կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 11:10
Հասարակություն

Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները. Կարեն Սարգսյան

Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները. Կարեն Սարգսյան

Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Ոստիկանության համակարգի հարգարժան ծառայողներ, հարգելի վետերաններ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Սա այն կառույցն է, որն իր գործունեությամբ՝ որպես կանոն, կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Որպես իրավապահ ինստիտուտ, ոստիկանությունը երկրի կայունության պահպանման երաշխավորն ու հիմնասյունն է:

ՆԳ նախարարությունը՝ ենթակա բոլոր ստորաբաժանումներով, օր ու գիշեր ծառայում է մեկ հիմնական նպատակի ու սկզբունքի համար. ապահովել երկրի ներքին անվտանգությունը:

Ներքին գործերի համակարգի ծառայողները պատվով անցան նաև 44-օրյա պատերազմական փորձությունները:

Պատերազմը մեզնից խլեց մեր լավագույն տղաներին, թողնելով բազում անավարտ պատմություններ: Խաղաղ բնակչությանը հակառակորդի դիվերսիոն ուժերի գործողություններից պաշտպանելու համար՝ բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայվեցին մարտական հենակետեր:

Ոստիկանության ծառայողները կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները:

Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Կառույցն ունեցավ 11 զոհ և 3 տասնյակ վիրավոր: Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ոստիկաններին:

Զոհված ոստիկանների ընտանիքներն այսուհետ ևս լինելու են պետության հոգածության ներքո, իսկ նրանց հիշատակը միշտ վառ ենք պահելու:

Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները: Վստահեցնում եմ, որ ոստիկանության ծառայողներն անում են առավելագույնը՝ կառույցն ավելի վստահելի դարձնելու համար, որպեսզի ոստիկանի կերպարը հասարակության շրջանում առաջին հերթին պաշտպանվածության զգացում ներշնչի:

Հանցագործությունների դեմ տարվող անզիջում պայքարի արդյունքում, էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը: Համակարգում մեկնարկել է բարեփոխումների մի ծրագիր, որով ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Վերանորոգվում են ռազմական գործողություններից էապես տուժած ստորաբաժանումների շենքերը, կառուցվում են նորերը, թարմացվում է նյութատեխնիկական բազան, վերազինվում՝ արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով:

Այս ամենին զուգահեռ՝ աշխատանքներ ենք իրականացնում ուղղված ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն:

Հարգելի գործընկերներ

Մաղթում եմ, որ այսուհետ ևս բարձր պատասխանատվությամբ ու արժանապատվորեն շարունակեք կատարել Ձեր մասնագիտական դժվարին գործը:

Խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»: