կարևոր
1945 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-17 09:37
Քաղաքական

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստում դատապարտեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և ապաշրջափակման կոչ արեց

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստում դատապարտեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և ապաշրջափակման կոչ արեց

Ֆրանսիան դատապարտում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական բեռի արգելափակումը, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության խոչընդոտումը Ադրբեջանի կողմից, ինչը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։

Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծեց՝ ամբողջական շրջափակման ութ ամիսները Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի են հանգեցրել։

«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը աշխարհի մնացած մասից՝ առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ իրավիճակը հիմնավորվել, և դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին», - նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Ֆրանսիայի ներկայացուցիչը նաև ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակչության համար վերջին ամիսներին ստեղծված ծանր իրավիճակը, այդ թվում՝ գազամատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, գյուղատնտեսական աշխատանքների դժվարությունը, երաշտի ռիսկը, դեղորայքի պակասը՝ կոչ անելով անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

«Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության ուղեբեռի արգելափակումը, որը Հայաստանի իշխանություններն ուղարկել էին հուլիսին, որպեսզի վերացնեն այս իրավիճակի հետևանքները։ Նույնը վերաբերում է նաև ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները։ Դա անընդունելի է։ Հաշվի առնելով իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան կոչ է անում, որ անվերապահորեն ու անմիջապես վերականգնվի ապրանքների և մարդկանց անարգել տեղաշարժը երկու ուղղություններով, ինչպես նաև շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը», - նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց Արդարադատության միջազգային դատարանի որոշումների մասին, որոնք պահանջում են, որ Ադրբեջանը ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու համար։

«Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում տարածաշրջանում տևական և արդար խաղաղության օրակարգին։ Այս առումով Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի վերսկսվեն բանակցություններն՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերին։ Այդպիսի լուծումը հնարավոր է միայն երկխոսությամբ՝ բացառելով ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումը», - հավելեց Ֆրանսիայի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ Ֆրանսիան, ԵՄ-ին զուգահեռ, կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ջանքերին։