կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-27 12:11
Քաղաքական

Աղետը պարտությունն էր քիրվայական գաղափարախոսության. Հայաստանը կընտրի՞ կյանքի ճանապարհը

Աղետը պարտությունն էր քիրվայական գաղափարախոսության. Հայաստանը կընտրի՞ կյանքի ճանապարհը

Դեռևս 1920-ական թվերից բանավեճ է ընթանում հայ հանրության մեջ: Մի կողմից այն պնդումն է, որ Թուրքիան ու թուրքական զույգ պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ծրագրված ուզում են հայ ժողովրդին բնաջնջել և թույլ չտալ, որ հայերը ունենան սեփական պետություն, որ Հայոց մեծ եղեռնի՝ ցեղասպանության նպատակն էր ստեղծել թուրքական միատարր ազգայնական պետություն, որի ճանապարհին հայերը նաև մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ալևիները, հիմա էլ քրդերը, խանգարիչ գործոն են, և որ Օսմանյան կայսրությունը, զրկվելով իր հսկա տարածքներից, հայերին բնաջնջելով, պահպանում էր այդ տարածքների մի մասը։ Նույնն էլ կովկասյան թաթաները, որոնք իրենց կոչեցին ադրբեջանցի, հայերին բնաջնջելով՝ Նախիջևանում, Ղարաբաղում, հետագայում` ամբողջ Ադրբեջանով մեկ, հետևելով իրենց ազգակիցների օրինակին, ստեղծում էին իրենց միատարր պետությունը՝ Ադրբեջանը։ Ապա` նաև պանթուրքիստական գաղափարներով տոգորված զույգ թուրքական պետությունները միմյանց միավորվելու խոչընդոտ են տեսնում Հայաստանի Հանրապետությունը, որը փորձում են կա՛մ վերացնել, կա՛մ ճեղքելով դարձնել հնարավորինս հպատակեցված` մինչև Հայաստանը դատարկվի, ու թուրքերը տեղը գրավեն։

Մյուս կողմը պնդում է, որ հայերի սխալ քաղաքականության արդյունքում են թուրքական պետությունները դուրս եկել հայերի դեմ, այդ սխալն այն է, որ հայերը ձգտել են Օսմանյայն կայսրության  մեջ ինքնավարություն հաստատել և ապա` անջատվել, որին հասնելու համար դաշնակցել են նախ` Օսմանյան կայսրության թշնամիների հետ, մասնավորապես` Ռուսաստանի, և ստացել ցեղասպանություն,  հետագայում էլ Թուրքիայից պահանջել են ճանաչել ցեղասպանության ոճիրը ու փոխհատուցել, ապա` Ադրբեջանից պահանջել են Ղարաբաղը և  Նախիջևանը (եթե մի քիչ անկեղծ լինեն, գուցե նաև այն, որ Զանգեզուրը չեն զիջել) ու թշնամացրել Ադրբեջանին, եթե այդպես չանեին խաղաղ կգոյակցեին թուրքական պետությունների հետ կամ մեջ, քանի որ եթե պետականության հարց չդնեին, պետություն չէին ունենա, ուրեմն, որպես համայնք, պիտի ապրեին թուրքական գերիշխանության տակ (այս գաղափարի քննադատությունը տե՛ս «Հայաստանի երկընտրանքը. մի կողմում գաղափարախոսություն, մյուս կողմում արևմտյան շահերով առաջնորդվող սպառողական հասարակություն»

Երկրորդ գաղափարի ժամանակակից ամենաջերմեռանդ կողմնակցներն են Աշոտ Բլեյանն ու Կտրիճ Սարդարյանը, որոնք ժամանակին ստեղծել էին «Նոր ուղի» կուսակցությունը, ապա ավելի մեղմը` ՀՀՇ-ն, ապա` դրա ժառանգորդ ՀԱԿ-ը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, և ՀԱԿ-ից սերած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանն ավելի մեղմ. եթե Բլեյանը ավելի հետևողական է իր գաղափարի մեջ և մեծ սխալ է համարում 1988-ի Ղարաբաղյան շարժումը` որպես Ադրբեջանի հետ թշնամանալու պատճառ,  ապա Լևոն Տեր-Պետրոսյանը 1988-ի շարժումը շատ ճիշտ է համարում, իսկ հետագայում` Սովետական միության քանդվելուց հետո, սխալ է համարում Ղարաբաղի անկախության համար պայքարը: 1988-ին նա վանկարկում էր. «Պայքար, պայքար մինչև վերջ, քանի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է մեր պայքարը շարունակվելու է», իսկ երեք տարի անց` 1992-ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի մարտի 5-ի համարին տված հարցազրույցում ասում է. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը  լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն»: Եթե նրանց թեզերին հետևենք, թե Հայաստանը գոյատևելու համար հարևանների հետ չպետք է թշնամանա, հակառակը` բարեկամական հարաբերություններ պետք է ունենա, որի համար ոչ մի պահանջ չներկայացնի, ապա Տեր-Պետրոսյանը, 1988-ի շարժման ղեկավար լինելով, այդ թշնամությունը բորբոքողներից մեկն է եղել, և երբ այն հասցրել է մի կետի որից հետո անհնար էր Ադրբեջանում որևէ հայկական բնակավայրի գոյությունը, շրջվել և սկսել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ թողնելու քաղաքականությունը, այսինքն` վերջնահաշվարկով այդ քաղաքականությունը հասցնելու էր Արցախի հայաթափմանը։

