կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-18 11:51
Իրավական

Ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Մարտի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: «Սա մեր առաջին հանդիպումն է` Ձեր կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, եւ, օգտվելով առիթից, կրկին շնորհավորում եմ բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթում Ձեր կարեւոր առաքելության մեջ»,- ասաց նախարար Նալբանդյանը:

Արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեց ՀՀ Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները եւ նրա անունից Անտոնիու Գուտերեշին հրավիրեց այցելել Հայաստան։ Անտոնիու Գուտերեշը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների եւ հրավերի համար, վստահեցրեց, որ, որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, նպատակադրված է արդյունավետ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ։

Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրեց. «Իր անդամակցության քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների եւ օղակների հետ, հանդես գալիս նախաձեռնություններով, որոնք արժանի են բարձր գնահատանքի»: ԱԳՆ ղեկավարը հավաստիացրեց, որ այսուհետ եւս Հայաստանը շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը եւ ակտիվ գործունեությունն՝ ուղղված ՄԱԿ-ի նպատակների կյանքի կոչմանը։

Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի: Քննարկվեցին իրավիճակը Մերձավոր Արեւելքում, փախստականների, միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրները:

Այս համատեքստում Անտոնիու Գուտերեշը արժեւորեց Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում՝ նշելով, որ դա օրինակելի է: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Անդրադարձ կատարվեց նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին:

Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Նյու Յորք այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։ Քննարկվեցին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

 

ՀՀ ԱԳՆ