջեւ վիճաբանությունը հետագայում վերածվել է ծեծկռտուքի. գործը դատարանում է

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ուսանողների միջեւ ապրիլի 21-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո նշանակվել է ծառայողական քննություն, սակայն խնդիրն այդքանով չի լուծվել, հանդիպում է եղել այդ վիճաբանության մասին զեկուցողի հետ, որն էլ ծեծկռտուքի է վերածվել։

 Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը դատարանում է, 2 անձ մեղադրյալի կարգավիճակում է։ 

Ըստ քրեական գործի՝ 2021 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առաջին կուրսի առաջին դասակի սովորողներ, ոստիկանության կապիտան Գագիկ Առաքելյանի եւ ոստիկանության սերժանտ Նարեկ Կարապետյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ նույն կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը եւ ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գալոյանի կողմից զեկուցվել է կրթահամալիրի պետին, եւ միջադեպի մանրամասները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն։

Տեղեկանալով եղբոր նկատմամբ ծառայողական քննություն նշանակվելու մասին՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ԱԳ եւ ԸԲԿ բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ռաֆայել Կարապետյանը զանգահարել է Արշալույս Գալոյանին եւ հանդիպում պահանջել ու Արշալույս Գալոյանի հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Արշալույս Գալոյանը հրաժարվել է հանդիպել նրա հետ, ինչից հետո Ռաֆայել Կարապետյանը նույն օրը՝ ժամը 23:05-ի սահմաններում, եղբոր՝ Նարեկ Կարապետյանի հետ գնացել է Արշալույս Գալոյանի՝ Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող տուն։ Ռաֆայել Կարապետյանը ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել է Արշալույս Գալոյանի հետ։

Այնուհետեւ Ռաֆայել Կարապետյանը Արշալույս Գալոյանին հարվածել է, ինչից հետո եղբոր հետ սկսել են քաշքշել Արշալույս Գալոյանի հագուստից եւ մարմնի տարբեր մասերից՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Արշալույս Գալոյանը եղբայրներից ազատվելու համար, յուրաքանչյուրի դեմքին բռունցքով հարվածել է, որի հետեւանքով Ռաֆայել Կարապետյանն ընկել է գետնին։

Ռաֆայել եւ Նարեկ Կարապետյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։