Ինչևէ, Աշոտ Բլեյանի հետևորդը, որը 1998-ի նախագահական ընտրություններում նրա նախընտրական շտաբի պետն էր և Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում, ի վերջո, եկավ իշխանության և նախ Ռուսաստանի հետ սկսեց քայքայել հարաբերությունները` կարծելով, թե դրանով կնպաստի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, ապա, ստանալով պատերազմ, սկսեց բավարարել թուրք֊-ադրբեջանցիների պահանջները, պատերազմով հանձնեց ոչ միայն անվտանգության գոտին, այլև բուն Արցախի բնակվայրերը՝ Հադրութի ու Շուշիի շրջանները, կհանձներ նաև ամբողջ Արցախը, սակայն Ռուսաստանը խառնվեց և կանխեց դա։ Ադրբեջանը,  չբավարարվելով ձեռք բերածով, պահանջեց Հայաստանից հատվածներ հանձնել, որն էլ Փաշինյանը պատրաստակամորեն արեց՝ հանձնելով տարածքներ Սյունիքում ու Գեղարքունիքում, ու վստահ լինելով, որ արդեն վերացրել է թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու խոչընդոտները, հայտարարեց, թե բացվել է խաղաղության դարաշրջանը։ Բայց, ի զարմանս նրա ու ամբողջ «Քաղաքացիական պայմանագրի», թուրքերը նոր պահանջներ դրեցին, պահանջեցին Նախիջևանի հետ կապող տարածք տալ իրենց` որպես միջանցք։ Այստեղ Փաշինյանը սկսեց կանգ առնել, և մեկ էլ Ադրբեջանը սկսեց հարձակվել ու գրավել Սյունիքում նորանոր տարածքներ։ Զարմացած է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը. այս տարվա մայիսին Հանրային հեռուստատեսությամբ Տեր-Պետրոսյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու է Ադրբեջանը հաղթանակից հետո էլի պահանջներ դնում ու ներխուժում Հայաստան, չէ՞ որ դա չի տեղավորվում իր քիրվայական տեսության մեջ. «Հաղթանակից հետո ես չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը նման գործողությունների գնում։ Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, պարտված հակառակորդի հանդեպ մեծահոգություն է դրսեւորում։ Հաղթողը չի ատում պարտվածին։ Պարտվածն է ատում հաղթողին»։

Բացի դրանից` Փաշինյանը ջանքեր է թափում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, չէ՞ որ Տեր-Պետրոսյանը, Ժիրայր Լիպարիտյանը նրա մեջ մտցրել են, որ հենց Արցախի հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի, Հայաստանն էլ հրաժարվի Ցեղապանության ճանաչման միջազգային գործընթացից, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ։ Բայց չի հաստատում, Էրդողանի ամեն հայտարարություն Փաշինյանը ինքն իր համար խմբագրում է, որ դրական ազդակներ տեսնի մեջը, էլի չի ստացվում՝ Էրդողանն ասում է` միջանցքի տարածք տուր, խոսենք։ Փաշինյանը միջնորդներ է մեջ գցում, սկզբում` այնպես, որ Ռուսաստանը չլինի, ավելին` Ռուսաստանի թշնամի երկիր լինի, ու Վրաստանին է խնդրում միջնորդել Թուրքիային, չի ստացվում։ Ապա շրջվում է դեպի Ռուսաստան, դիմում է Ռուսաստանին, որ միջնորդի Թուրքիայի հետ հարաբերվել։ Այո, Փաշինյանը անկեղծորեն զարմացած է, նա անկեղծորեն հավատում էր Բլեյանի ու Տեր-Պետրոսյանի համոզմունքին, թե հնարավոր է բարիդրացիության հասնել թուրքերի հետ, և հիմա տեսնում է, որ ինչ էլ զիջում է, չի ստացվում, որ նրանք ուզում են մխրճվել Հայաստանի մեջ,  ու անկեղծորեն հարցնում է. «Մի հարց ենք ուզում տանք անկեղծ` Թուրքիային ու Ադրբեջանի,  քանի որ իրենք ասում են` մեկ ազգ, երկու պետություն, իրենք ուզում են Հայաստանը ոչնչացնե՞լ, թե՞ չէ, իրենք ուզում են հայ ժողովրդին ցեղասպանությունը ավարտին հասցնե՞լ» (այս խոսքերը ասաց նոյեմբերի 23-ին տված առ ցանց ասուլիսում

