կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 10:26
Քաղաքական

Սոչիի հայտարարությամբ վերահաստատվում է ապաշրջափակման դրույթը, և հերքվում են «միջանցքի» մասին թեզերը․ ԱԳՆ խոսնակ

Սոչիի հայտարարությամբ վերահաստատվում է ապաշրջափակման դրույթը, և հերքվում են «միջանցքի» մասին թեզերը․ ԱԳՆ խոսնակ

Սոչիի հայտարարությամբ վերահաստատվում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման դրույթը, և հերքվում են «միջանցքի» մասին թեզերը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:

Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։

Երկրորդ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է  հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:

Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։

Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»։