Պետք է նկատել, որ այս գծի մեջ էր որոշ չափով նաև Սերժ Սարգսյանը, որը նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտությունն ու հայ-թուրքական արձանագրությունները ու ձախողվեց։ Նա` որպես պետական գործիչ, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի արանքում էր ու հավատում էր, թե հնարավոր է Թուրքիայի հետ գոնե հարաբերություններ հաստատել։ Ինչևէ։

 Այս ամբողջ աղետը՝ 2020-ի 44-օրյա պատերազմով սկսված և մինչև հիմա շարունակվող, պարտությունն էր նաև Տեր-Պետրոսյան-Բլեյան գաղափարախոսության,  թուրքերի հետ խաղաղ գոյակցության բոլոր ջանքերը փլվեցին, և այն ռազմավարություն անհրաժեշտությունն է  առաջ գալիս, որ Հայաստանի և Արցախի գոյատևման միակ ճանապարհը հզոր պաշտպանական համակարգ ստեղծելն ու ստիպելն է թուրքական պետություններին` հաշվի նստել Հայաստանի գոյության հետ, հակառակ դեպքում` Հայաստանը կվերանա։

Հնարավո՞ր է դա, արդյոք։ Մինչ այդ հարցին պատասխանելը մեկ ուրիշ հարց էլ տանք ՝ հնարավո՞ր է, արդյոք, Արցախի անկախությունը։

Մի սփյուռքահայ հեղինակավոր անձ պատմում է,  որ Հայաստանի նախարարություններից Եվրոպա գործուղումների են գնում երիտասարդ, ուսյալ պաշտոնյաներ և եվրոպացի գործընկերներին ասում են՝ մենք հրաժարվում ենք Արցախից, Հայ դատից, խզելու ենք կապերը Ռուսաստանի հետ, հանելու ենք ռուսական ռազմաբազաները  ու հարևանների հետ հաշտվենք և ինտեգրվենք Եվրոպային։

Այս տեղեկությունը ինձ համար անակնկալ չէր։ Ինչո՞ւ։

Եթե տեսականորեն վերցնենք երկրագունդը և Հայաստան, Արցախ, Ադրբեջան, Թուրքիա պետությունների փոխարեն պայմանական տառեր գրենք՝ X, Y, Z, W, և նկարագրենք այն հակադրություններն ու գաղափարները, որոնք գործում են տարածաշրջանում ու աշխարհում, ապա, հիմնվելով միջազգային իրավունքի, ուժերի հարաբերակցության, աշխարհում տիրող տնտեսական և քաղաքական իրավիճակների, ժողովուրդների ցուցաբերած կամքի ու վճռականության վրա, կեզրակացնենք, որ Y-ը, այսինքն` Արցախը կարող է նվաճել իր անկախությունը և ճանաչվել երկրագնդի պետությունների կողմից,  այնպես, ինչպես Արևելյան Թիմորը, Էրիտրեան կամ Հարավային Սուդանը, նաև` Կոսովոն, Աբխազիան և Օսիան։ Դրա համար անհրաժեշտ է Ընկերային պետություն, ուր ոչ թե մեկը հարստանա, վայելի կյանքը, իսկ մյուսը սահման պահի, այլ հավասար տնտեսական պայմաններ լինեն, ապա` մեծ հավատ սեփական ուժերի նկատմամբ,՝ ամուր կամք, ինքնորոշման գաղափարի հաղթանակի նկատմամբ հավատ և անխոնջ հետևողականություն այդ հաղթանակին հասնելու համար։ 

Բայց եթե հանենք պայմանական տառերը և տեղը իրական երկրների ու ժողովուրդների անուններ գրենք ու քննարկենք նրանց ձգտումները, ապա կեզրակացնենք, որ հայերն այն ժողովուրդը չեն, որ կարողանան աշխարհացունց փոփոխություններ անել, տարածաշրջանի քարտեզը փոխել և առաքելություն ունենալ` աշխարհին ստիպելով ճանաչել փոքր ժողովրդի անկախ լինելու իրավունքը։

Արցախի անկախությանը հետամուտ լինելու մեջ Հայաստանի համբերատարությունը նախ հերիքեց 10-12 տարի, մինչև այն պահը, երբ երկիրը ազատական փոփոխությունների հետևանքով խրվեց տնտեսական ճգնաժամերի մեջ, իշխանության հասած փոքր խմբակը` իր մերձավորներով ու հովանավորյալներով, հարստացասվ, և ստվար զանգվածը աղքատացավ, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այս բոլոր ձախողումները բարդեց ղարաբաղյան կարգավորման վրա և  ընդունեց ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը, որով անվտանգության գոտի համարվող տարածքները հանձնվում էին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում էր հետագա քննարկումներին։ Տեր-Պետրոսյանի խոսքերն են, որոնք մեջբերել է «Ալիքմեդիա»-ն. «Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել։ Չհասկանալ այս պարզ իրողությունը կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների»։ «Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը»։ Տերպետրոսյանական գիծն այն է որ միջազգային հանրության վերաբերմունքն առաջնային է Արցախի անկախության ձգտումից, և որ անհրաժեշտ է հարմարվել նրա լճացած վիճակին։ Ավելին` նա մեղադրում է հայկական կողմին` որպես նվաճող համեմատելով Քուվեյթ Իրաքի ներխուժման հետ։

Նրան տապալեցին, 1998 թվականին նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը սկսեց ոտքի կանգնել, 1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը` 22 տոկոս, 9 տարի անց` 2007-ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն` 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատությունը` մինչև 4 տոկոս, այսինքն` կրճատվեց մոտ 6 անգամ։ Լայնածավալ շինարարություն ընթացավ՝ կառուցվեցին աղետի գոտու ստվար մասը, Երևանի Դավթաշենի կամուրջը, Դիլիջանի թունելը, Հյուսիսային պողոտան, սովետից մնացած բազմաթիվ անավարտ շինություններ և այլն։

Բանակցային գործընթացը, ի վերջո, հանգեց Մադրիդյան սկզբունքներին, որը հիմնված էր նաև ինքնորոշման սկզբունքի վրա, որով անվտանգության գոտին տալու դիմաց Արցախը ստանում էր հանրաքվեով իր ապագան որոշելու իրավունք։ Հայկական կողմի հետևողականությունը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը, այս դեպքում` ի դեմս Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, ու նույնիսկ Ադրբեջանը ընկրկում են համառության ու հետևողականության առջև և ստանձնում այն գաղափարը, այս դեպքում` ինքնորոշման գաղափարը, որի տակ ստորագրել են բազմաթիվ միջազգային փաստաթղթերում։ 

Սակայն համբերատարությունը չհերիքեց. նախ` 2008-ին նախագահ դարձած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանում կրկին տնտեսությունն անկում ապրեց, 2009-ին Հայաստանն աշխարհում վերջից երկրորդն էր տնտեսական անկման ցուցանիշներով, արտագաղթը կրկին աճեց, և  2018-ին գունավոր հեղափոխությամբ իշխանության եկան Տեր-Պետրոսյանի գաղափարական հետևորդները, տապալեցին 20 տարիների բանակցային ձեռքբերումները ու աղետ բերեցին երկրի գլխին։ Ինչո՞ւ չկանգնեցրին Փաշինյանին,  հայկական ակտիվ հասարակությունը հոգնե՞լ էր ղարաբաղյան խնդրից։

Ինչևէ, Հայաստանը չկարողացավ ունենալ անհրաժեշտ հետևողականությունը` հասնելու համար հնարավոր այն «անհնարինին», որի մասին խոսում է ռուսաստանցի մտավորական Սերգեյ Կուրղինյանը։ Նա մեջբերում է Բիսմարկի խոսքը՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստն է, ապա քննարկում Բիսմարկի` Գերմանիան միավորելու գաղափարը` որպես անհնարինը. «Օտտո՛, ասում էին նրան, ի՞նչ նոր ռեյխ, ի՞նչ ուտոպիաներ ես երևակայում, Պրուսիան չի կարող ամբողջ Գերմանիան իրեն ենթարկել։ Բիսմարկը քմծիծաղով ցույց տվեց, որ նրանք ճիշտ չէին, քանի որ գերմանական ժողովրդի մեջ ինչ-որ սրբազան (սակրալ) խորքեր էին նրան հայտնի, որին մյուսները տեղյակ չէին,  և որ այդ աներևույթ ուժերը կգործեն և գերմանացիներին կմիավորեն»։

Կուրղինյանը ասում է. «Պատմության մեջ ամեն ինչ չէ, որ «հնարավորինով» է ընթանում, մեկ էլ անսպասելիորեն հանդես է գալիս «անհնարինը» , ինչպես Բլոկն է ասում` անհնարինը հնարավոր է դառ,նում։ Այդ ի՞նչ պահ է որ անհնարինը դառնում է հնարավոր»:

Կուրղինյանը մեջբերում է Դե Ունամունոյի խոսքը, որ` կա ներքին և արտաքին պատմություն, մենք ի՞նչ գիտենք, թե ինչպես է գնում այդ ներքին պատմությունը և ինչի կհանգեցնի այն. քաղաքական գործիչը տաղանդավոր է, եթե տեսնում է ժողովրդի ներսում թաքնված հնարավորությունները, և այն, ինչ անհնարին է համարվում, հնարավոր է դարձնում։

Կուրղինյանը, որպես անհնարինը հնարավոր դարձնելու օրինակ,  բերում է հրեաներին՝ հազարամյակներ շարունակ հավաքվում ու ասում էին` հաջորդ տարի` Երուսաղեմում, և մեկ էլ մի տարի հավաքվեցին Երուսաղեմում՝ ստեղծելով իրենց պետությունը, արեցին այդ անհնարին հնարավորը։

Ֆանտաստիկ է՝ ցեղասպանության ենթարկված, հազարամյակներով առանց պետության, մեկ էլ ստեղծում են պետություն բոլոր կողմերից թշնամացած միջավայրում։ Նա «անհնարինի» և «հնարավորի»  երկընտրանքը փոխարինում է «կյանքի» և «մահվան» եկընտրանքով, «մահը» ժամակակակից սպառողական հասարակությունն է, որի միակ նպատակը արտադրել ու սպառելն է, իսկ «կյանքը» վերանձնային առաքելություն իրականացնելն է։ Ապա քննադատում է Իսրայելի` սպառողական աշխարհին տրվելը, մահվան ճանապարհով գնալը և կիբուցների կոմունաների համայնավարական մոդելից հրաժարվելը։

Կուրղինյանը, ապա, «անհնարինի ու հնարավորի» խնդիրը ներկայացնում է հայերի օրինակով, որ Հայաստանը թշնամական միջավայրում կարող է ապրել` միայն անելով «անհնարինը», ներկա մանր, քաղքենի երկրի իրավիճակից գնալով մեծ սխրանքի։ Սակայն Հայաստանը գնում է մահվան ճանապարհով, որն արտահայտվում է  նաև նրա ձգտումով՝ մաս դառնալ այդ սպառողական աշխարհին, որն անցնում է երկիրը Թուրքիայի տակ փռելու ճանապարհով։

Կուրղինյանը ասում է. «Հայաստանը գտնվում է թուրք-ադրբեջանական և բրիտանական կոնսորցիումի իշխանության ներքո։ Հետևաբար` հայերը` ի դեմս Փաշինյանի, ընտրել են մահը. Հայաստանում կան մարդիկ, որոնք ցանկանում են ապրել Օսմանյան Թուրքիայում, ինչ է, թե իրենց օրվա հացը լինի: Այս խելագարության համար Հայաստանը թանկ է վճարում. կորցրեց Արցախը և հազարավոր հայրենասեր տղաների կյանքը ու հիմա գնում է դեպի մահը։ Մահվան ճանապարհից  հայերին և Հայաստանը այլևս դժվար է փրկել… Շատ ժողովուրդներ հասկացել են, որ գտնվում են վերացման եզրին, և չեն ուզել փրկվել։ Քի՞չ երկրներ են մահն ընտրել»։

Այսուհանդերձ, Կուրղինյանը հույսի մի փոքր շող է թողնում, այն, որ հունիսի 20-ի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, 20 տոկոսն ընտրել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ 

 

Վահան Իշխանյան